Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Եթե համեմատենք նախորդ անգամ տված հարցազրույցի հետ, հատկապես հռետորաբանության մեջ փոփոխություն կա, որովհետև նախորդ անգամ Ալիևը սպառնում էր, որ միջանցքն ուժով կբացի»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Զանգեզուրի միջանցք»-ի մասին հայտարարություններին՝ ասաց թուրքագետ Նելլի Մինասյանը:
Ալիևի հայտարարությունները՝ ըստ Մինասյանի, հնչել են Թուրքիայի արտգործնախարարի այցից կարճ ժամանակ անց և շեշտադրումները որոշակիորեն փոխվել են. «Կարծում եմ, որ այս հայտարարությունը որոշ չափով կապված էր թուրք նախարարի այցելության հետ և ինչ-որ մեսիջներ էլ հենց այդ հանդիպման արդյունքներն էին: Ալիևի հռետորաբանությունը մեղմացել է: Ալիևի որոշ ասածներ ներքին լսարանի համար էին, որովհետև արտաքին լսարանին ուղղված հատվածն այն էր, որ իրենք տարածքային պահանջներ չունեն Հայաստանի նկատմամբ, մինչև հիմա Ալիևը նման հայտարարություն չէր արել»:
Խոսելով այն մասին, որ Ալիևը կրկին մեջ է բերում նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը և նշում, որ ՀՀ-ն չի կատարում իր պարտավորությունները՝ թուրքագետն ընդգծեց. «Բոլոր կողմերն էլ հասկանում են, որ այդ փաստաթուղթն այլևս չի գործում, ուղղակի որևէ կողմ իր վրա պարտավորություն չի վերցնում դա բարձրաձայնելու: Մինչև 9-րդ կետը եղել է ևս 8 կետ, որոնցից ոչ մեկը փաստացի չի կատարվել, այնպես որ նոյեմբերի 9-ի փաստաթղթին հղում անելն իմ կարծիքով անտրամաբանական է»:
Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև Իրանի տարածքով անցնող ճանապարհի շինարարությանը. «Ալիևը նշեց, որ եթե Հայաստանը չհամաձայնի, իրենք կգնան Իրանի տարածքով և Հայաստանը կշարունակի մնալ շրջափակված: Նա քաղաքական շանտաժներով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, դա խոսում է այն մասին, որ իրենք, համենայն դեպս, այս պահին չունեն միջազգային հանրության հովանավորչությունը»:
Նելլի Մինասյանի խոսքով՝ միջանցքային տրամաբանության մասին խոսակցությունները պետք է քիչ լինեն մեր դաշտում. «Կարծում եմ՝ Հայաստանի իշխանություններն այդ հարցում կպահեն խոսքը, որովհետև դա իր հետևից բերելու է շղթայական այլ խնդիրների: Դա իսկապես կարմիր գիծ է մեզ համար և մինչև հիմա եղած բոլոր իրադարձությունները փաստում են, որ այդ հարցի հետ կապված ՀՀ իշխանություններն իրենց հստակ դիրքորոշումն արտահայտել են»:
Ալիևը խոսել էր նաև Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին: Մեր այն հարցին, թե արդյոք հավանական է, որ ՀՀ-ի առաջարկն ընդունելի լինի Ադրբեջանի համար և նա հրաժարվի «Զանգեզուրի միջանցք»-ից՝ Մինասյանն ասաց. «Իրենց պատկերացրած «Զանգեզուրի միջանցք»-ն այլ խնդիրներ է իր մեջ պարունակում, դրանք ռազմավարական տեսանկյունից անհամեմատելի են: «Խաղաղության խաչմերուկ»-ն իրենից ենթադրում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ևս պետք է լինեն մասնակից: Ինչ-որ մի տեղ Ադրբեջանի նախագահի ասածի մեջ ճշմարտություն կա, որ եթե հարևանությամբ գտնվող բոլոր երկրները չմասնակցեն «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, այն ինչ-որ առումով թերի է մնալու: Պետք չի ոչ բացառել, ոչ էլ ամբողջությամբ ընդունել Ադրբեջանի հնարավոր մասնակցութունն այդ նախագծին»:
Նելլի Մինասյանն ընդգծեց, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածն Ադրբեջանի և Թուրքիայի համար՝ որպես ռազմավարական նախագիծ, հետագայում էլ կշարունակի մնալ նրանց արտաքին քաղաքականության օրակարգում. «Իրենք չեն հրաժարվելու այդ նախագծից, էսկալացիայի ռիսկն էլ միշտ կա»։