Նրանց ճամպրուկները նորից չհավաքվեցին, այլ խորը թաքցվեցին․ հեռավոր գյուղեր մեկնած ուսուցիչներից ոմանք մնացին այնտեղ ապրելու

2015թ․-ից Հայաստանում մեկնարկել է ծրագիր, որով, թերևս, քայլ է արվել լուծելու կարևոր խնդիր՝ հեռավոր ,այդ թվում սահմանամերձ գյուղերում ուսուցիչների պակասը։ «Դասավանդիր Հայաստան» կրթական ծրագիրը հաջողել է։Դրա վկայությունը արվածի արդյունքն է․ 195 ուսուցիչ ավարտել է իր առաքելությունը՝ երկու տարի դասավանդելով տարբեր համայքներում, 165  ուսուցիչ էլ այս պահին   համայնքներում է։ 

«Դասավանդիր Հայաստան»-ի  առաքելությունն է ընդլայնել  երկրի բոլոր երեխաների կրթական հնարավորությունները    հանուն Հայաստանի․ 

«Մենք ձգտում ենք ունենալ այնպիսի Հայաստան,որտեղ յուրաքանչյուր երեխա՝ անկախ սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հնարավորություն կունենա բացահայտելու իր ողջ ներուժը գերազանց կրթության միջոցով»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է ծրագրի հավաքագրման բաժնի ղեկավար Սամվել Վանյանը։ Ներկայումս ծրագրում ներառված են Հայաստանի բոլոր մարզերը՝ բացառությամբ Վայոց ձորի։ Այն գործում է նաև Արցախում։

«Վայոց ձորը պլանավորում ենք հաջորդ տարի ներառել ծրագրում։ 2022 թվականին ամբողջ Հայաստանի տարածքում կունենանք ուսուցիչ-առաջնորդներ։Հիմնականում համագործակցում ենք ԿԳՄՍ-ի հետ։ Այսօր Հայաստանում բնագիտամաթեմատիկական առարկաների՝ մաթեմատիկայի, քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի ուսուցիչների պակաս կա։ Մենք փորձում ենք գտնել այդ մասնագետներին ու ուղարկել այն համայնքներ, որտեղ նրանց կարիքն ունեն »,- հայտնում է Սամվել Վանյանը։

Նշենք, որ ԿԳՄՍ տվյալներով՝ 2020 թվականի դրությամբ հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության պատճառով։  Հաշվառվել է 18 չդասավանդվող առարկա, իսկ նախնական հաշվարկով կա  շուրջ 695 ուսուցչի կարիք։

Նախորդ տարի մոտ 1600 մարդ դիմել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրին։ Ծրագրի վերջնական փուլը հաղթահարել է մոտ 120 մասնագետ։ Ուսուցիչ-առաջնորդների ընտրությունը բաղկացած է մի քանի փուլից։ Ուսուցիչների առաջնորդության ակադեմիայում վերապատրաստումից հետո նրանք մեկնում են Հայաստանի ու Արցախի գյուղեր։ Ծրագրի տևողությունը երկու տարի է։

Ծրագրի հավաքագրման բաժնի ղեկավարի խոսքով՝ համայնքներից դեպի մեծ քաղաքներ տեղափոխվելու միտումները գնալով ավելի ծավալային է դառնում։ Ըստ նրա՝ դա կապված է համայնքում որակյալ կյանք կազմակերպելու հնարավորությունների սակավության հետ․ «Հավանաբար իրենց պատկերացումներին ու երազանքներին համապատասխան կյանքը չեն կարողանում կազմակերպել և ձգտում են դեպի քաղաքներ։ Շատ են դեպքերը, երբ մարդիկ սեփական կյանքը կազմակերպելու և դրա որակը բարձրացնելու համար, համայնքներից գալով քաղաք ու ստանալով բավարար հնարավորություններ ու ունակություններ՝ գիտելիք և փորձ ձեռք բերելով,  հետ են վերադառնում իրենց համայնք։ Մենք փորձում ենք  համայնքներում որակյալ կրթությունը հասանելի դարձնել, որպեսզի համայնքի բնակիչները դեռ վաղ տարիքից սովորեն իրենց միջավայրում  կյանքը փոխել՝ լինել ստեղծող, ոչ թե ակնկալող»։

Սրան զուգահեռ կա այլ իրականություն։ Շատ  երիտասարդներ  քաղաքից գնում են սահմանամերձ գյուղեր՝ ապրելու և դասավանդելու։ 

«Տարբեր են քաղաքից գյուղ մեկնելու պատճառները։ Շատերը գյուղեր են մեկնում հայրենասիրական մղումներից ելնելով։ Կա նաև համայնքային կյանքը որակյալ դարձնելու  և առկա բացը լրացնելու գործին մաս դառնալու մղումը։ Երիտասարդները այսկերպ երբեմն փորձում են մարտահրավեր նետել բոլորովին նոր միջավայրում սեփական հնարավորությունները բացահայտելու ու դրսևորելու համար»։

Ըստ նրա՝  ծրագրի խնդիրն է ոչ միայն գտնել այն մարդկանց, ովքեր կարող են դասավանդել այս կամ այն առարկան, այլ նաև նրանց, ովքեր կարող են առաջնորդ դառնալ՝ երեխաների համար դառնալ այն կերպարը, ով իր օրինակով ցույց է տալիս և ապացուցում է, որը մարդը կարող է ունենալ ներուժ ու հնարավորություն, որով այդ համայնքը կարող է դառնալ շատ ավելի լավը։

Մարիամ Գրիգորյանը Սյունիքից  մեկնել է Տավուշ՝ դասավանդելու։ Դեմ չէր լինել սահմանապահ գյուղում։ Նրան չէին վախեցնի թշնամու կրակոցների ձայները, նա պատրաստ էր այդ ամենին։  

«Գնացի Չինարի՝ որպես կենսաբանության ուսուցչուհի։ Շատ սիրեցի գյուղը և երեխաներին, սիրեցի Չինարիի պարզությունն ու մաքրությունը»,-ասում է Մարիամը։

Երեք տարի է Չինարիում է։Ծրագիրն ավարտվել է, բայց Մարիամը մնացել է գյուղում։

«Ամենասկզբում մտավախություն ունեի՝ արդյոք երեխաները առարկան ու ինձ կսիրե՞ն։ Բայց դա միայն մտավախություն էր, երեխաները շատ սիրով ընդունեցին ինձ»,-պատմում է նա։

Սահմանային լարված պահերն էլ երբեք չեն ստիպել, որ զղջա իր որոշման համար։Ասում է՝ ճամպրուկներն ավելի խորն է թաքցրել։ Մինչև կյանքի վերջ պատրաստ է  մնալ Չինարիում․Չինարին նաև իրենն է։

«Եթե աշակերտներս այստեղ են ապրում, ես էլ կապրեմ։ Եթե այստեղ մարդիկ ստեղծում են ու արարում, շարունակում են ապրել, ուրեմն ես նրանցից մեկն եմ»,-նշում է նա։

Մարիամն ասում է, որ իր համար շարժիչ ուժ  է եղել հայրենիքի համար որևէ լավ բան անելը․ «Ինձ համար մոտիվացիա է եղել գնալ որևէ գյուղ և ուսուցչի աշխատանքով զբաղվել»։

Մարիամի խոսքով՝  գյուղում բոլորը լավ են ընդունել իրեն, միշտ օգնել են և շարունակում են օգնել․«Հաճախ հաց թխելիս հյուրասիրում են։Դիմացի հարևան Լուսիկ տատիկն էլ ինձ բերք ու բարիք է նվիրում»։

Արմինե Աթոյանը այս տարվա սեպտեմբերին Հրազդանից մեկնեց Սյունիքի մարզի Շվանիձոր՝ կենաբանություն դասավանդելու։

«Ոչ ճանապարհը գիտեի, ոչ էլ գյուղից որևէ մեկին։Բայց երբ եկա գյուղ, ինձ բոլորը շատ լավ ընդունեցին՝ ժպիտով ու շատ դրական։ Ես էի ընտրել Սյունիքի մարզը, բայց չէի պատկերացնում, որ հենց այստեղ կաշխատեմ։ Երևի ճակատագիրն ավելի ճիշտ որոշեց, քան ես կպատկերացնեի»,- ասում է  Արմինեն։

«Երբ մտա դպրոց, ուսուցիչներն էլ շատ ուրախ ու լավ տրամադրությամբ ընդունեցին ինձ։ Երեխաները ևս շատ էին ոգևորվել․ տանում գյուղի տարբեր տեսարժան վայրերն էին ցույց տալիս։ Հոգեբանական առումով ինձ հեշտ ընկալեցին և´ մեծերը, և´ աշակերտներս»,- պատմում է նա։

Արմինեն պատերազմից հետո կամավորական հիմունքներով շաբաթ և կիրակի օրերին մեկնել է Տավուշի մարզ՝ Չինարի և Այգեձոր գյուղեր՝ ասեղնագործություն դասավանդելու։

«Որոշեցի ինչ-որ ժամանակ ինձ նվիրել սահմանամերձ գյուղերին։  Չնայած աշխատում էի, պետական աշխատանք ունեի, որոշեցի նպատակս իրականացնել ինչ-որ ձևով և միացա «Դասավանդիր Հայաստանին»։

Արմինե Աթոյանը ժողովրդական վարպետ է ասեղնագործության բնագավառում։ Հիմնական առարկային զուգահեռ բացել է նաև ասեղնագործության խմբակ։

«Սիրով գնում եմ դպրոց և ասեղնագործության դասերին։ Ուզում  եմ դեկտեմբերից գյուղի կանանց ևս սովորեցնել ասեղնագործություն՝ Արևմտյան Հայաստանի կարերը»,- պատմում է նա։

Արմինեն ասում է՝ չի զղջում որոշման համար և իր հնարավորությունների սահմանում կփորձի օգնել Շվանիձորի բնակիչներին։

 

Վարսիկ Սիմոնյան
 

19 Նոյեմբեր, 2021 17:47
Վեր