Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մենք պետական բյուջեն քննարկելիս պետք է ևս մեկ անգամ արձանագրենք, որ բյուջեն պետականության, ինքնիշխանության շատ կարևոր հատկանիշ է»,- ԱԺ նիստի եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը համեմատություն անցկացրեց՝ նշելով. «Կառավարությունը բաղկացած է 14 անդամից, ինչով են այդ 14 անդամները տարբերվում ՀՀ քաղաքացի հանդիսացող ուրիշ ցանկացած 14 հոգուց, որովհետև կարելի է տասնյակ-հազարավոր 14-հոգանոց ցուցակ կազմել: Կառավարությունը մյուս 14 հոգիներից տարբերվում է միայն մի բանով, որ այդ 14 հոգին կառավարում են երկրում ամենամեծ ֆինանսական ռեսուրսները և ամենամեծ ֆինանսական միջոցը, որը ՀՀ պետական բյուջեն է: Ես կուզենայի, որ մենք պետական բյուջեին հենց այս տրամաբանությամբ նայենք: Պետություն, պետականություն, անկախություն, ինքնիշխանություն ասելով՝ առաջիններից մեկը պետք է հասկանալ պետական բյուջե, բայց նաև պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մասն է»:
Վարչապետն ընդգծեց, որ ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մասն է. «ՀՀ-ում չկա նույնիսկ մի մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ քաղաքացի և բնակվող, այլև ՀՀ քաղաքացի չհանդիսացող և ՀՀ-ում բնակվող գեթ մի մարդ չկա, ում անձնական կարիքները հոգալու համար ՀՀ պետական բյուջեից չի ծախսվում կոնկրետ գումար: ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մասն է և հետևաբար մենք բոլորս պետք է այս ընկալումն ավելի խորացնենք, որ ՀՀ պետական բյուջեն նաև մյուս կողմից մեր բոլորիս հավաքական, ընտանեկան բյուջեն է»: