ԵՄ վիզա ստանալը մնում է բարդ և խճճված Zarkerak - ԵՄ վիզա ստանալը մնում է բարդ և խճճված
Zarkerak Zarkerak - ԵՄ վիզա ստանալը մնում է բարդ և խճճված
ԵՄ վիզա ստանալը մնում է բարդ և խճճված

ԵՄ վիզա ստանալը մնում է բարդ և խճճված

Նախորդ տարի Երևանն ու Բրյուսելը հայտնեցին վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու մասին։ Լուրը մեծ ոգևորություն է առաջացրել հանրության շրջանում, թեպետ հասկանալի է, որ այդ գործընթացը կարող է տևել 3-5 տարի։
Եվրոպական երկրների մուտքի վիզա ստանալու գործընթացը Հայաստանի քաղաքացիների համար գրեթե միշտ եղել է սթրեսային։ ՀՀ քաղաքացիները հաճախ վիզաների կենտրոններում ու հյուպատոսական ծառայություններում կարելի է ասել անցնում են դժոխային ճանապարհով։  Եվրոպական որոշ երկրների մուտքի վիզա ստանալու համար երբեմն հարկավոր է լինում համապատասխան կենտրոններում գրանցվել 5-6 ամիս առաջ, կամ լրացուցիչ գումարի դիմաց ստիպված օգտվել զբոսաշրջային ծառայություններից։

Վերջին տարիներին ՀՀ քաղաքացիները սկսել են հաճախ մեկնել Եվրոպա։ ՀՀ շատ քաղաքացիներ ցականում են Եվրոպական երկրներ մեկնել տարբեր նպատակներով, սակայն բախվում են վիզա ստանալու հերթերի ու մի շարք խնդիրների հետ։ Առավել բարդ իրավիճակում են հայտնվում հատկապես բիզնեսի և բուժման նպատակով Եվրոպա մեկնել ցանկացողները։ Նրանք հաճախ վիզա ստանալու համար պետք է անցնեն բարդ, խճճված գործընթաց, որի վերջնարդյունքը երբեմն բացասական է լինում։

Հայաստանն ու Եվրամիությունը վերջին տարիներին ավելի հաճախ են խոսում ինտեգրման կարևորության մասին, սակայն ինտեգրումը նախևառաջ նշանակում է քաղաքացիների տեղաշարժի համար պահանջվող փաստաթղթերի կարգավորման անխոչընդոտ պայմաններ, ինչը Եվրոպական երկրների շատ դեսպանատներ ու հյուպատոսություններ չեն ապահովում։

Վիզաների տրամադրման գործընթացի երբեմն անհիմն խոչընդոտներն ու քաշքշուկները լրջորեն հարվածում են ինտեգրման գործընթացին։ Մի կողմից խոսում են Եվրամիության հետ բինզես շփումների ակտիվացման մասին, սակայն մյուս կողմից վիզաների հատկացման բարդ և խճճված գործընթացով բազմաթիվ խնդիրներ են ստեղծում հայկական բիզնեսի համար։ Նույնը վերաբերում է նաև այն քաղաքացիներին, որոնք կարիք ունեն բուժում ստանալ Եվրոպայում, սակայն ստիպված են լինում ամիսներով սպասել վիզա ստանալու համար։

Հասկանալի է, որ ԵՄ վիզաների ազատականցման գործընթացը ժամանակ պահանջող գործընթաց է, սակայն մինչև այդ առնվազն անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ քաղաքացիները վիզա ստանալու համար ստիպված չլինեն անցնել բարդ ու խճճված ճանապարհով։ Այդ ճանապարհը համեմատաբար ավելի անխոչընդոտ անցնելու համար մեծ ջանք պետք չէ, ընդամենը անհրաժեշտ է, որպեսզի ԵՄ երկրների դեսպանատները, հյուպատոսությունները և վիզաների կենտրոնները բարելավեն մատուցվող ծառայությունների որակը և ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

20 Հունվար, 2025 11:50
Վեր