Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Շատ կարևոր է մի արձանագրում անել, որ արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որ մենք առաջարկում ենք ՀՀ քաղաքացիներին և միջազգային գործընկերներին հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա, սա շատ կարևոր առանձնահատկություն է»,- ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ըստ էության ՀՀ-ն այսօր իրականացնում է այդ հենքի վրա բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը. «Ինչը նշանակում է, որ մեր արտաքին գործընկերների հետ հարաբերությունները չեն զարգանում մի հարաբերությունը մյուսի հաշվին, բայց մյուս կողմից այդ հարաբերություններն ունեն որոշակի փոխազդեցություններ: Եվ հայեցակարգային նրբությունն այն է, որ այդ արտաքին հարաբերությունների միջև որոշակի բալանս ձևավորվի և այդ բալանսը դառնա գործոններից մեկը, որով ապահովվում է ՀՀ անվտանգությունը, որն էլ իր հերթին հիմնված է լեգիտիմության Հայաստանի վրա, որի վրա էլ իր հերթին հիմնված է իրական Հայաստանի հայեցակարգը» ։
Փաշինյանը կարծում է, որ ՀՀ-ն ճիշտ զարգացման տրամաբանության վրա ենք հայտնվել.«Կարող եմ ասել հետեւյալը, որ ես համարում եմ այն պրոցեսը, որը մենք անցել ենք, ճամփորդություն է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից դուրս՝ այսօրվա իրական աշխարհ։ Եվ այն բոլոր բարեփոխումները, որ մենք այսօր անում ենք, ըստ էության հենց դրա մասին են։ Մենք առաջարկում ենք, որպեսզի մենք բոլորով, ՀՀ բոլոր քաղաքացիներով, մենք մեզ հաշիվ տանք, որ ապրել ենք այդ վեպի սյուժեի մեջ եւ դուրս գանք այդ վեպի սյուժեից դեպի իրական Հայաստան»: