Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Վերջնաժամկետը երկարաձգվումը պոտենցիալ շահառուների շրջանում կմեղմի այն անհանգստությունը, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած շահառուները չեն հասցնի մինչև սահմանված վերջնաժամկետը ստանալ այն և դիմել ծրագրում ընդգրկվելու համար»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։
Բացի այդ, տեղահանումից հետո ծնված երեխաները համարվում են տեղահանված, եթե ծնողներից առնվազն մեկն ունի տեղահանվածի կարգավիճակ։ Այդ պատճառով նրանց տվյալների նույնականացումը 2020 թ. սեպտեմբերի 27-ից և 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում պարտադիր չէ։
Նշենք, որ ՀՀ կառավարության 2024 թ. մայիսի 16-ի որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը:
Հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, իսկ հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը։
Ինչ վերաբերում է գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացին, ապա այն մեկնարկել է օգոստոսի 1-ից։