Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այս համակարգը կարևոր է ապապետությունից պետություն անցման տրամաբանության մեջ: Համընդհանուր հայտարարագիրն այն քայլերից մեկն է, որը մեզ պետականազուրկ ժողովրդի գործելակարգից պիտի առաջնորդի դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ նպատակները մի քանիսն են. «Դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարի և կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է: Կոռուպցիան իրականում չի պարփակվում, սահմանափակվում միայն բարձրաստիճան կամ ոչ բարձրաստիճան պաշտոնյաներով: Կան հայտարարագրվող պաշտոնյաների ընտանիքների անդամներ, որոնք համընդհանուր հայտարարագրման համակարգի մեջ չեն մտնում և կան քաղաքացիներ, որոնք որևէ պաշտոնական կարգավիճակ չեն զբաղեցնում: Հետևաբար սա կարևոր է կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելու համար: Երկրորդը՝ մեր սոցիալական քաղաքականությունն ավելի նպատակաուղղված դարձնելու համար: Մենք այսօր ունենք անապահովության գնահատման համակարգ, որը եղել է մեր երկրի ամենակոռումպացված տեղերից մեկը: Մարդու սոցիալական վիճակի գնահատումը տեղի է ունենում սուբյեկտիվ»:
Փաշինյանն անդրադառնալով առողջապահության ոլորտին՝ նշեց. «ՀՀ-ում պետությունը միլիարդներ է ծախսում ծննդօգնությունը 100 տոկոսով ֆինանսավորելու համար, բայց արդյոք բոլորը դրա կարիքն ունեն: Կարող ենք մենք դնել մարդու աշխատավարձը, ասել՝ այս շեմից, ով ավել աշխատավարձ է ստանում, նրա առողջապահությունը չենք ֆինանսավորում, ով պակաս է ստանում՝ ֆինանսավորում ենք, բայց աշխատավարձն օբյեկտիվ ցուցիչ չի: Կան մարդիկ, որ աշխատավարձ չեն ստանում, բայց ինչ-որ ընկերություններից տասնյակ միլիոնների դիվիդենտ են ստանում»:
Վարչապետն ընդգծեց նաև, որ համընդհանուր հայտարարագրմամբ ստվերի կրճատման շատ կարևոր գործառույթ են իրականացնում: