Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ՀՀ-ում դեռահասների շրջանում կա գերքաշության խնդիր, ինչպես ամբողջ աշխարհում աճում են գերքաշության ցուցանիշները»,- հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հատարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ իրենց քաղաքականությունն առողջ ապրելակերպի մասով վերաբերում է նաև այս հարցին. «Մենք վերանայեցինք դպրոցական սննդի թե՛ կալորիաժը, թե՛ այն սնունդները, որոնք պետք է երեխաներին տրվեր, հիմա շրջանառվում է նաև մանկապարտեզների սննդակարգի վերանայման որոշումը: Մենք աշխատանքներ ենք տանում տրանսճարպերի օգտագործման և սահմանափակման առումով, գազավորված ըմպելիքի դպրոցների շրջակայքում վաճառքի հետ կապված հարցում: Այս խնդրին անդրադառնալու կոմպլեքսային մոտեցումներ ունենք, որոնք, մաս-մաս իրագործելով, միայն կարող ենք այս հարցին անդրադառնալ»:
Ավանեսյանն ընդգծեց, որ դպրոցներում աշակերտները պետք է ակտիվորեն զբաղվեն ֆիզիկական կուլտուրայով. «Պետք է խիստ կարևորեն նաև դպրոցների մարզադահլիճների կառուցման ծրագիրը, որը Կառավարությունն իրականացնում է, և մենք պետք է այս հարցը նաև դիտարկենք ոչ միան կրթական կոմպոնենտը հաշվի առնելով, այլ նաև՝ առողջապահական: Ֆիզիկական կուլտուրան Հայաստանում պետք է գա այնպիսի մակարդակի, որ մեր երեխաները դպրոցում սովորեն ակտիվ ֆիզիկական կյանք վարելուն, որպեսզի կարողանանք կանխարգելել նաև գերքաշությունը և ճարպակալումը»: