Ի՞նչ ուտել և ինչպե՞ս ուտել. տոնական սեղանի ավանդական ուտեստների ու դրանց հետևանքների մասին խոսում են խոհարարն ու սննդաբանը Zarkerak - Ի՞նչ ուտել և ինչպե՞ս ուտել. տոնական սեղանի ավանդական ուտեստների ու դրանց հետևանքների մասին խոսում են խոհարարն ու սննդաբանը
Zarkerak Zarkerak - Ի՞նչ ուտել և ինչպե՞ս ուտել. տոնական սեղանի ավանդական ուտեստների ու դրանց հետևանքների մասին խոսում են խոհարարն ու սննդաբանը
Ի՞նչ ուտել և ինչպե՞ս ուտել. տոնական սեղանի ավանդական ուտեստների ու դրանց հետևանքների մասին խոսում են խոհարարն ու սննդաբանը

Ի՞նչ ուտել և ինչպե՞ս ուտել. տոնական սեղանի ավանդական ուտեստների ու դրանց հետևանքների մասին խոսում են խոհարարն ու սննդաբանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Տոնածիսական կերակրատեսակների մեր համակարգում բոլորը գաղափարաբանական են՝ կերակրատեսակներ- աղոթքներ,  կերակրատեսակներ-սպասելիքներ և  ցանկություններ՝ առ Բարձրյալը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ, խոհարար Սեդրակ Մամուլյանը՝ մի քանի խորհուրդներ տալով, թե ինչ է ցանկալի ունենալ նոր տարվա տոնական  սեղանին: 

Սեդրակ Մամուլյան

«Ծիսական կերակուրներից Ամանորին ամենահամապատասխանը Նավասարդի ծիսական  հարիսան է՝ բաղկացած մսից և ձավարից, կարող է լինել  տավարի, գառի, հավի միս:

1:5-ի հարաբերակցությամբ՝ 1 բաժին մթերք, 5 բաժին ջուրը  դնում ենք կրակի վրա, մարմանդ կրակով եփում և դնում սեղանին: Ամենակարևորը՝ չենք խառնում, որպեսզի գալիք տարում պատերազմներ չլինեն,  աշխարհը խառնակ չլինի» : 

Անդրադառնալով հայկական  տոնական օրերին պատրաստվող  խոզի բդին՝ Մամուլյանը նշում է.«Խոզի բուդն անցած դարի 70-ականներից սկսած է հայտնվել սեղաններին,  երբ  մանրեղջերավորների գլխաքանակը պետականորեն իջեցրին, ոչխարի մսից  համարյա ամբողջությամբ անցանք խոզի մսի ու դրա խորովածի: Նախկինում ուտեստները և խորովածը միայն գառան և այծի մսից է եղել»:

Ըստ նրա ՝ հայկական արքայական խոհանոցից մեզ է հասել ոչ պակաս ներկայանալի ու ախորժալի ուտեստ. «Արշակունիների  ժամանակների արքայական խոհանոցից մեզ փոխանցվել է  ամիչը՝ լցոնած  հնդկահավ, բադ, գառ՝  հիմքում «մեջ»  բառն է: Լցնոնում էին   հաճարով,  չրերով, մրգերով, բրնձով»:  

Սեդրակ Մամուլյանն առաջարկում է հայկական խոհանոց վերդարձնել նաև տարեհացը, որը կլոր գաթայի տեսք ունի և պարտադիր չէ, որ քաղցր լինի. «Հաց են թխում, մեջը թաքցնում են կա՛մ մետաղադրամ, կա՛մ ինչ-որ հատիկեղեն, և բաժանում են կամ  ընտանիքի անդամների թվով, կամ 12 մասի: Պահված մետաղադրամը կամ հատիկեղենը ում բաժին էր հասնում, այդ տարի հաջողությունը՝  «դովլաթը» իրենն էր»: 

Մամուլյանը նաև նշեց, որ հայկական ամանորյա սեղանից անբաժան են մաս են եղել  չրերը, աղանձը, ընկուզեղենը: 

Մի բան է թե ինչ ենք ուտում, մի այլ խնդիր, թե սննդային ինչ վարք ենք ցուցաբերում տոնական օրերին, այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում մի քանի կարևոր նկատառումներ է արել բժիշկ, սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը:  

«Իրականում, մի քիչ ավելի գրագետ ենք դարձել, իրավիճակն այնպես էլ չէ, որ շատ տխուր է»,- ասում է Վարդանուշ Պետրոսյանը:

Ասում է՝ մենք ամբողջ մեղքը գցում ենք շատ ուտելու վրա, մինչդեռ  տոների ընթացքում և դրանից հետո առողջական խնդիրների ի հայտ գալն այլ տեղում է պետք  փնտրել.«Ոչ թե շատ ուտելն է բերում  առողջական տարատեսակ խնդիրների,  այլ շատ հաճախ դրա պատճառն ուղղակի սննդի  անվտանգության, սննդի պահպանման, մշակման, օգտագործման պայմանների խախտումն է»:

Նկատում է՝ գուցե շատերին թվա, թե սննդային թունավորումների ու ինտոքսիկացիաների  պատճառը խառը ուտելիքներ ընդունելն է,  մինչդեռ սա այնքան էլ ճիշտ պնդում չէ.«Շատ ուտելուց հիմնականում ոչ մի բան չի լինում, գուցե մի փոքր անհարմարություն լինի, բայց դա խորը հետևանքներ չի ունենում: Խնդիրն այն է, որ սնունդը չի պահպանվում ճիշտ ջերմաստիճանում, չի պահվում սառնարանում, օգտագործվում է արդեն հնացած սնունդ, նաև աղն է շատ օգտագործվում՝ այդ թվում աղի պանիրներ և ալկոհոլի  չարաշահումն էլ իր մեծ դերն ունի», - նշում  է մասնագետը: Ընդգծում է նաև, որ խնդիրների կարող են բախվել հատկապես սրտանոթային համակարգի հիվանդություններ, շաքարային դիաբետ ունեցողները:  

Բայց նաև ըստ սննդաբանի՝ պետք էլ չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը՝ խիստ սահմանափակելով սննդակարգը.«Ամեն սահմանափակում բերում է հակառակ խնդրին, դժվար է  այն էլ տոն օրերին սահմանափակումներ մտցնել: Մեր օրգանիզմն ի վիճակի է համատեղ մարսել թե  սպիտակուցներից, թե ճարպերից ու ածխաջրերից բաղկացած ուտեստներ, եթե չկա օրինակ ալկոհոլի միջամտություն»:

Վարդանուշ Պետրոսյանը հիշեցնում է, որ ամենազգայուն գոտում աղցաններն են, որոնց վրա ավելացնում են կաթնամթերք ու սուոուսներ՝ այդպիսով ցանկացած ուտեստ դարձնելով արագ փչացող:  Ընդգծում է նաև, որ թթվասեր, կաթնամթերք, ձու, սերուցք, միս այս բոլորով պատրաստված աղցանները կես օրից, մեկ օրից ավել պահել հաստատ չարժե:

Իսկ տոներին անկանոն սննդային վարք ցուցաբերածներին Վարդանուշ Պետրոսյանը հորդորում է տոնական օրերից անմիջապես հետո բեռնաթափել օրգանիզմը՝ օգտագործելով դյուրամարս սնունդ:

 

25 Դեկտեմբեր, 2024 12:14
Վեր