Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Եթե մենք փորձենք վերլուծել ադրբեջանական քաղաքականության գիծը Հայաստանի նկատմամբ, կհասկանանք, որ սա ընդհանուր մի տենդենց է՝ անընդհատ դատարկ տեղից ստեղծել լարվածություն և պահել այդ լարվածությունը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող այն ապատեղեկատվություններին, թե իբրև ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:
Ստեփանյանի խոսքով, եթե առաջ՝ մինչև եվրոպական դիտորդական առաքելության տեղակայումը, այս հայտարարությունները դրսևորվում էին սպանությունների տեսքով, ապա հիմա Ադրբեջանը հնարավորություն չունի այդ սպանություններն իրականացնել. «Մենք հասկանում ենք, որ այդ դեպքում եվրոպական առաքելությունը միանգամից կհրապարակի տվյալներ, որտեղ պարզ է դառնալու, որ սպանողը եղել է Ադրբեջանը, որ պրովոկացիան եղել է իր կողմից և այլն: Հիմա եվրոպական առաքելությունն այդ հնարավորությունը գոնե այս պահին փակել է, Ալիևին մնում է տարածել կեղծ լուրեր, կեղծ, պրովոկացիոն բնույթի տեղեկատվություն, Ալիևին պետք է հիշեցնել իր գոյության մասին և՛ Հայաստանին, և՛ ամբողջ աշխարհին, տվյալ դեպքում՝ առաջին հերթին ԱՄՆ-ին և Թրամփի ադմինիստրացիային: Ալիևը պետք է հիշեցնի, որ գոյություն ունի կոնֆլիկտ, որ այդ կոնֆլիկտը կարող է լուծվել կամ չլուծվել և դրանով իսկ հնարավորինս թանկ վաճառի իրեն ու իր սեփական հնարավորությունները: Այսինքն՝ նա հիշեցնում է, որ պատերազմը չի ավարտվել, որ ցանկացած պահի այդ պատերազմը կարող է վերսկսվել, միգուցե նաև այդ պատերազմը չվերսկսելու դիմաց ինչ-որ բան է պահանջում, միգուցե փորձում է դրանով ինքնահաստատվել, բայց այն, որ լարվածության պահպանումը բխում է Ալիևի և իր կլանի շահերից՝ ակնհայտ է»:
Մեր այն հարցին, թե արդյոք այս հայտարարությունները չեն հակասում Ալիևի այն խոսքերին, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է և որ իրենք ուզում են խաղաղություն՝ քաղաքագետն ասաց. «Ալիևն այլ բան չի կարող հայտարարել, չի կարող ասել, որ չի ուզում խաղաղություն, ուզում է պատերազմ: Ինքն անընդհատ խոսում է խաղաղության մասին և դա շարունակական է լինելու, նույնիսկ այն դեպքում, երբ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, այդ դեպքում էլ է ասելու, որ խաղաղություն է ուզում: Ալիևի իրական նպատակն է Հայաստանը ոչնչացնել որպես ինքնիշխան, սուվերեն պետություն, կլինի դա պատերազմի, ուժի սպառնալիքի թե բանակցությունների միջոցով»:
Այս ամենի ֆոնին Ստեփանյանը բացառեց էսկալացիայի հավանականությունը. «Այս պահին էսկալացիայի վտանգ չկա, որովհետև կան ԵՄ դիտորդներ, եթե վաղն Ալիևը կարողանա Թրամփի վարչակազմի հետ պայմանավորվել և այդպիսի հատուկ օպերացիա իրականացնել, դրա հավանականությունը կարող է լինել, այս պահին նման պայմանավորվածություններ չկան, դրա համար ես դա բացառում եմ: Ադրբեջանին զսպող ուժը ԵՄ դիտորդներն են ու ԱՄՆ-ն: Կարող է ինչ-որ պահ լինի սկսեն կրակել, բայց լայնածավալ էսկալացիա՝ նույնիսկ 2022 թվականի սեպտեմբերի մասշտաբներով, ես անձամբ չեմ սպասում մոտ ամիսներին»:
Ստեփանյանն անդրադարձավ նաև ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած այն հայտարարությանը, թե Ռուսաստանն աջակցել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններն և որ Ֆրանսիան պաշտպանում է միջազգային իրավունքը և Հայաստանը. «Ֆրանսիան գոնե դիվանագիտական մակարդակով Հայաստանի թիվ մեկ բարեկամն է, մենք դա տեսնում ենք նաև ռազմական մատակարարումների տեսքով: Սա սպասելի հայտարարություն էր: Ինչու է Մակրոնը դա ասում, որպեսզի իր հետևողականությունը հերթական անգամ ընդգծի: Ֆրանսիան հետևողական է Հայաստանի շահերը պաշտպանելու և Հայաստանի պաշտպանական կարողությունները բարձրացնելու ուղղությամբ»:
Ստեփանյանի խոսքով՝ այս պահին որևէ հիմքեր նոր աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծելու հետ կապված՝ չկան. «Թրամփից և նրա վարչակարգից է կախված, թե արդյոք փոփոխություններ կլինեն: Ես որոշակի մտավախություններ ունեմ՝ կապված Իրանի հետ: Շատ հնարավոր է, որ ԱՄՆ-ի կողմից լինի դիրքորոշման կոշտացում, իսկ այդ դեպքում, թե ինչ կլինի մեր տարածաշրջանի հետ՝ շատ մեծ հարց է: Հուսով եմ, որ ողջամտությունը կհաղթի, մեծ պատերազմական գործողություններ չեն լինի Իրանի հետ կապված, որովհետև այդ դեպքում Ադրբեջանը կարող է ստանալ ավելացված արժեք»:
Խոելով նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի ներկայիս փուլի մասին՝ մեր զրուցակիցը նշեց. «Որքանով ես հասկանում եմ բանակցային գործընթացը շարունակվում է Մուստաֆաև-Գրիգորյան հարթության վրա, այսինքն՝ սահմանազատման ուղղությամբ, դա չափազանց կարևոր է մեզ համար: Ես հուսով եմ, որ առաջընթաց լինելու է, և եթե մենք տեսնենք առաջընթաց, կարող ենք ֆիքսել, որ Ալիևի այս բոլոր հայտարարություններն ընդամենը հռետորաբանություն են: Ես չեմ կարծում, որ բանակցությունները փակուղում են»: