Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի “MWC Barcelona 2022” ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 2022թ․փետրվարի 28-ից մարտի 3-ը կայանալիք “MWC Barcelona 2022” ցուցահանդեսի մասին:

Միջոցառումը նախատեսված է հեռահաղորդակցության էկոհամակարգերի, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերությունների և ոլորտը համակարգողների համար:

“MWC Barcelona 2022” ցուցահանդեսին ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ “ARMENIA” միասնական տաղավարի ներքո և լավագույնս ներկայացնել իրենց արտադրանքն այս հեղինակավոր հարթակում։

Հայտ ներկայացրած ընկերությունների ընտրությունը կկատարվի անկախ հանձնաժողովի կողմից:

Մասնակցության հայտը կարող եք լրացնել մինչև 03.12.2021թ հետևյալ հղումով՝ հայտ:

“MWC Barcelona 2022” ցուցահանդեսն անցկացվում է GSMA գագաթնաժողովի շրջանակում, որը կապի ոլորտում աշխարհի ամենաազդեցիկ իրադարձություններից է: Այս հեղինակավոր հարթակում հանդիպում են համաշխարհային առաջատար ընկերությունների և պետական կառույցների ներկայացուցիչները՝ քննարկելու կապի ոլորտի առաջընթացը և գտնելու ապագայի վերաբերյալ լավագույն լուծումները:

20 Նոյեմբեր, 2021 14:04
Վեր