Մեր փաստահավաքության հիման վրա կարող ենք ասել, որ խոսում ենք նոյեմբեր 16-ին շուրջ 3 տասնյակ գերեվարվածների մասին. Սիրանուշ Սահակյան

Նոյեմբերի 16-ին Սյունիքում գերեվարված զինվորականներից 4 հոգու մասով դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ անհապաղ միջոց կիրառելու, որպեզի նշված անձանց անձեռնմխելիությունը վերցվի միջազգային պաշտպանության ներքո: Այս մասին Zarkerak.am -ի հետ զրույցում ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

Նա ընդգծեց, որ դեռ պաշտոնականացված տեղեկություններ չկան, թե այդ օրը քանի զինվորական է գերեվարվել: «Բայց մեր փաստահավաքության հիման վրա՝ խոսում ենք այդ օրը շուրջ 3 տասնյակ գերեվարվածների մասին»:

Դիտարկմանը, թե Ադրբեջանը այդ օրը գերեվարվածների թվի մասին չի խասում՝ նա պատասխանեց, որ դեռ վաղ է դրա համար, քանի որ հարցումներ արվել են Կարմիր խաչի միջոցով, նաև Եվրոպական դատարանի միջոցով: «Դեռ մի քանի օր ժամանակ կպահանջվի, որպեսզի անվանական ձևով հասկանանք՝ ում մասով է հաստատվում, ում մասով՝ ոչ»:

Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ պաշտոնական տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի արդյունքում այս պահին ընդհանուր առմամբ Ադրբեջանում գտնվող 40 հայ գերիների մասին է խոսվում։ Սակայն սա պաշտոնական թիվն է: «Այսինքն, սա այն թիվն է, որը Ադրբեջանը որոշ գործընթացների արդյունքում ընդունել է, իսկ մենք խոսում ենք 80-ի մասին, սակայն խոսքը հակասության մասին չէ: Մենք դուրս ենք բերում թվերը մեր փաստահավաքության հիման վրա, երբ ընտանիքի անդամները դիմում են ,կամ, երբ մեր ձեռքի տակ կան տեսանյութեր, որոնց հիման վրա կարողացել ենք իդենտիֆիկացիա անել: Առնվազն, 80-ի մասով մենք անհերքելի ապացույցներ ունենք և չենք բացառում, որ այդ թիվը ավել լինի, այսինքն նվազագույնը 80-ի մասին ենք խոսում: Այն, որ պետական մարմինները արդեն սկսել են խոսել Ադրբեջանի կողմից չպաշտոնականացված տվյալների մասին՝ սա թեև ուշացած, բայց դրական տեղաշարժ եմ համարում և, այո, Արարատ Միրզոյանի հնչեցրած թիվը՝ 100 ռազմագերիների առկայության վերաբերյալ, իրատեսական է»:

Նա նաև տեղեկացրեց, որ իրենց փաստաբանական թիմը մինչ այժմ շուրջ 150  հայցեր են ներկայացրել ՄԻԵԴ՝ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ «Դրանց մի մասի դեպքում՝ միջանկյալ միջոց կիրառվել է, ովքեր հայրենադարձվել են, միայն այդ մասով դատարանը վերացրել է պահանջը, սակայն մյուս մասով գործերը պահպանել է»:

Անդրադառնաով ռազմագերիների՝ մարդկային օրգանների թրաֆիքինգի զոհ դարձած լինելու հավանականության մասին ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի օրերս հայտնած մտավախությանը՝ նա նշեց, որ իրենց ձեռքի տակ եղած ապացույցների հիման վրա նման դեպք չեն արձանագրել: «Արձանագրելու պարագայում անպայման կխոսեինք այդ մասին։ Բանն այն է, որ անհայտություն կա բռնի անհետացած զինծառայողների մասով: Եթե նրանք սպանվել են՝ նրանց աճյունները չեն վերադարձվում, դրա համար այստեղ տեղեկատվության բաց կա։ Բայց այնքանով՝ որքանով դիերը առկա են և փասերը ուսումնասիրվել են՝ մենք նման դեպքեր չենք հաստատել և չենք խոսում երևույթի մասին»։

Նշենք նաև քիչ առաջ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։

«Եվրոպական դատարան է ներկայացվել Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում, որի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը»։

Հայտարարության մեջ, սակայն չի նշվում, թե քանի գերեվարված  քաղաքացիների մասով է ՄԻԵԴ ներկայացուցիչը դիմել դատարան:

22 Նոյեմբեր, 2021 17:11
Վեր