Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ես կարծում եմ, որ այդ ամենի հիմքում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն են: Ընտրությունների ավարտից հետո ընդդիմությունը, այդ թվում՝ ընդդիմադիր այն չորս ուժերը, որոնք անցել էին Վրաստանի խորհրդարան, չճանաչեցին ընտրությունների արդյունքները և նրանք, վիճարկելով ընտրությունների արդյունքները, հետընտրական շարժում սկսեցին»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վրաստանում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Թորոսյանի խոսքով՝ հետընտրական այդ ցույցերը կառավարության կողմից ցրվեցին և ընդդիմությունը հայտնվեց դեպրեսիվ վիճակի մեջ. «Նրանք, ըստ երևույթին, բարոյական առումով էական աջակցություն ստացան Արևմուտքից, ԵՄ-ից, երբ եվրոպական գործընկերները հայտարարեցին, որ իրենք ևս չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և կոչ արեցին մեկ տարվա ընթացքում գնալ արտահերթ ընտրությունների: Այստեղ պարզ է, որ այդ հայտարարությունից հետո եվրոկառույցները պետք է դադարեցնեին Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը: Կարծում եմ, որ Իրակլի Կոբախիձեն ուղղակի առաջ ընկավ և հայտարարեց, որ մինչև 2028 թվականն իրենք դադարեցնում են եվրաինտեգրման բանակցությունները, հրաժարվում են բոլոր դրամաշնորհներից և այլն: Իրենք, առաջ ընկնելով, դա արեցին, որ չստացվի, թե Եվրոպան է դադարեցնում գործընկերությունը»:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այն հայտարարությունից հետո, թե Թբիլիսին մինչև 2028 թվականը Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններին չի մասնակցի, երկրում սկսվեցին անհնազանդության ակցիաներ, շրջափակվեցին մի շարք փողոցներ, կառավարության շենքը, ձերբակալվեցին ցուցարարներ:
Վրաստանի գործող իշխանությունը՝ ըստ Թորոսյանի, այլ կերպ է մեկնաբանում եվրաինտեգրման հետ կապված Վրաստանի դիրքորոշումը. «Պարզից էլ պարզ է, որ նրանք նաև նախընտրական քարոզարշավի շրջանակներում միշտ խոսում էին, որ իրենց առաջնահերթ խնդիրը եվրաինտեգրումն է, բայց իրենք չեն պատկերացնում այսօրվա Եվրոպայի մոտեցումների շրջանակներում եվրաինտեգրումը, իրենք այդպես էին անընդհատ խոսում և մեղադրում էին Արևմուտքին, որ Արևմուտքն ուզում է Վրաստանին պատերազմի մեջ ներքաշել ընդդեմ Ռուսաստանի: Ըստ երևույթին, նրանք այդ խոսույթով կարողացան վրացական հանրությանը, որը սկզբունքորեն արևմտամետ էր, ասել, որ իրենք այսպիսի Արևմուտք չեն ուզում, որն իրենց ուզում է ներքաշել կործանարար պատերազմի մեջ, իրենք կարողացան այդպես ընտրությունները շահել, այս գործոնն աշխատեց: Սակայն, երբ արդեն Արևմուտքը մեծ ծավալով մտավ հետընտրական գործընթացի մեջ՝ հայտարարելով, որ չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները, արդեն պարզից էլ պարզ էր, որ Վրաստանի գործող իշխանությունը պետք է Արևմուտքից որևէ ակնկալիք չունենա և իրենք առաջանցիկ դա արեցին»:
Մեր այն հարցին, թե հնարավոր է այդ զանգվածային ցույցերը վերածվեն քաղաքացիական պատերազմի՝ ՔՊ խմբակցության պատգամավորը նշեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, հնարավոր է, որ իշխանությունները հաղթահարեն ընդդիմության այս ցույցերը և իրավիճակը կայունանա, հնարավոր է ընդդիմությունը երկարատև գործընթացը շարունակի, հաջողություններ արձանագրի, հնարավոր է, որ կոշտ ուժ կիրառվի, ամեն ինչ էլ հնարավոր է, այս պահին որևէ կոնկրետ կանխատեսում չեմ կարող անել, որովհետև կոնկրետ ինչ-որ շոշափելի գործոն չկա, որի վրա հենվենք և ասենք, որ այսինչ տարբերակն ավելի հավանական է, քան՝ մյուսը»:
Անդրադառնալով նաև այս ամենի ֆոնին ԱՄՆ-ի այն հայտարարությանը, թե դադարեցնում է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ՝ Շիրակ Թորոսյանն ասաց. «ԱՄՆ-ի այդ հայտարարությանը Վրաստանի իշխանությունը պատասխանեց շատ հստակ, որ իրենք կխոսեն հունվարի 20-ից հետո, այսինքն՝ կխոսեն ԱՄՆ նոր ձևավորվող վարչակազմի հետ՝ հույս ունենալով, որ Թրամփի վարչակազմի հետ իրենց երկխոսությունն ավելի հաջողված կլինի: Քանի դեռ Թրամփն ինքն անձամբ կամ իր այսօրվա թիմից որևէ մեկը որևէ կերպ չի մեկնաբանել հետընտրական իրողությունները, պետք է սպասենք, Թրամփի երդմնակալության արարողությունից հետո պետք է դիտարկել ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերությունները»:
Հայ հանրության մեջ շատ են խոսակցությունները, թե ՀՀ-ն էլ է գնում եվրաինտեգրման ճանապարհով: Շիրակ Թորոսյանի խոսքով՝ պետք չէ Հայաստանի և Վրաստանի օրինակները համեմատել. «Մենք չենք կարող այդ զուգահեռն անցկացնել, որովհետև Վրաստանի գործող իշխանությունը, լինելով եվրաինտեգրման ջատագով, հետ է կանգնում իր ընտրած քաղաքականությունից և ուրիշ ճանապարհով է գնում: Մենք ունենք մեր ուրույն ճանապարհը, որի կոմպոնենտներից մեկը նաև մերձենալն է ԵՄ-ին: Այստեղ չենք կարող համեմատել նաև, որովհետև Վրաստանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ է ստացել մեկ տարի առաջ: Մենք շատ հեռու ենք և նման սցենարներ մեզ մոտ չեն կարող լինել, մենք դեռ նոր բանակցություններ ենք վարում վիզայի ազատականացման շուրջ, և մենք միշտ ասում ենք, որ կմերձենանք Եվրոպային այնքան, ինչքան իրենք կկամենան: Մենք ամենևին դեմ չենք հնարավորինս մերձենալ և ինտեգրվել ԵՄ-ին, ինչու ոչ եթե հետագայում հնարավոր լինի անգամ քննարկել անդամակցության հարցը, սակայն դա դեռ հեռու է»: