Ադրբեջանը փորձում է լարվածություն մտցնել հայ-հունական հարաբերություններում. ՀՀ դեսպանը խոսել է Սալոնիկի միջադեպի մասին

Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ, հանվել է Հայաստանի դեսպանության, ներհամայնքային կառույցների, Հունահայկական առևտրի պալատի և Հայ դատի Սալոնիկի հանձնախմբի ջանքերով:  Այս մասին հայտնեց Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Մենք կապ հաստատեցինք ու աշխատեցինք Սալոնիկի քաղաքային իշխանությունների, նաև գործադիր իշխանության հետ, բացատրեցինք, որ անհապաղ այդ գովազդները հեռացվեն, քանի որ քաղաքական բնույթ ունեն, սադրիչ են: Հաշված ժամերի ընթացքում հունական իշխանություններն արձանագրեցին, և գովազդը հեռացվեց ավտոբուսի վրայից»,- ասաց դեսպանը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից նմանօրինակ գործողություններ կարելի է սպասել ոչ միայն Հունաստանում, որտեղ ադրբեջանական փոքր համայնք կա, այլև այլ երկրներում ևս: «Ադրբեջանն ուղղակի փորձում է նման սադրիչ քայլերով որպես իրականություն ներկայացնել ու հավերժացնել ուժի կիրառման հետևանքով արձանագրված արդյունքները, մինչդեռ մենք հստակ գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում: Դրա մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրներն էլ խոսել են: Ստացվում է՝ Ադրբեջանը նման մեթոդներով փորձում է մեկընդմիշտ «ֆիկսել», թե իբր Շուշին ադրբեջանական է, և չի կարող վերանայվել Շուշիի վերադարձ Լեռնային Ղարաբաղի կազմում: Բայց Լեռնային Ղարաբաղն ունի իր հստակ ադմինիստրատիվ սահմանները, և Շուշին, ինչպես նաև Հադրութը միանշանակ այդ սահմանների մեջ են: Շուշին և Հադրութն այս պահին օկուպացված են: Նման քայլերով Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե այդ հարցը փակված է: Ադրբեջանը գնում է ընդդեմ բանակցային գործընթացի տրամաբանության: Այս քայլը ես դիտարկում եմ որպես սադրանք՝ հատկապես այնպիսի բարեկամական երկրում, ինչպիսին Հունաստանն է, որի իշխանությունները մեկ անգամ չէ, որ համերաշխություն են հայտել ՀՀ դիրքորոշումներին համահունչ: Նման սադրիչ քայլով փորձում են ինչ-որ լարվածություն մտցնել հայ-հունական հարաբերություններում, ինչը, բնականաբար, չի ստացվելու»,- եզրափակեց Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

24 Նոյեմբեր, 2021 20:19
Վեր