ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը երկար տարիների հարց է, դրա համար այսօր նպատակահարմար չէ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում ընդունել. Արմեն Քթոյան Zarkerak - ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը երկար տարիների հարց է, դրա համար այսօր նպատակահարմար չէ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում ընդունել. Արմեն Քթոյան
Zarkerak Zarkerak - ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը երկար տարիների հարց է, դրա համար այսօր նպատակահարմար չէ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում ընդունել. Արմեն Քթոյան
ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը երկար տարիների հարց է, դրա համար այսօր նպատակահարմար չէ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում ընդունել. Արմեն Քթոյան

ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը երկար տարիների հարց է, դրա համար այսօր նպատակահարմար չէ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում ընդունել. Արմեն Քթոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Եթե զուտ փաստը վերլուծենք, այո, միևնույն երկիրը չի կարող երկու տարբեր կառույցների անդամ լինել, որովհետև դրանք ոչ թե պարզ տնտեսական կառույցներ են, այլ մաքսային միություններ են և չես կարող երկու տարբեր մաքսային միությունների անդամ լինել, դրանք իրար հակասող են: Ավելի շատ խնդիրը հետևյալն է, թե քո տնտեսական տարածքը որ մաքսային տարածության մաս պետք է ճանաչվի»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը:

Հիշեցնենք, որ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկված նախագծին, որին ի պատասխան ՌԴ-ն հայտարարեց, թե ՀՀ-ն միաժամանակ չի կարող և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ անդամ լինել:

«Բնականաբար, Ռուսաստանը չի կարող դա ընդունել մեծագույն հաճույքով կամ ըմբռնումով: Ինչպես որ ժամանակին որոշակի հարկադրանքով մեկ գիշերվա մեջ որոշում կայացվեց, որ Հայաստանը պետք է անդամակցի ԵԱՏՄ-ին, նշանակում է՝ դա իրենց համար սկզբունքային հարց էր, նույն կերպ էլ հիմա չի կարող ողջունել ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը կամ ԵՄ-ին անդամակցելու ռազմավարություն որդեգրելը: Երբ հիպոթետիկ Հայաստանը դառնա ԵՄ անդամ, ինքն այդ պահին չի կարող միաժամանակ լինել նաև ԵԱՏՄ անդամ, բայց խոսքն ապագային է վերաբերում»,- նշեց Քթոյանը:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան Երևանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի քննարկումը դիտարկում է իբրև ԵԱՏՄ-ից ելքի սկիզբ: Խոսելով այս հայտարարության մասին՝ տնտեսագետն ասաց. «Եթե դու գործընթաց ես սկսում, որի վերջնակետը լինելու է այն, ինչը բացառում է ԵԱՏՄ-ն, բնականաբար, դու սկսում ես մի գործընթաց, որի վերջում ԵԱՏՄ անդամ չես լինելու: Հայաստանն այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի հայտարարել և ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը երկար տարիների հարց է, դրա համար այսօր նպատակահարմար չէ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում ընդունել: Պարզ է, որ ՌԴ-ն դա չի կարող շատ հեշտ ընդունել և պարզ է, որ իր գործիքակազմում եղած գործիքները կօգտագործի հնարավոր խնդիրներ ստեղծելու համար»: 

Օվերչուկը նշել է նաև, որ ԵԱՏՄ-ի հետ կապերի դադարեցման դեպքում ՀՀ-ում կաճեն էներգիայի և սննդամթերքի գները, 70-80 տոկոսով կկրճատվի արտահանումը: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Արմեն Քթոյանն ընդգծեց. «Մենք պետք է հասկանանք, որ այսօր արտահանման մի նշանակալի հատված վերարտահանման կտորն է և չեմ կարծում, որ դրա սահմանափակման պարագայում այն չի հարվածի մեծ թվով տնտեսվարողների շահերին: Եթե մենք վերարտահանումը բացառենք, դուրս հանենք, ապա 70-80 տոկոսի մասին խոսելու անհրաժեշտություն չի լինի: Ինչ վերաբերում է էներգակիրների գների աճին, էներգակիրներն այն բլիթն էին, որով փորձ արվեց քաղցրացնել ԵԱՏՄ-ին մեր հարկադրական անդամակցությունը, մենք ինքներս էլ պետք է հասկանանք, որ այո, եթե դու ընտրում ես մեկ այլ ճանապարհ, ապա այն արտոնությունները, որոնք բլիթի տեսքով տրվում էին երկրներին, որպեսզի լրիվ հարկադրական չդիտվի ԵԱՏՄ-ին անդամակցությունը, բնականաբար, դու դրանից զրկվում ես և դա այն գինն է, որը պետք է վճարել ինքնիշխան արտաքին քաղաքականություն իրականացնելու համար: Դա  այն գինը չէ, որ մեր տնտեսության համար տանելի չլինի»:

Քթոյանը խոսեց նաև սննդամթերքի գների հնարավոր փոփոխության մասին. «Ինչ վերաբերում է սննդամթերքի գներին, ըստ էության, չեմ կարծում թե Հայաստանը կդադարի ռուսական ընկերությունների համար արտահանման շուկա լինել, այստեղ խոսքը միայն այն մասին է, որ որոշ իրավիճակներում, երբ սննդամթերք արտահանողներին արգելվում է ԵԱՏՄ սահմաններից դուրս արտահանում անել, օրինակ՝ հացահատիկի կամ ցորենի պարագայում, այստեղ այդ սահմանափակումները ՀՀ-ին շրջանցում են, հիմա եթե այդ սահմանափակումները ՀՀ-ին չշրջանցեն, ապա ՀՀ-ն հարկադրված է լինելու ավելի թանկ գներով ձեռք բերել հացահատիկ: Որպես ինքնիշխան պետություն դու պետք է մտածես քո պարենային անվտանգության մասին ու այդ պարենային անվտանգությունը ենթադրում է, որ դու պետք է ունենաս ռեսուրսներ և դիվերսիֆիկացված աղբյուրներ, որտեղից ձեռք ես բերելու առաջին անհրաժեշտության պարենամթերքը երկրի բնակչության կարիքների համար»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա, սակայն ՀՀ-ն դիվերսիֆիկացնում է իր առևտրային գործընկերներին: Ըստ Քթոյանի, եթե մենք խոսում ենք ԵՄ-ի հետ ազատ, համապարփակ առևտրի ու հարաբերությունների կառուցման մասին, ապա դա դիվերսիֆիկացիայի ատրիբուտ է. «Մյուս կողմից մենք պետք է նկատի ունենանք, որ որքան էլ դու հայտարարես ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր  կամ նպատակ այս պահին չունենալու մասին, միևնույնն է, այն գործիքակազմը, որը կա Ռուսաստանի ձեռքին, ինքն օգտագործելու է և սա որոշակի լարվածություն ստեղծելու է, պետք է դրանց առարկայական հակակշռման մեխանիզմներ մտածենք և ունենանք»:

Մեր այն հարցին, թե ԵԱՏՄ-ից դուրս գալն ինչ ռիսկեր կարող է առաջացնել մեր տնտեսության համար՝ տնտեսագետը նշեց. «Եթե ԵԱՏՄ-ից դուրս գալը դիտարկում ենք հիմա, դա բոլորովին այլ իրողություն է, տասը տարի հետո դուրս գալը՝ բոլորովին այլ, երբ դու լինես ԵՄ-ի անդամակցության թեկնածու երկիր, կամ ինչ-որ գործընթացի նախաշեմին: Նախ պետք է հասկանանք՝ ԵԱՏՄ-ն ինչ է մեզ տալիս, ԵԱՏՄ-ն ոչ թե մեզ առևտրի հնարավորություն է տալիս, այլ հեշտացնում է առևտուրը, էժանացնում է այդ առևտուրը: Եթե ԵԱՏՄ անդամ չլինեինք, մենք պետք է մաքսատուրք վճարեինք որոշ ապրանքատեսակների համար, հիմա այդ մաքսատուրքը չի վճարվում, աշխատուժի շրջանառության առումով որոշակի սահմանափակումներ կարող էին լինել, հիմա ավելի հեշտ է, որոշ գործընթացների մասով հավելյալ լիցենզավորման անհրաժեշտություն պետք է լիներ, հիմա դրա անհրաժեշտությունը չկա կամ ավելի պարզեցված ընթացակարգերով է և այլն»:

Քթոյանի կարծիքով՝ ԵԱՏՄ-ի հետ առևտուրը նույնական է Ռուսաստանի հետ առևտրի հետ. «Ռուսական ռուբլու արժեզրկումը դրամի նկատմամբ այսպես թե այնպես մեր ապրանքները ռուսական շուկայում արդեն իսկ թանկացրել է և կարելի է ասել, որ այն թանկացումը, որը կուրսի փոփոխությամբ է պայմանավորված, մեծապես չեզոքացրել է այն պոտենցիալ տնտեսական հնարավորությունները, որոնք մենք կարող էինք ունենալ ԵԱՏՄ անդամ հանիսանալով և զրոյական մաքսատուրքերով առևտուր անելու պարագայում: Եթե մենք նույնիսկ բացառում ենք այլընտրանքը, ԵՄ-ի հետ որևէ հարաբերության խորացումը, պետք է հարցնենք ինքներս մեզ, օրինակ՝ հինգ կամ տասը տարի հետո ԵԱՏՄ շրջանակներում մենք որտեղ ենք լինելու, այս հարցին պատասխանելու համար պետք է հասկանանք՝ Ռուսաստանը որտեղ է լինելու: Լրջագույն խնդիրներ կան ՌԴ տնտեսությունում և այդ խնդիրները տարեցտարի ավելի խորքային, ավելի նշանակալի հետևանքներ են ունենալու, մենք այդ տնտեսության հետ մեծապես կապակցված լինելով, մեզ վրա ևս կրելու ենք այդ բացասական հետևանքները»:

Խոսելով նաև ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Ցանկացած տնտեսություն ունի դիվերսիֆիկացման կարիք, առավել ևս հայաստանյանը, առավել ևս եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանից կամ ԵԱՏՄ-ից կախվածությունը գնալով խորանում է: Ավելի շատ այս պահի դրությամբ քայլեր արվում են դեկլարատիվ բնույթի, ինչ-որ բաների նախադրյալներ է փորձ արվում ստեղծել, որոնք ապագայում կարող է և նպաստեն դրան: Դիվերսիֆիկացիա նշանակում է արդիական տնտեսության կառուցում, որը շատ երկրների և շատ շուկաների կարող է և ունի ինչ-որ բան առաջարկելու»:

 

Աննա Բզնունի

14 Հունվար, 2025 16:30
Վեր