«Կանգնեցին բլրի վրա, ու լուսինն այնքան գեղեցիկ էր լուսավորում տղաներին, որ ամբողջովին երևում էր նրանց հզորությունն ու ուժը»․ 21-ամյա Մարիայի հիշողությունները դիրքերից

44-օրյա պատերազմի ժամանակ տղամարդկանց կողքին,նրանց հետ և նրանց համար պայքարում էին նաև կանայք։ Նրանց մի մասը զենքը ձեռքներին դիրքերում էին։ Մյուսների ձեռքերում վիրակապեր ու դեղորայք էին։ Այդ պատասխանատու առաքելությունը կատարողներից մեկը եղել է նաև մասնագիտությամբ զբոսավար 19-ամյա Մարիա Աղբաշյանը, որն առանց երկար մտածելու ու քննարկելու մեկնեց ռազմադաշտ։

«Ամսի 27-ին զբոսաշրջիկների խմբի հետ Հայաստանի տեսարաժան վայրերից մեկում էի, եկա տուն, համացանցով հետևում էի իրադարձություններին, տեսա հայտարարությունները՝ «Հարկավոր են առաջին բուժօգնություն ցուցաբերող բուժքույրեր։ Առանց ժամանակ կորցնելու դիմեցի՝ բուժքույր չեմ, բայց անցել եմ առաջին բուժօգնության դասընթացները։ Համոզված էի, որ կկարողանամ օգնել վիրավոր զինվորին»,-Zarkerak.am-ին պատմում է Մարիան։   

Ոչ ոքի չհայտնեց իր որոշման մասին Մարիան, հավաքեց իրերն ու մեկնեց Արցախ։

«Մտածում էի, որ եթե իմ հասակակից տղաները այնտեղ են, ուրեմն ես էլ պետք է այնտեղ լինեմ»,- ասում է Մարիան։ 

Մեկնելուց առաջ նամակ է գրել ընտանիքին, այդպես տեղեկացրել իր որոշման մասին։ Քույրն է բացել  ու անմիջապես հայտնել ընտանիքին․ «Երբ իմացել են այդ մասին, եղբայրս անմիջապես սկսել է փնտրել ինձ  բոլոր զինկոմիսարիատներում։ Հեռախոսս ժամանակավորապես անջատել էի, հենց մեկնելու պահին եմ  զանգել տուն ու ասել, որ մեկնում եմ։ Ծնողներս փորձեցին հետ ինձ կանգնեցնել, բայց իմ որոշումը հստակ էր՝ Արցախն ինձ էր կանչում»։

Մարիան սովորել է Երևանի պետական հումանիտար պետական քոլեջում, աշխատել է իր մասնագիտությամբ։  

«Մասնագիտությունս ստիպեց ինձ ավելի խորը ճանաչել հայրենիքս, իսկ խորը ճանաչելու դեպքում սերն ավելանում է․ ամեն քարի ու ծառի մասին իմանալով՝ մտածում եմ՝ չենք կարող թողնել, որ մեզնից տանեն այն, ինչ մերն է ու մեզ է պատկանում»,- ասում է նա։

Մարիան 20 օր եղել է Արցախի թեժ կետերից մեկում՝ Մատաղիսում, ու դժվարությամբ է պատմում այդ օրերից։ 20-ամյակը դիմավորել է դիրքերում ընկերների հետ, բայց արկերի տակ․ «Հիշեցի մի դեպք․ երեկոյան՝ մինչ դիրքեր գնալը, հավաքվել էինք կրակի շուրջ ու երգում էինք։ Ու երբ սկսեցինք «Թռչեի մտքով տուն»-ը երգել,առաջին անգամ հասկացա այդ երգի բառերն ամբողջությամբ»։

Պատմում է՝ մինչ այդ չի եղել Արցախում՝ բախտ չէր վիճակվել այցելել․

«Տեսա Արցախը միայն մթության մեջ, որովհետև հիմնականում գիշերվա ժամերին էինք մի տեղից մյուսը գնում։ Մի դեպք էլ հիշեցի․ ընդհանրապես դիրքեր բարձրանում էինք շատ ուշ ժամերին։Մի անգամ բարձրանալիս տղաներից երեքը առաջ անցան բոլորիցս։ Իրենք բլրի վրա կանգնեցին, ու լուսինը այնքան գեղեցիկ էր լուսավորում նրանց։ Աննկարագրելի գեղեցիկ պատկեր էր, որը ամբողջովին  նկարագրում էր նրանց հզորությունն ու ուժը»,- պատմում է  Մարիան։

«Հետ գալով Հայաստան՝ ինձ թվում էր՝ էլ չեմ կարողանա վերադառնալ իմ ակտիվ ու հետաքրքիր կյանքին։ Սակայն մեծ ջանքերի գնով կրկին վերադարձրի կյանքին դրական նայող ու ամեն լավ բանից ոգեշնչվող Մարիային»։

Մահվան շունչը մոտիկից առնելուց հետո Մարրիան հասկացավ, որ իրականում ավելի շատ պետք է գնահատել կյանքի ցանկացած վայրկյանը և  ապրել դրանով․ «Սկզբում դժվար էր շատ, բայց ժամանակ անց հասկացա, որ պատերազմը ստիպեց ինձ էլ ավելի  սիրել հայրենիքս, նրա հողն ու ջուրը։

Պատերազմից հետո մեկ անգամ է եղել Եռաբլուրում․ «Ավելի դժվար տեղ, քան Եռաբլուրն է, չկա․․․»,- հուզվելով ասում է Մարիան։

 

Վարսիկ Սիմոնյան

22 Նոյեմբեր, 2021 17:24
Վեր