Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Եթե Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն կամ իր մաս, ապա Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և համանախագահ երկիր, Պուտինի և նրա նախորդի՝ Մեդվեդևի առնվազն չորս հայտարարությամբ այն ճանաչել է ինքնորոշման իրավունքի սուբյեկտ՝ համաձայն Մադրիդյան սկզբունքների»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Լեռնային Ղարաբաղում, որովհետև ՀՀ-ն չի ճանաչել ԼՂ-ն՝ որպես անկախ պետություն՝ ասաց հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:
Աթանեսյանի խոսքով՝ ՌԴ-ն՝ որպես Մինսկի համանախագահ երկիր, պարտավորություն ուներ, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվեր բացառապես խաղաղ ճանապարհով և ԼՂ-ն պետք է ունենար ինքնորոշման իրավունք. «Նախատեսված էր, որ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, այնտեղ Հայաստանին հասցեագրված որևէ պարտավորություն չկար: Նախ ՌԴ-ն՝ որպես համանախագահ երկիր, չպետք է զիներ Ադրբեջանին, ինչը տեղի է ունեցել սկսած 2008-2009 թվականներից և տևել է մինչև 44-օրյա պատերազմը: Երկրորդը՝ Ռուսաստանը որպես տարածաշրջանին ամենամոտ կանգնած երկիր, բոլոր հնարավորություններն ուներ քաղաքական ու դիվանագիտական լծակներով կանխելու պատերազմի սկիզբը, բոլոր հնարավորություններն ուներ կասեցնելու պատերազմը՝ Ադրբեջանին պարտադրելով վերադառնալ խաղաղ բանակցային փուլ:
Այս քայլերը Ռուսաստանը չի կատարել, նա իրավիճակին միջամտել է կրիտիկական պահի, որպեսզի տարածաշրջան մտցնի իր խաղաղապահ ուժերը, հասել է դրան ու 2022 թվականի փետրվարի 22-ին, Ադրբեջանի հետ ստորագրելով ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր, քայլ առ քայլ ԼՂ-ն հանձնել է Ադրբեջանին: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ 1-օրյա ահաբեկչական պատերազմ, որի մասնակից կամ առնվազն լուռ դիտորդ է եղել ՌԴ խաղաղապահ զորախումբը, այստեղ որևէ մեկին մեղադրելու ու քննադատելու ոչ մի բարոյական ու իրավական հիմք ՌԴ-ն չունի: Այստեղ խոսում են փաստերը, ոչ թե մերկապարանոց հայտարարությունները, սա ամոթի խարան է ՌԴ-ի ճակատին»:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ՀՀ լարված հարաբերություններին՝ Աթանեսյանը նշեց. «ՀԱՊԿ՝ որպես այդպիսին գոյություն չունի, կա Ռուսաստան: ՀԱՊԿ-ի անդամ պետություններն Ադրբեջանի ռազմավարական գործընկերներն են, որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ օրինակ՝ Ղազախստանը զորք է ուղարկելու, որպեսզի Ադրբեջանի դեմ կռվի: Խնդիրը նրանում է, որ եթե Հայաստանը ԼՂ-ի տարածքում տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հետ իրավական առնչություն չունի, ապա իրավական առնչություն չունի նաև հետպատերազմյան իրավիճակի հետ: Մինչդեռ այսօր ՌԴ-ն Հայաստանին պարտադրում է, որ կատարի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը, այստեղ գործ ունենք անտրամաբանության հետ»:
Խոսելով նոյեմբերի 28-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի և Հայաստանի դրան չմասնակցելու որոշման մասին՝ Վահրամ Աթանեսյանն ասաց. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և այստեղ կա իրավական հանգամանք: ՀՀ օրենսդրությամբ վերազգային կազմակերպություններին անդամակցությունը կամ այդ կազմակերպություններին անդամակության դադարեցումը պետք է որոշվի հանրաքվեով: Ես չգիտեմ՝ հարցն ինչպես է լուծվելու, հնարավոր է, որ վաղը, եթե ՀԱՊԿ-ը ռեֆորմացիայի ենթարկվի կամ ընդլայնվի, գուցեև Հայաստանի պետական շահը թելադրի, որ վերականգնի իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, բայց հիմա իրավիճակն այն է, ինչ որ կա: Օրվա իշխանությունը կամ վաղը նրան փոխարինող իշխանությունը պետք է անցկացնի հանրաքվե, ՀՀ քաղաքացին կո՞ղմ է, որ ՀՀ-ն լինի ՀԱՊԿ անդամ, թե՞ ոչ, ինչպես կորոշի ժողովուրդը, իշխանությունը պարտավոր է հետևել ժողովրդին»:
Մեր զրուցակիցը խոսեց նաև ՀԱՊԿ անդամ երկրների մասին. «Այստեղ իրավիճակի գնահատման ինդիկատոր պետք է դիտարկել ռուս-ուկրաինական պատերազմը: ՀԱՊԿ-ի անդամ երկրներն էլ անհամբեր սպասում են, թե ինչպես է կարգավորվելու այդ հակամարտությունը, որից հետո նրանք արդեն սկզբունքային դիրքորոշում կարտահայտեն: Այսօր երկրները ՀԱՊԿ-ին անդամակցում են ոչ թե, որպեսզի պաշտպանված լինեն ինչ-որ արտաքին ագրեսիաներից, այլ որպեսզի չտրվեն Ռուսաստանի ագրեսիային: Այստեղ մեծ դեր ունի նաև 44-օրյա պատերազմին Ռուսաստանի վերաբերմունքը, փաստորեն ՌԴ-ն ՀԱՊԿ-ի անդամ, իր ռազմավարական գործընկեր Հայաստանին ոչ մի օգնություն չցուցաբերեց, ուրիշ երկրների համար դա ցավոտ օրինակ է, որից նրանք փորձում են հնարավորինս խուսափել: ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին Պուտինի ելույթը կոդավորված սպառնալիք էր ՀԱՊԿ անդամ երկրներին»:
Իսկ թե ի վերջո ՀՀ-ն կշարունակի մնալ ՀԱՊԿ անդամ, թե այնուամենայնիվ դուրս կգա կառույցից՝ Վահրամ Աթանեսյանն ասաց. «Ես կարծում եմ, որ պատերազմում Ռուսաստանի հաղթանակի դեպքում, ՀՀ-ն կշարունակի մնալ ՀԱՊԿ անդամ»: