«Հայրս միայն մի բառ ասեց՝ տունս քանդվեց, ու չանցած մի քանի ժամ Արգամին բերեցին»․ 18-ամյա Մերին ասում է՝ եղբոր կորստից մեծ ցավ չկա

«Եղբայրս պատերազմի ժամանակ կռվել է ամենաթեժ կետերում՝ Կարմիր Շուկա, Հադրութ, Ջրական, Կուբաթլու, բայց մեզ երբեք չի ասել, միշտ ասել է՝ լավ եմ, հանգստացրել ա»,- MediaLab.am-ին պատմել է  18-ամյա Մերի Սելիմյանը ու հուզվում, որ այլևս 19-ամյա եղբորը տեսնելու և գրկելու հնարավորություն չունի։

Մերին ու եղբայրը՝ Արգամ Սելիմյանը, միասին նույն մանկապարտեզն են հաճախել, նույն դասարանում սովորել։ Գրեթե հասակակից քույր և եղբայրը շատ կապված են եղել։ Եղբոր զոհվելու հետ Մերին համակերպվել չի կարողանում։ Հոկտեմբերի 30-ից հետո, ասում է, որ աշխարհը մթնել է իր համար։ «Եղբայր կորցնելուց մեծ ցավ, կարծում եմ՝ չկա։ Ցավի հետ ապրում եմ, բայց հաղթահարել չեմ կարող»։

Արգամ Սելիմյանը ժամկետային զինծառայող է եղել, բանակ է զորակոչվել 2020-ի հուլիսի 16-ին։

Քույրն ասում է՝ եղբոր ընկերներն ու հրամանատարը պատմում են, որ Արգամը պատերազմի ժամանակ չորս անգամ հակառակորդի շրջափակման մեջ է հայտնվել ու կարողացել ընկերներին փրկել՝ շրջակակումից դուրս բերելով և՛ զորքը, և՛ զինտեխնիկան։

Մերին ասում է՝ եղբայրը սիրում էր երգել, բայց ոչ ոք չգիտեր այդ մասին, առաջին անգամ եղբայրը երգել է կռվի դաշտում՝ շրջափակումից դուրս գալուց հետո։

«Շատ ծանր վիճակ ա եղել, ու Արգամս ա մեքենայով շրջափակումից հանել։ Ոչ ոք չէր մտածում, որ շրջափակումից կարող են դուրս գալ, Արգամս հանել ա ու էնքան արագ ա քշել ու նենց տեղերով, հրամանատարն ասում ա՝ ոչ ոք նույնիսկ չէր կարող այդ մասով քայլել։ Ու արագ քշելով՝ թշնամին չի կարողացել թիրախավորել։ էդ լարված օրվանից Արգամը դաշտում նստած քթի տակ սկսել ա երգել, հրամանատարը խնդրել ա՝ բարձրաձայն երգել, սկզբում չի համաձայնվել, հետո սկսել ա երգել։

Երգել ա հայրենիքի ու մոր մասին։ Զանգեց ասեց՝ տեղս ապահով ա, հաշվեք՝ կռիվը վերջացրել եմ, էնքան հույս տվեց ինձ։ Մենք արդեն մտածեցինք՝ վերջ, Արգամս արդեն կռվից պրծել ա, պապայի հետ խոսաց, մամայի հետ, ասում էր՝ սաղ լավ ա»,- հուզվում է քույրը։

Մերին ասում է՝ նույն օրը՝ հոկտեմբերի 29-ին՝ երեկոյան ժամը 6-ի հատվածում, եղբայրը վերջին անգամ իր հետ է խոսել, խնդրել, որ հայրենասիրական երգեր ուղարկի։

«Ասեց՝ պիտի երգեմ, բառերը SMS արա։ Հետո ասեց՝ Մե՛ր, գիտե՞ս՝ նամակդ մոտս ա… Ես իրան մինչև պատերազմ գնալը նամակ էի գրել ու խնդրել, որ շուտ վերադառնա, որովհետև իրեն շատ եմ սիրում ու կարոտում։ Նամակում հումորով գրել էի՝ արի, որ էլի քո սիրած սուրճը դնեմ՝ աղով… Ինքն էդ բառերը շատ էր հավանել, որովհետև մենակ ինքն էր հասկանում՝ ինչ պատմություն կա էդ բառերի մեջ։ 

Ինքը շատ էր սիրում սուրճ խմել, որ սուրճ էր ուզում, մի անգամ հոգու հետ խաղալու համար աղ լցրեցի ու տվեցի, ինքը խմեց, ես ուրախացա, ժպտացի, ինքը որոշեց՝ ամբողջ բաժակը խմել, որ ես ժպտամ։ էդպես էդ օրը վերջին անգամ որ զանգեց, ասեց՝ գիտե՞ս, չէ, Մե՛ր, ինձնից լավ եմ նայում նամակդ… Ասեցի՝ ո՞նց, Արգա՛մ, կռվի դա՞շտ ես տարել, ասեց՝ հա, ոնց չգիտեիր, հետ եմ բերելու, ասել եմ, չէ՞։

Որ ինքը էս նամակը առաջին անգամ կարդացել էր, ասում էր՝ Մե՛ր, խոսք եմ տալիս՝ էս նամակը հետ եմ բերելու, կողքս կանգնելու ես կարդաս, ու եթե աչքերիցդ արցունք գնաց, սպանելու եմ, որովհետև էս ի՛նչ նամակ ես գրես, բանակ տեղ ախպորը սենց նամա՞կ կգրեն… Պահում էր՝ բերեր, կողքը կանգնեի ու կարդայի առանց լացելու… Ասում էր՝ ամեն օր կարդում եմ, ձեռագրիցդ քո, ձեր կարոտն եմ առնում»,- պատմում է քույրը ու կրկին հուզվում։

Մերի Սելիմյանը եղբոր հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Մերին ասում է՝ եղբոր հետ զրույցից հետո մի քանի ժամ անց նա զոհվել է՝ չհասցնելով կարդալ իր նամակը։

«Եղբայրս զոհվում ա ու չի հասցնում նամակիս պատասխանի, երգի բառերը կարդա ու երգի»։

Արգամ Սելիմյանը զոհվել է հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայի մատույցներում՝ Շեխերի հատվածում։

Մերին ասում է՝ այդ օրը չեն իմացել դեպքի մասին, հոկտեմբերի 30-ին հարազատները տեղեկանում են, հաջորդ օրը հայտնում իրենց։

«Հորեղբորս ընտանիքը որոշում ա գնալ Գորիս, համոզվել, որ Արգամն ա, հետո նոր մեզ տեղյակ պահել։ Առավոտյան ժամը 6-ին գալիս են ու ասում, որ զոհվել ա… Ես արթնացա ծնողներիս լացի ձայնից։

Դուրս եկա, որ մամայիս ու պապայիս տենց տեսա ու լիքը մարդ, մոտեցա հորաքրոջս, ասեցի՝ Արգամս զանգե՞լ ա, ասեց՝ վիրավոր ա, բայց, դե, հասկացա, որ վիրավոր չի։ Ու երևի բառերով նկարագրելն անհնար ա, թե ինչ ա կատարվում էդ ամեն ինչից հետո, երբ իմանում ես, որ եղբայրդ էլ չկա։ Երբ մեքենաները առավոտյան տուն էին մտնում, հայրս միայն մի բառ էր ասում՝ տունս քանդվեց, ու չանցած մի քանի ժամ Արգամին բերեցին»,- ասում է պատմում է քույրը ու կրկին հուզվում։

Մերին ասում է, որ չէր կարողանում հավատալ, որ եղբայրն այլևս չկա։ 

«Նույնիսկ որ Արգամիս բերել էին, դեմքը բաց էր, տատիկս անընդհատ ասում էր՝ սիրեք Արգամիս, պահեք, նայեք, խոսացեք հետը, որ հետո էլ մեր հետ չի լինելու… Նույնիսկ էդ ժամանակ չէի պատկերացնում էդ խոսքերի լրջությունը, ասում էի՝ ի՞նչ են ասում, Արգամիս զինվորական շորերը գրկել էի ու ուղղակի հոտ էի քաշում»։

Քույրն ասում է՝ եղբայրը ապագայի պլաններ էր կազմում, ասում էր, որ բանակից վերադառնա, կսովորի, շատ էր սիրում մեքենաներ, վերանորոգում էր, ճամփորդում։

Քրոջ խոսքով՝ Արգամը շատ հոգատար էր ու ուշադիր, հիշում է՝ վերջին զանգի օրը, երբ կորոնավիրուսի պատճառով միջոցառում չէր կարող լինել, եղբայրը անակնկալով ուրախացրել էր քրոջը։

«Կյանքում չեմ մոռանա մի դրվագ. ես հուզված էի թե՛ նրա համար, որ վերջին զանգ չի լինելու, թե՛ նրա համար, որ ավարտում ենք, ամեն ինչ խառնվել էր մեջս: Եղբայրս մեծ ծաղկեփունջ վերցրած՝ եկավ, գրկեց, արցունքներս մաքրեց, որ ոչ ոք չնկատի, ասեց՝ Մե՛ր ջան, ոչինչ, չլացես, թող մեր կյանքի ամենավատ օրն էս լինի, ու շատ ամուր գրկեց։ Շատ կուզեմ, որ էդ պահը կրկնվեր, ու մեր կյանքի ամենավատ օրը դա լիներ»։

Մերին ասում է, որ երկու կյանքով է ապրում՝ իր և եղբոր։ Ասում է, որ փորձում է ուսում ստանալ, կյանքում կայանալ, որ եղբայրը տեսնի ու հպարտանա իրենով, ինչպես ինքն է հպարտանում իր եղբորով։

«Ես իմ կյանքը իրան եմ նվիրել ու նվիրելու եմ, հայրս հուշաղբյուրներ ա պատրաստում, ես գիրք եմ գրել, միջոցառումներ եմ ուզում կազմակերպել։ Ցավի բարձրագույն աստիճանն էր, որ բաժին հասավ ինձ, իմ ազգին»,- ասում է Մերին ու կրկին հուզվում։

20 Նոյեմբեր, 2021 15:36
Վեր