Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կալիֆորնիայում հայ համայնքի շրջանում զոհերի, վիրավորների, անհետ կորածների մասին տեղեկատվությունը դեռևս հավաքագրվում և ճշգրտվում է, այս պահին չունենք նման տեղեկատվություն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Հիշեցնենք, որ Կալիֆորնիայում անտառային հրդեհներ են մոլեգնում հունվարի 7-ից, դրանք համարվում են նահանգի պատմության մեջ ամենաավերիչներից։ Նահանգում արտակարգ դրություն է հայտարարված:
Արդեն իսկ հաղորդվում է 5 զոհի մասին:
Հայտնեցին նաև, որ գրասենյակի ներկայացուցիչները շարունակում են կապի մեջ լինել Կալիֆորնիայի հայ համայնքի տարբեր շրջանակների հետ. «Հովհարային անջատումների հետևանքով ոչ բոլորի հետ է հնարավոր անընդհատ կապի մեջ լինել»:
Ինչ իրավիճակում է հրդեհների կիզակետում հայտնված Կալիֆորնիայի նահանգում հայ համայնքը. մանրամասնել են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից
Գրասենյակից նաև տեղեկացրին, որ տարհանված ընտանիքների թվում կան հայկական ընտանիքներ, թե ինչ թվի մասին է խոսքը, այս պահին դժվարացան նշել.«Մեր տարհանված հայրենակիցների հետ կապ է պահպանվում: Հիմա այն փուլն է, որ տեղահանվածների հետ կապված հարցերով աշխատանքեր տարվում են Կալիֆորնիայի իշխանությունների կողմից»,- նշեցին գրասենյակից ու հավելեցին, որ զուգահեռ աշխատանքներ են տանում նաև նահանգում գործող տարբեր հայկական կառույցներ:
Ինչպես վաղ առավոտյան հայտնի դարձավ, Փասադենյակում այրվել է հայկական Սահակ Մեսրոպ հայկական վարժարանը։ Գրասենյակից հայտնեցին, որ հայկական համայնքին պատկանող առայժմ միայն այս հասատատությունն է մեծ վնաս կրել, այլ տեղեկություն դեռ չկա:
«Գրանցված վնասների մասին ավելի ուշ կկարողանանք խոսել»,- ընդգծեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: