Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Լավրովի հայտարարությունները, ընդհանուր առմամբ, իրավիճակային առումով ներկա աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրողությունների համապատկերում Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում է: Ռուսաստանը ոչ թե հրապարակայնորեն կոշտ դիրքորոշում է արտահայտում Հայաստանի տարբեր արտաքին քաղաքական մանևրների հետ կապված, այլ նշում է, որ դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Ռուսաստանի գնահատմամբ՝ այն խնդիրները, որը ՀՀ-ն ունի, հնարավոր է լուծել տարածաշրջանում, այլ ոչ թե տարածաշրջանից դուրս երկրների հետ հարաբերությունների զարգացման կամ խորացման միջոցով»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արևելագետ Արմեն Պետրոսյանը:
Պետրոսյանի խոսքով՝ այս պահին Ռուսաստանի համար ամենաիրատեսական և հնարավոր սցենարը, տարածաշրջանի գործընկերների հնարավորությունները ներառելով, Հայաստանի և արևմտյան դերակատարների հետ համագործակցության տեմպերը հնարավորինս չեզոքացնելն է:
Խոսելով Լավրովի ԵՄ առաքելության հետ կապված հայտարարության մասին՝ Պետրոսյանն ասաց. «Իրենք միշտ ասում են՝ Հայաստանը չհամաձայնեց այն առաքելության գործունեությանը, որն առաջարկել էր ՀԱՊԿ-ը, բայց ընդունեց ԵՄ-ի առաջարկը, սա խոսում է այն մասին, որ եթե Ռուսաստանի խնդիրն այս պահին Հայաստանի և Արևմուտքի համագործակցության տեմպերը նվազեցնելն է, դրա շատ կարևոր բաղադրիչներից մեկն էլ հենց Եվրամիության շրջանակներում անվտանգային մեխանիզմի հետագա գործունեության կանգնեցումն է: ՌԴ-ն իր համար խնդիր է դրել տարբեր դերակատարների հետ համագործակցությամբ հասնել այդ առաքելության գործունեության դադարեցմանը: ԵՄ առաքելությունը միաժամանակ մի քանի դերակատարների շահերին հակասող գործոն է»:
Անդրադառնալով նաև խաղաղության պայմանագրի վերաբերյալ Լավրովի այն հայտարարությանը, թե Բրյուսելի և Վաշինգտոնի ձգտումն է ինչ-որ կերպ ցույց տալ, որ պայմանագրի հետ կապված իրենք են ամեն ինչ արել՝ մեր զրուցակիցն ասաց. «Դա էլ ձևավորվում է ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցության շրջանակներում, որովհետև այն, ինչ ասաց Լավրովն ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասին, այդ նույնն իրենք միշտ ձգտում էին անել մինչև 2022 թվականը, այսինքն՝ մինչև ուկրաինական պատերազմի սանձազերծումը: Իրենք ցանկանում են, որ այդ համաձայնագիրը կնքվի հենց Ռուսաստանում, իսկ այնտեղ կնքվելը ոչ միայն խորհրդանշական նշանակություն ունի, այլ նաև ենթադրում է հայ-ադրբեջանական հարաբերությունների մոդերացիա: Հիմա, բնականաբար, եթե Վաշինգտոնում ստորագրվի այդ պայմանագիրը, պարզ է, որ որոշակի երաշխիքներ դրա իրականացման հետ կապված վերապահվելու է Վաշինգտոնին: Սակայն այս պահին որևէ երրորդ կողմ կարծես թե չունի հավակնություններ և հնարավորություններ՝ հասնելու պայմանագրի ստորագրմանը, եթե նման դերակատար լիներ, ապա այդ պայմանագիրը կստորագրվեր»:
Պետրոսյանն ընդգծեց, որ այս պահին Ռուսաստանը փորձում է որոշակի վերահսկողություն ապահովել Հարավային Կովկասում, քանի որ մեր տարածաշրջան վերադառնալու հնարավորություններ գրեթե չկան, քանի դեռ Ռուսաստանը խորամուխ է եղած ուկրաինական պատերազմի մեջ. «Ռուսաստանի համար այս պահին կարևոր է Հարավային Կովկասում որոշակի ներկայության և զարգացումների որոշակի վերահսկողության պահպանումը, ինչպես նաև իր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հակառակորդների ավելի ագրեսիվ վարքագիծը կանխելը: Ռուսաստանն այս պահին շատ կարևոր խնդիր ունի լուծելու՝ տարածաշրջանն առավելագույն կառավարելի պահելը: Այս համատեքստում չի կարելի անտեսել Հայաստանի հետ հարաբերությունները, որքան էլ դրանք բարդ են, բայց այնուամենայնիվ խնդիր կա այդ հարաբերությունները պահելու: Դրա համար Ռուսաստանը պետք է հնարավոր բոլոր գործիքներն օգտագործի»:
Արմեն Պետրոսյանը խոսեց նաև ՀՀ կառավարության կողմից ԵՄ-ին ՀՀ անդամակցության նախագծին հավանություն տալու և ՌԴ-ից հնչող այն հայտարարությունների մասին, թե ՀՀ-ն չի կարող միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ անդամ. «Այժմ այդ հարցն առաջ քաշելն ընդհանրապես տրամաբանական չէ: Այս պահին մենք խոսում ենք գործընթացի հնարավորության մասին, այսինքն՝ չկան պրակտիկ քայլեր, որոնք կբերեն այդ ուղեգծի իրականացմանը: Կառավարության կողմից ընդունված որոշումն ընդամենը ՀՀ-ի եվրաինտեգրման ուղղությամբ արտաքին քաղաքական ուղեգծի ամրագրումն է, բայց պրոցեսներ չկան: Բոլորն էլ հասկանում են, որ միաժամանակ երկու կառույցներին անդամակցելը հանարվոր չէ, որովհետև դրանք տարբեր սկզբունքներ ունեցող ու տարբեր լուծումներ առաջարկող կառույցներ են: Ռուսաստանն էլ այս պարագայում պետք է նման հայտարարություն անի, բայց երբ տեսնենք պրակտիկ քայլեր, այդ ժամանակ իրավիճակային փոփոխություններ կլինեն: Կարծում եմ, որ ՌԴ-ն ամեն ինչ անելու է՝ ոչ սպառնալիքների եղանակով, որ Հայաստանը հրաժարվի Եվրաինտեգրման քաղաքականությունից և մնա իր առաջարկած գործընթացի մեջ»:
Կատարվող իրադարձությունների համատեքստում՝ ըստ Պետրոսյանի, հայ-ռուսական հարաբերությունները սրվել են. «Մենք հիմա փաստացի հարաբերություններ ենք կառուցում Ռուսաստանի հակառակորդի հետ, բնականաբար, դա սրելու է հայ-ռուսական հարաբերությունները: Ռուսաստանի գործիքակազմն ու հնարավորություններն այս պահին սահմանափակ են զսպելու համար Հայաստանի մանևրի հնարավորությունները, նրանք ժամանակ են շահում և փորձում են տարածաշրջանը մաքսիմալ կառավարելի պահել»: