Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 23-ին սրբապղծություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, անհայտ անձը կամ անձինք Գառնի գյուղի գերեզմաններում կոտրել են հանգուցյալի շիրմաքարը: Ըստ նախնական տեղեկությունների՝ արարքը կատարողի ինքնությունը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնի ծառայողները ճշտել են և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի գյուղացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են. «Ում շիրմաքարը որ կոտրել են, գյուղում շատ հարգված կին է եղել: Երկար տարիներ դպրոցում մի քանի սերունդ է դաստիարակել ու միշտ բարձր է գնահատվել այդ կնոջ թե՛ մարդկային հատկանիշները, թե՛ աշխատանքը դպրոցում: Ուզում ենք, որպեսզի իրավապահները հայտնաբերեն ու դրան օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկեն: Մի տղան Միացյալ նահանգներում է, մի տղան էլ այստեղ է, ու ամբողջ գյուղն արդեն գիտի, թե ով է այդ արարքը կատարել. մնում է ոստիկանները բռնեն ու նա պատժվի օրենքի ամբողջ խստությամբ»: