Սա մեկ մակարդակով բարձրացնում է ՀՀ անվտանգությունը. երեկվանից ՀՀ-ում  հայտնվել է ԱՄՆ-ի դրոշը. Ստեփանյանը՝ ստորագրված փաստաթղթի մասին Zarkerak - Սա մեկ մակարդակով բարձրացնում է ՀՀ անվտանգությունը. երեկվանից ՀՀ-ում հայտնվել է ԱՄՆ-ի դրոշը. Ստեփանյանը՝ ստորագրված փաստաթղթի մասին
Zarkerak Zarkerak - Սա մեկ մակարդակով բարձրացնում է ՀՀ անվտանգությունը. երեկվանից ՀՀ-ում հայտնվել է ԱՄՆ-ի դրոշը. Ստեփանյանը՝ ստորագրված փաստաթղթի մասին
Սա մեկ մակարդակով բարձրացնում է ՀՀ անվտանգությունը. երեկվանից ՀՀ-ում  հայտնվել է ԱՄՆ-ի դրոշը. Ստեփանյանը՝ ստորագրված փաստաթղթի մասին

Սա մեկ մակարդակով բարձրացնում է ՀՀ անվտանգությունը. երեկվանից ՀՀ-ում հայտնվել է ԱՄՆ-ի դրոշը. Ստեփանյանը՝ ստորագրված փաստաթղթի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես ուրախությամբ փաստում եմ, որ վերջապես մենք ԱՄՆ-ի հետ ունենք այսպիսի փաստաթուղթ, սա շատ կարևոր է մեզ համար և սա մեկ մակարդակով բարձրացնում է Հայաստանի անվտանգությունը: Հայաստանը երեկվանից փաստաթղթով դարձել է ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը, սակայն այդ փաստաթուղթը որևէ կերպ չի կարելի ընկալել որպես Հայաստանի անվտանգության երաշխիք, սա գործընկերության, ռազմավարական բնույթի փաստաթուղթ է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությանը՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Ստեփանյանի խոսքով՝ այդ գործընթացը մեկնարկել էր անցյալ տարի և դա պետք է տեղի ունենար. «Սա, միանշանակ, առաջընթաց է, սակայն պետք չէ գերագնահատել այդ քայլը, էյֆորիան շատ վտանգավոր է: Սա առաջին փաստաթուղթն է, որ մենք ունենք ԱՄՆ-ի հետ, իսկ ԱՄՆ-ն մի երկիր է, որն ի տարբերություն Ռուսաստանի, միշտ իր դաշնակցային և գործընկերային պարտավորությունները կատարում է: Այստեղ մենք դեռ շատ անելիքներ ունենք և բոլոր դրույթները, որոնք կան այդ փաստաթղթում՝ էներգետիկ, անվտանգային, տնտեսական՝ մենք պետք է իրականացնենք, պետք է քայլ առ քայլ աշխատանք տանենք: Դա ճանապարհային քարտեզ է, մենք մինչ այսօր այդ ճանապարհային քարտեզը չունեինք, և ի ուրախություն մեզ այսօրվանից դա ունենք, թե ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններն ինչ ընթացք կստանան, այդ թվում կախված է նաև նրանից, թե ինչպես ենք հենց մենք իրականացնելու այդ ճանապարհային քարտեզը»:

Դավիթ Ստեփանյանն ընդգծեց, որ այս ամենում ամենակարևոր դրույթն այն է, որ Հայաստանում երեկվանից հայտնվել է ԱՄՆ-ի դրոշը. «Ռուսական դրոշը՝ որպես զսպող, անվտանգային գործոն վաղուց գոյություն չունի, իսկ մենք այն փոքր երկիրն ենք, որն այդպիսի դրոշների կարիք ունի, մենք ունենք գործընկերների կարիք: Երեկվանից ԱՄՆ-ի դրոշը հայտնվել է Հայաստանում՝ կապված անվտանգային բաղադրիչի հետ»:

Ըստ Ստեփանյանի՝ կանոնադրության կարևոր շեշտադրումներից են անվտանգային և էներգետիկ ոլորտները. «Մենք շատ լավ հասկանում ենք, որ օրինակ՝ նույն էներգետիկ ոլորտում հնարավոր չէ համագործակցությունը զարգացնել, եթե չլինի անվտանգություն, մեկը մյուսից կախված է: Խոսվեց նաև այսպես կոչված «123» փաստաթղթի մասին, դա մեզ համար կարևորվեց այնքանով, որ ԱՄՆ-ն այս պահից հնարավորություն ունի մեզ տալ տեխնոլոգիաներ, որպեսզի այդ մոդուլային ատոմակայնները Հայաստանում կառուցվեն, մենք սպասում ենք այդ քայլին: Գնդակը ԱՄՆ-ի դաշտում էր, հիմա նրանք դա ընդունեցին և եթե Հայաստանում վերջիվերջո որոշում կայացվի, թե ով է այդ ատոմակայանը կառուցում, մենք հնարավորություն ունենք, օգտվելով ամերիկյան տեխնոլոգիաներից, դա իրականացնել ԱՄՆ-ի հետ սերտ գործընկերության միջոցով: Ընդհանուր առմամբ, լինելու է Հայաստանի դիմակայության բարձրացում, այն, որ փաստաթուղթը ստորագրվել է, խոսում է այն մասին, որ դա շատ լավ հասկանում են մեր ամերիկացի գործընկերները՝ առանց դիմակայության բարձրացման, մենք չենք կարող այս տարածաշրջանում գոյատևել»:

Մեր այն հարցին, թե արդյոք սա հնարավորություն կտա, որ ԱՄՆ-ն ՀՀ-ին զենք վաճառի՝ քաղաքագետն ասաց. «Կոնկրետ այս փաստաթուղթը զենքի տրամադրման մասին չէ, բայց եթե մենք դիտարկենք ընդհանուր տրամաբանությունը, եթե շարունակենք զարգացնել այս հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, եթե մենք ժամանակի ընթացքում վերջապես դուրս գանք ՀԱՊԿ-ից, դա կարող է ունենալ շարունակություն և մեզ զենք կվաճառեն»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ միտված են ապահովելու Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունը: Այս հայտարարությունից ելնելով արդյո՞ք Ադրբեջանի հարձակման պարագայում ԱՄՆ-ն կխառնվի՝ Ստեփանյանը նշեց. «ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որ թույլ տա Ադրբեջանը հարձակվի ու հետո նոր խառնվի: Եթե մենք ունենք այսպիսի համագործակցություն, նախ հարձակում չի լինելու և դա պայմանավորված է լինելու այս համագործակցությամբ: Ալիևը հաշվարկում է իր քայլերը, եթե նա տեսնի, որ այստեղ կա խոչընդոտ, որ ԱՄՆ-ն կարող է խառնվել, նա ուղղակի չի հարձակվի, եթե նա արդեն հարձակվի, խառնվել կամ չխառնվելն արդեն որևէ դերակատարում չի ունենա, այսինքն՝ դա նշանակելու է, որ հարձակման հնարավորություն կա և ԱՄՆ-ն այստեղ խոչընդոտ չէ: Մենք պետք է ԱՄՆ-ի հետ հասնենք այն հարաբերություններին, որ Ալիևը հասկանա, որ Հայաստանի վրա հարձակվել չի կարելի այն պարզ պատճառով, որ Հայաստանն ԱՄՆ-ի դաշնակիցն է»:

Իսկ թե արդյոք Թրամփի նախագահ դառնալուց հետո հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն նույն կերպ զարգանալ՝ Ստեփանյանն ասաց. «Ես կարող եմ վստահությամբ ասել, որ այս փաստաթուղթը, որը ստորագրվել է, չի ստորագրվել միայն դեմոկրատների հետ բանակցությունների շնորհիվ: Ես կարծում եմ, որ այս հարցի շուրջ կա հանրապետականների հետ կոնսենսուս, այնպես չի որ դեմոկրատները վերջին շավբաթվա ընթացքում ստորագրում են ռազմավարական փաստաթուղթ և դա չեն քննարկում իրենց գործընկերների հետ: Սա հույս է տալիս, որ այն իրականում կիրագործվի: Ամեն ինչ այդ թվում նաև կախված է մեզնից, մենք իրավունք չունենք բավարարվել այս փաստաթղթի ստորագրմամբ և հանգիստ նստել, մենք ունենք շատ մեծ աշխատանքի դաշտ»:

Անդրադառնալով այս ամենին ՌԴ-ի ու Ադրբեջանի արձագանքին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Ե՛վ Ադրբջանից, և՛ ՌԴ-ից արդեն եղել են հայտարարություններ, էլի են լինելու հայտարարություններ, մենք չպետք է ուշադրություն դարձնենք այդ հայտարարություններին: Գործողությունների մասով որևէ բան չի կարելի բացառել, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարժվենք այդ ճանապարհով: Մեզ համար սա աներկընտրանքային ճանապարհ է, ճանապարհ դեպի ԵՄ, ԱՄՆ, մենք այլընտրանք չունենք: Եթե մենք սա չանենք, այդ հարձակումն աճելու է տասնյակ անգամներով»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այն հայտարարությանը, թե այս գործընկերությունը պետք է չստեղծի անվտանգության սպառնալիքներ այլ պետությունների համար՝ Դավիթ Ստեփանյանն ասաց. «ՀԱՊԿ քարտուղարի հայտարարությունը երկիմաստ տպավորություն է թողնում, ինձ մոտ հարց է առաջանում՝ երրորդ երկրները ՀԱՊԿ երկրնե՞րն են, թե միգուցե Ադրբեջանը: Եթե նա նկատի ունենար հենց ՀԱՊԿ երկրները, այդպես էլ կնշեր, նա խոսում է երրորդ երկրների մասին, կարող եմ մեկնաբանել այսպես, որ նկատի ունի Ադրբեջանին: Եթե ՀԱՊԿ-ը մտածում է Ադրբեջանի մասին, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար թշնամական կառույց է, մենք այլևս ՀԱՊԿ-ի հետ որևէ անելիքներ չունենք: Ամեն մի հայտարարություն, որը գալիս է ՀԱՊԿ-ից, հերթական անգամ ապացուցում է այդ ճշմարտությունը: Կարծում եմ՝ արդեն գալիս է ժամանակը, որ մենք վերջնականապես ՀԱՊԿ-ից դուրս գանք»:

 

Աննա Բզնունի

15 Հունվար, 2025 14:11
Վեր