Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այս պահին մեզ մոտ պատկերը բավականին լավ է, մենք արդեն 405 ընտանիքի տրամադրել ենք հավաստագիր, որից 346-ը ձեռքբերման, 20-ը կառուցապատման և 39-ը հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների բնակապահովման պետական աջակցության ծրագրին՝ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը:
Հիշեցնենք, որ ծրագիրը մեկնարկել է 2024թ-ի հունիսի 15-ից: Առաջին փուլում ծրագրին կարող են մասնակցել 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, երկրորդ փուլում` 2026թ․-ի հունվարի 1-ից հետո, 2 երեխա ունեցողները, 3-րդ փուլում` 2027թ․-ի հունվարի 1-ից` 1 երեխա ունեցող ընտանիքները։ Ընտանիքում հաշմանդամություն ունեցող, զոհվածի կամ կերակրողին կորցրած ընտանիքները ծրագրին կարող են մասնակցել արտահերթ` ցանկացած փուլում։
Ղարագյոզյանը ներկայացրեց, թե ինչպես արցախցիները կարող են դիմել ծրագրին. «Պետք է առցանց դիմում ներկայացնել housing.socservice.am հարթակի միջոցով, որտեղ լրացվում է նախընտրելի ընտանիքի կազմը, այսինքն՝ մենք շահառուներին հնարավորություն ենք տալիս իրենց ընտանիքի հիմնական կազմից բացի՝ գրանցված ամուսիններ և իրենց անչափահաս երեխաները, ընդգրկել նաև ցանկացած այլ անդամ, ում ցանկանում են: Գրանցում են բոլորի տվյալները և եթե ընտանիքի բոլոր անդամները բավարարում են ծրագրի հիմնական պայմաններին՝ այն է, նրանք բոլորը պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն, պետք է Միգրացիայի և քաղաքացիության կողմից հաշվառված լինեն որպես բռնի տեղահանված և որևէ մեկը չպետք է ՀՀ-ում իրեն պատկանող 50 տոկոս և ավել մասնաբաժնով գույք ունենա: Այդ պայմաններին բավարարող ընտանիքներն ինքնաշխատ եղանակով հենց այդ պահին, որ լրացնում են դիմումը, գեներացվում է հավաստագիր, որն առցանց եղանակով ուղարկվում է նշված էլեկտրոնային փոստի հասցեին: Դրանից հետո հաջորդ քայլն է գտնել համապատասխան գույքը և մոտենալ գործընկեր ֆինանսական կազմակերպությանը՝ հիփոթեքային վարկավորումը սկսելու համար»:
Գայանե Ղարագյոզյանի խոսքով՝ հիփոթեքի ամբողջ գումարը հիմնականում պետությունն է մարում, ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով՝ 3-4 կամ 5 միլիոն դրամ՝ կախված բնակավայրից, թե որտեղ են ձեռք բերում կամ կառուցում գույքը. «Կառավարության որոշմամբ ունենք 242 բնակավայր, որտեղ 5 միլիոն դրամ է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով, 148 բնակավայր ունենք, որտեղ 4 միլիոն դրամ է և մնացած բոլոր բնակավայրերը՝ բացի Երևանի առաջին և երկրորդ գոտուց՝ 3 միլիոն դրամ է: Դիցուք 4 հոգանոց ընտանիքը Սյունիքի մարզի Գորիս բնակավայրում գույք ձեռք բերելու դեպքում աջակցություն կստանա 20 միլիոն դրամ: Եթե իրենց գույքը կարժենա մինչև 20 միլիոն դրամ, կստացվի, որ այդ վարկն ամբողջությամբ կմարի պետությունը: Իսկ եթե գումարը կգերազանցի 20 միլիոնը, արդեն մնացյալ մասի պարտավորությունը շահառուի վրա է, այդ հավելյալ գումարը շահառուն կարող է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ վարկային միջոցներով»:
Ղարագյոզյանն ընդգծեց, որ պետության քաղաքականությունն այնպիսինն է, որ բոլոր ծրագրերում խրախուսվում է մարզային բնակավայրերում, առավել ևս սահմանամերձ բնակավայրերում ապրելը:
Ծրագրի առաջին փուլը երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, մեր այն հարցին, թե ինչու է նման որոշում կայացվել՝ Գայանե Ղարագյոզյանը նշեց. «Մենք դիտարկում էինք, որ 10 հազար ընտանիք պետք է օգտվի ծրագրից, սկզբնական փուլում ունեինք շատ փոքր թիվ՝ մոտ 200, հենց դրանով պայմանավորված և նաև այն հանգամանքը հաշվի առնելով, որ չդիմելու պատճառներն օբյեկտիվ էին, որովհետև մարդկանց մեծ մասը դիմել էր քաղաքացիություն ստանալու համար, բայց դեռևս գործընթացը չէր ավարտվել, որոշում կայացվեց վերջնաժամկետը մեկ տարով երկարաձգել»:
Ըստ մեր զրուցակցի՝ հիմա ակտիվությունն անհամեմատելի բարձր է. «Մենք ակնկալում ենք, որ առաջիկա մեկ-երկու ամիսներին կունենանք շատ ավելի բարձր ցուցանիշներ: Արդեն ունենք իրացված հավաստագրեր, այսինքն՝ մարդիկ մտել են բանկ, գործարքներ են արել, մի մասն էլ ընթացքում են: Ունենք 13 գործարք, մի մասի առուվաճառքը կնքված է, մի մասն առաջիկայում կկնքվի, որից 5-ը Երևանում է, 2-ը՝ Տավուշի մարզի Նավուր բնակավայրում, մեկը՝ Կոտայքի մարզի Աբովյան, մյուսը՝ Սարալանջ բնակավայրում, մեկը՝ Վայոց ձորի Եղեգիսում, մյուսը՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկում, ունենք Սյունիքում՝ Սիսիանում և Արագածոտնում՝ Օշականում»:
Ղարագյոզյանը նշեց նաև, որ կան մի քանի հարյուրի հասնող մերժումներ. «Այստեղ հիմնական խնդիրն ընտանիքի առնվազն մեկ անդամի որևէ պայմանին չբավարարելն է, այսինքն՝ կա՛մ որևէ մեկը չունի քաղաքացիություն, կա՛մ գոնե մեկն ունի գույք, կա՛մ գոնե մեկը չունի տեղահանվածի կարգավիճակ, այստեղ՝ բացառությամբ գույք ունենալուն, մնացած խնդիրները կարգավորվող են»:
Ղարագյոզյանը շեշտեց, որ այս ծրագիրը մեր հայրենակիցներին հնարավորություն կտա վերջնական հիմնավորվել իրենց հայրենիքում. «Կարծում եմ, որ այս ծրագիրը լավագույն հնարավորությունն է նրանց համար և, բարեբախտաբար, չհաշված այն հանգամանքը, որ սկզբնական փուլում վերաբերմունքը ծրագրի գոյության նկատմամբ շատ բացասական էր մեր հայրենակիցների կողմից, արդեն կարծես թե սա էլ առաջ է շարժվում, և մենք արձանագրում ենք բավականին խոստումնալից ցուցանիշներ»:
ԼՂ-ից բռնի տեղահանված Անժելիկա Գասպարյանն այն շահառուներից է, ով արդեն իսկ օգտվել է ծրագրից և ձեռք է բերել բնակարան. «Մենք հիմնականում խնդիրների չենք բախվել, որովհետև քաղաքացիություն ձեռք էինք բերել, մեզ մոտ խնդիրն այն էր, որ քանի որ գումարը քիչ էր և հնարավոր չէր բնակարան ձեռք բերել, մենք երկու ընտանիք միացրինք իրար՝ մերը և ամուսնուս եղբոր ընտանիքը, ու կարողացանք Աբովյանում մի բնակարան ձեռք բերել: Պետությունը տրամադրեց 19 միլիոն 500 հազար դրամ, բնակարանը գնահատվել էր 20 միլիոն 500 հազար դրամ, մենք հավելյալ մեկ միլիոնը փոխանցեցինք»:
Անժելիկան նշեց, որ հավաստագիր ստանալը մոտ մեկ ամիս է տևել, իսկ թե ինչու չեն ցանկացել ավելի հեռու մարզում բնակարան ձեռք բերել, որպեսզի պետությունն ավելի շատ գումար տրամադրի՝ նա ասաց. «Երեխաներն արդեն այստեղ դպրոց են գնում, մենք աշխատում ենք, մեզ հարմար էր, որ Երևանին մոտիկ մարզ լիներ: Ավելի շատ նախընտրել ենք Երևանը և հարակից մարզերը, որովհետև այստեղ աշխատանք կա, քրոջս, եղբորս ընտանիքը Գյումրիում էր ապրում, բայց աշխատանք չկար, դրա համար բոլորը նախընտրում են գայ այստեղ: Ծրագրով առաջարկում են գնալ հեռու մարզեր, բայց չեն մտածում՝ արցախցին այնտեղ զրոյից ինչ պետք է անի, ինչպես պետք է աշխատանք գտնի»:
Անժելիկայի խոսքով՝ իհարկե, սա իրենց համար հնարավորություն է, սակայն տրամադրվող գումարի չափը ըստ նրա՝ բավարար չէ. «Մենք երկու ընտանիք ենք միացրել, դրա համար մեկ տուն կարողացել ենք ձեռք բերել: Բնականաբար, 9 հոգով չենք կարող այնտեղ ապրել, ստացվում է, որ եղբայրներից մեկը մյուսին նվիրել է, մնացած ընտանիքները, ովքեր չեն կարողանում այլ ընտանիք ներառել, ստացվում է, որ չեն կարողանա գնել: Իհարկե, հասկանալի է, որ երկիրն այդքան ֆինանսական ներուժ չունի, որ կարողանա բոլորին տրամադրել: Հիմա բոլորն էլ գիտեն, որ բնակարանների գները բավական բարձրացել են»:
ՀՀ տեղափոխվելուց հետո՝ ըստ Անժելիկայի, շատ ընտանիքներ են լքել Հայաստանը, թե որքանով կարող է այս ծրագիրը նպաստել, որ արցախցիները մնան ՀՀ-ում՝ Անժելիկան նշեց. «Իմ եղբայրը չորս երեխա ունի, այդ հույսով դիմելու է ծրագրին և հույս ունի, որ կկարողանա ձեռք բերել բնակարան, իր համար հայրենիքը մեծ նշանակություն ունի, բայց ոչ բոլորի մոտ է այդպես: Պետությունը պետք է մտածի խոցելի խմբերի մասին, բազմազավակները երեխաների քանակի հաշվին շատ գումար են ստանում և կկարողանան ձեռք բերել, բայց միայնակների հարցը որոշված չի: Համակարգային խնդիրներ կան, որոնք պետք է լուծել»:
Անժելիկան խոսեց նաև ԼՂ հնարավոր վերադարձի մասին. «Ենթադրելով, որ 1915 թվականից մինչև հիմա մշեցիները, սասունցիներն ասում են՝ պիտի գնանք մեր հայրենիք, հիմա էլ դա է մեզ ուժ տալիս, որ այստեղ գոյատևենք, մինչև գնանք մեր տուն, բայց ռեալ չէ նստել սպասել ու ոչինչ չանել: Պետք է ապրել, պետք է գոյատևել, ես մի քիչ իրատես եմ, չեմ կարծում, որ նման բան կլինի, հիմա քաղաքական վիճակն էլ այնպես չի, որ ասեմ վերադարձին նպաստող բաներ կան»:
Անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ քանի որ ծրագիրը նոր է ու շահառուները փուլ առ փուլ են ավելանում, դեռ ծրագրի շրջանակում ակտիվություն չի նկատվել. «Այս պահին ակտիվություն չկա, դա երկու գործոնով է պայմանավորված՝ շահառուներն են քիչ, երկրորդը՝ ինֆորմացիան դեռ հստակ բոլորը չեն մարսել: Ինչպես էր եկամտահարկի վերադարձի մասին օրենքը, որ նոր էր դուրս եկել, մարդիկ այդքան լուրջ հետաքրքրված չէին, հետո սկսեց այդ օրենքը տարածվել, ավելի շատ մարդիկ էին ցանկանում օգտվել: Նույնն այս դեպքում է, դրա համար շուկայում դեռ ակտիվություն չի նկատվում»:
Թե ինչու են հիմնականում նախընտրում Երևանը և հարակից մարզերը՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Երևանում կոմունիկացիաները շատ են, հնարավորությունները շատ են, աշխատատեղերն են ավելի շատ, կրթությունն է ավելի բարձր որակի, քան մարզերում, այս պարագայում, բնականաբար, բոլորն ուզելու են Երևանում ձեռք բերել: Մեր մյուս քաղաքները՝ ենթակառուցվածքների, աշխատատեղերի, կրթական կենտրոնների առումով տխուր վիճակում են, դրա համար եթե նույնիսկ տրամադրվող գումարն ենք ավելացնում, մեկ է՝ չեն գնալու: Այս խնդիրները պետք է լուծվեն»:
Մեր այն հարցին, թե արդյոք շուկայում կա տարբերակված մոտեցում, թե ում են վաճառում բնակարանը՝ Անդրանիկ Հարությունովն ասաց. «Մարդուն հետաքրքիր չի՝ ով է իր գույքը գնում, նա վաճառում է, իր գործարքն անում վերջացնում է»:
Հարությունովի խոսքով՝ ցանկացած հնարավորություն, որը պետությունը տրամադրում է՝ մարդկանց պետք է հետաքրքրի. «Մարդիկ կան մտածում են՝ պետությունն ամբողջովին է փոխհատուցելու, սա ուղղակի հնարավորություն է՝ բնակարանը գնել, որի մի մասը կվճարի պետությունը՝ կախված տարածքից: Նույնիսկ, եթե բնակարանի գնի կեսն էլ է հատուցվում, դա էլի մեծ հնարավորություն է: Խորհուրդ կտամ՝ բոլորն էլ դրանից օգտվեն: Հնարավոր է մեր պետությունը հինգ տարի հետո ավելի լավ վիճակում է լինում, ասում է՝ ովքեր շահառու էին, իրենց մնացած պարտքն էլ ես կմարեմ»: