Եթե Հայաստանում «միջանցք տվող» կառավարություն լիներ, կրակոցներ չէին հնչի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իշխանության հասցեին հնչող քննադատություններին, թե Ադրբեջանին «միջանցք է տալու», շեշտեց՝ եթե Հայաստանում «միջանցք տվող» կառավարություն լիներ, կրակոցներ չէին հնչի:լրատվամիջոցների  և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովուրդ ջան, ի՞նչ իմաստ կունենային այդ կրակոցները: Այդ ագրեսիվությունը մեր կառավարության նկատմամբ բոլոր կողմերից չէր լինի, եթե մենք այդպես հեշտ տվող կամ ընդհանրապես տվող լինեինք, չէր լինի դա:

Մեր կառավարությունը հնարավոր ձևերով փորձում է Հայաստանի շահը պաշտպանել, և դրա համար հարվածներ է ստանում:  Եվ հնարավոր է՝ էլի կստանանք, բայց որևէ մեկն ուզում է, որ մենք Հայաստանի շահից հրաժարվե՞նք»,-նշեց նա:

 Հայաստանն է որոշում, թե ինքն ինչ ճանապարհով է ապահովում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի հաղորդակցությունը. միջանցքային տրամաբանություն գոյություն չունի,  ասաց  Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ամրագրված անխոչընդոտ երթևեկություն արտահայտությունը կիրառելով՝ պնդում է, թե սա հենց սուվերեն միջանցք է նշանակում:

«Եթե դա նշանակեր սուվերեն միջանցք, գրված կլիներ՝ «սուվերեն միջանցք»: Մանավանդ, որ այդ նույն փաստաթղթի մեջ «միջանցք» բառն օգտագործված է՝ Լաչինի միջանցք ձևակերպմամբ, և գրված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի հսկողության տակ: Ավելի տրամաբանական է ասել՝ այդ նույն ձևակերպումը նշանակում է «չմիջանցք», այսինքն` միջանցքի բացառում:

Հայտարարության 9-րդ կետի ի կատարումն ընդունվել է 2021-ի հունվարի 11-ի հայտարարությամբ: Հունվարի 11-ի հայտարարության հիման վրա ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը, Ադրբեջանի մասնակցությամբ, արձանագրել է, որ վերագործարկվող ճանապարհները գործելու են երկրների սուվերենության և տարածքային ամբողջականության շրջանակներում: «Այսինքն, ճանապարհը, որն անցնում է, պետք է լինի տվյալ երկրի սուվերենության ներքո: Եվ ճանապարհների օգտագործումը պետք է տեղի ունենա պարիտետային սկզբունքով: Այսինքն՝ կա երկու հարց, առաջինը՝ սուվերենության հարցը, որը ՌԴ-ն ինքն արդեն հայտարարել է: Աշխատանքային մակարդակում մենք երբեք Ադրբեջանից «միջանցք» արտահայտություն չենք լսել: Եռակողմ աշխատանքային խմբում արձանագրվել է, որ չկա: Երկրորդը՝ ինչո՞ւ մեզ համար պետք է ընդունելի լինի այն, ինչ չկա, մենք դա ընդհանրապես ինչո՞ւ պետք է քննարկենք»,-ասաց վարչապետը:

Վարչապետը խոսեց Ադրբեջանի շանտաժի քաղաքականության մասին. «Անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» և ասում է, որ եթե միջանցք չտա ՀՀ-ն, ինքը պատերազմով այդ միջանցքը կստանա: Հայաստանը պետք է այս փաստը դնի միջազգային հանրության աչքի առաջ: Եվ Հայաստանը պետք է սա ի ցույց դնի՝ որպես Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ քաղաքականություն, որը պետք է համարժեք միջազգային գնահատականի արժանանա»:

Միևնույն ժամանակ Փաշինյանը վստահեցրեց, որ ՀՀ-ն ոչ միայն պատրաստ է, այլ նաև շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասով՝ նշելով, որ ՀՀ-ն 30 տարի գտնվում է շրջափակման մեջ, և սա ապաշրջափակման հնարավորություն է:  

Մյուս կողմից, Հայաստանը շահագրգիռ է, որ երկաթուղային, ավտոմոբիլային կապերը վերականգնվեն:  «Այո, Ադրբեջանը պետք է ստանա ճանապարհ՝ ավտոմոբիլային և երկաթուղային: Տվյալ դեպքում Նախիջևանի մասին չէ իրականում խոսքը, տվյալ դեպքում Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է խոսքը, այսինքն՝ մեծ միջազգային ճանապարհի մասին է խոսքը:Կարծում եմ, որ այդտեղ էլ ՀՀ-ն շահագրգռվածություն ունի: Երբ նայում ենք Ադրբեջան-Նախիջևան, թվում է, թե դա Ադրբեջան-Նախիջևան կապն է, բայց դա իրականում նոր միջազգային ճանապարհի մասին է: Եվ, բնականաբար, ՀՀ-ն պետք է շահագրգիռ լինի, որ նոր միջազգային ճանապարհն անցնի իր տարածքով»,-ասաց նա:

«Չեմ հասկանում, թե ինչու ՀՀ-ն պետք է հրաժարվի ճանապարհ տալուց,  այսօր աշխարհում բոլոր երկրները պայքարում են մի բանի համար, որ ճանապարհները, երկաթուղիները, գազամուղները, նավթամուղերը անցնեն իրենց տարածքով, ընդհանրապես՝ բեռները հնարավորինս շատ տարանցվեն իրենց տարածքով: Ընդհակառակը,  ՀՀ-ն  շահագրգռված է, որ Թուրքիայի երկաթուղին բացվի, ուզում է, որ Կարս-Գյումրի երկաթուղին բացվի և ավելի մեծ կոնտեքստ ստանա, որից ՀՀ-ն նույնպես օգտվի, գնա ոչ միայն ՌԴ, այլ նաև՝ Եվրոպա, երկաթուղային կապ ստանա Եվրոպայի, ՌԴ-ի, Իրանի հետ: Ադրբեջանը հասկանում է, թե սա ինչ է նշանակում: Դրա համար էլ անընդհատ փորձ է անում, այդ թվում՝ ՀՀ-ի ներսում նյարդային մթնոլորտ ստեղծել, որ ստացվի, որ ՀՀ-ն ինքն իր ապաշրջափակմանը դեմ է արտահայտվում: Հասկանու՞մ եք աբսուրդն ուր է հասել: Եվ այսօր Ադրբեջանը հստակ օգտագործում է որոշ ուժերի, չգիտեմ որտեղից հրահրվող տրամադրությունը, թե ճանապարհ պետք է չտալ»,-ասաց վարչապետը:

Վարչապետը նկատեց, որ մյուս կողմից Ադրբեջանը զարգացնում է միջանցքային տրամաբանություն, ու շեշտեց, որ չկա միջանցքային տրամաբանություն, ուղղակի գոյություն չունի:

23 Նոյեմբեր, 2021 21:54
Վեր