Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Զգուշավոր լավատեսությունը, կարծում եմ, ճիշտ բանաձևումն է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն այսպես է նկարագրում արդեն երկու ամիս իսրայելական հարվածների տակ ապրող լիբանանյան հանրության արձագանքը հրադադարի հաստատման պայմանավորվածությանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջնորդությամբ Իսրայելն ու «Հեզբոլա»-ն նոյեմբերի 27-ին համաձայնել են 60 օրով հրադադար հաստատել: Ըստ պայմանավորվածության, այդ 60 օրվա ընթացքում «Հեզբոլա»-ն պետք է դադարեցնի Լիբանանի հարավում իր ռազմական ներկայությունը, իսրայելական ուժերն էլ պետք է դուրս գան երկրից:
«Տեղահանվածների շատ արագ զանգվածային հոսք է դեպի երկրի հարավային հատված և դեպի Բեյրութի հարավային արվարձաններ, մարդիկ վերադառնում են իրենց տները: Նույնը չի գրանցվում իսրայելական հատվածում, այնտեղ դեռևս մարդիկ վստահ չեն, որ անվտանգ է երկրի հյուսիային հատվածը»,- նշում է Շահան Գանտահարյանը: Ընդգծում է, որ պաշտոնական տվյաներով,խոսքը մեկ միլիոնից ավելի փախստականների մասին է, նրանց մի մասը տեղահանումից հետո ապրում է պետության կողմից տրամադրված հասարակական կացարաններում, մի որոշ մասն էլ տեղափոխվել է Սիրիա:
Գանտահարյանից հետաքրքրվում ենք՝ որքանով են իրենց մշտական բնակության վայրեր շտապողները վստահ, որ հրադադարը կպահպանվի.«Պատերազմի օրերին էլ հարավից տեղահանված որոշ բնակիչներ հայտարարում էին, որ պատրաստ են առաջին իսկ համաձայնության դեպքում վերադառնալ իրենց բնակավայրերը: Սա, այսպես ասած, առաջադրանք էր նաև պետության կողմից և նաև խորհրդարանի նախագահը կոչ ուղղեց բոլորին` գնալ իրենց տները, անգամ եթե դրանք ավերակ են դարձել,միևնույն է, վերադառնալ, վերահաստատվել այնտեղ: Կարծում եմ՝ սա նաև որոշակի իմաստ ունի այն առումով,որ այդ մարդիկ գնան և շատ արագ շինարարական աշխատանքներ սկսվեն, գուցե նաև որոշ պետությունների օժանդակություն լինի, որպեսզի տեղահանվածներն անտուն չմնան: Շատ տներ քանդվել են,տարբեր գյուղերում, բնակավայրերում ենթադրվում են վերականգման լուրջ աշխատանքներ»:
Ըստ մեր զրուցակցի, թեև հրադադար հաստատելու մասին համաձայնության բովանդակությունը պաշտոնապես չի հրապարակվել, բայց ԶԼՄ-ները որոշ գաղտնազերծումներ արել են: Օրինակ, որ կողմերն իրենց իրավունք են վերապահում սահմանին խախտումների դեպքում ինքնապաշտպանվելու կամ որ Իսրայելը միջազգային ընտանիքի հատուկ թույլտվությունն է պահանջում ցանկացած պահի Լիբանանում ռազմական գործողություններ իրականացնելու, եթե նկատի, որ կա տեղաշարժ կամ սպառազինման որևէ նախադրյալ: Նաև, ըստ տարածված տեղեկությունների, ներառվել է կետ՝ ցամաքային սահմանազատման առնչությամբ:
Այնուամենայնիվ, ըստ նրա կա լավատեսություն, քանի որ այժմ իսրայելական կողմից չեն կրակոում ու չեն հրթիռակոծում, բայց կա նաև որոշակի մտավախություն, որ պայմանավորվածությունը կարող է խախտվել:
Ինչ վերաբերում է տեղի հայ համայնքին և ներսում տիրող տրամադրություններին,Գանտահարյանը նշեց. «Անգամ պատերազմի ամենաթեժ օրերին խուճապային տրամադրություն, երկիրը լքելու զանգվածային ցանկություն չկար. հայ համայնքում համեմատաբար ավելի լավատեսական մոտեցում է: Իհարկե, պատերազմի ընթացքում Լիբանանից ՀՀ տեղափոխվողներ եղել են, բայց հոսքը մեծ չի եղել, կարծում եմ երկիրը լքելու ցանկությունը հիմա ավելի կնվազի, եթե հրադադարը շարունակվի պահպանվել»:
Շահան Գանտահարյանը հայտնեց, որ հայ համայնքը փորձում է վերադառնալ կյանքի բնականոն հունին, առհասարակ ամբողջ Լիբանան է փորձում նախկին կյանք վերադառնալ. «Ուսումնական հաստատությունները փակվել էին, հատկապես ռազմական գոտիներին համեմատաբար մոտ տարածքներում, հիմա փուլ առ փուլ վերաբացվում են»:
Ինչ վերաբերում է պատերազմի հետևանքով Լիբանանի կրած մարդկային և տնտեսական կորուստներին, Գանտահարյանը նշեց, որ զոհերի թիվն անցնում է երեք հազարը. «Նյութական վնասի ամբողջական պաշտոնական գնահատականը դեռ չի տրվել, բայց, փաստ է, որ նյութական վնասը շատ մեծ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, մեծ ծավալի փլուզումներ կան, ավերածություններ, շատ շինություններ, թաղամասեր, գյուղեր ավերվել են , անգամ՝ հողին հավասարվել»: