Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այս հայտարարությունն ակնհայտ է դարձնում ընդհանրապես ընդհանուր իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ԼՂ-ի և ՀԱՊԿ-ի հետ կապված վերջին հայտարարությանը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է, որ ՀՀ-ի նկատմամբ 2021-22 թվականին եղել են տարածքային ոտնձգություններ, ագրեսիա է եղել Հայաստանի նկատմամբ. «Երբ մենք տեսել ենք, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ, առաջին հերթին այդ հարցը քննարկել ենք մեր դաշնակիցների հետ և ստացել ենք պատասխան՝ ինչ եք ասում, նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետև ՀՀ սահմանները մեզ համար կարմիր գիծ են: Երբ ոտնձգությունը տեղի է ունեցել, մենք ասել ենք ՝ հարգելի գործընկերներ, այն կարմիր գիծը, որ դուք ասում էիք՝ հատված է, որից հետո իրենք ասել են, ոնց որ թե սահմանը դելիմիտացված չի: Այդտեղ մենք ասել ենք՝ այդ դեպքում, որն է այն կարմիր գիծը, որի մասին դուք ասում էիք, մեզ ցույց տվեք այդ կարմիր գիծը, որպեսզի մենք կարողանանաք մեր հարաբերությունները հասկանալ ՀԱՊԿ-ի հետ: Ասել ենք՝ ցույց տվեք ՀՀ-ում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, իրենք մեզ դա ցույց չեն տվել: Եթե ՀՀ-ում ՀԱՊԿ-ը չունի պատասխանատվության գոտի, այդ գիծը չի կարող ցույց տալ, ուրեմն փաստացի որպես կազմակերպություն գոյություն չունի: Դա է եղել պատճառը, որ 2022 թվականի աշնանը երևանյան գագաթնաժողովում չեմ ստորագրել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը, այստեղ Ղարաբաղի հետ կապված իրավիճակն ընդհանրապես կապ չունի: Մեր մասնակցությունը սառեցնելու համատեքստում Ղարաբաղի թեման ընդհանրապես չենք շոշափել»:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի աշխատանքներին չմասնակցելու հարցին՝ Փաշինյանն ասաց. «Մենք ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներում, որը նշանակում է, որ մենք չենք մասնակցում ո՛չ փաստաթղթի մշակման, ո՛չ քննարկման, ո՛չ առաջարկ ենք տալիս, ո՛չ առաջարկի նկատմամբ վերաբերմունք ենք արտահայտում, մենք վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա: Մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս և իրենք ինչ ուզում են թող որոշեն: Այս իրադրությունների տարբերությունը և դրա արդեն հրապարակային փոխադարձ արտահայտումն ավելի ու ավելի դժվար, եթե չասենք՝ անհնար է դարձնում ՀՀ-ի վերադարձը ՀԱՊԿ, մենք այդտեղ անդառնալիության կետն անցել ենք»: