Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Եղել է բողոք, որը, հավանաբար, օբյեկտիվ հիմք ունեցել է և քաղաքային իշխանությունը գնացել է զիջման ու փոխզիջումային տարբերակ է մշակել, որտեղ հաշվի են առնվել նաև հասարակության շահերը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով տրանսպորտի գնի փոփոխությանը՝ ասաց ՔԺԿ փոխնախագահ Հայկ Սուքիասյանը:
Խոսելով ընդդիմադիր պատգամավորների և ավագանու անդամների բողոքի ակցիաների մասին՝ Սուքիասյանը նշեց. «Պարզ է, որ այս մարդկանց «փորացավը» տրանսպորտի գինը չէ, դա իրենց համար առիթ է, հնարավորություն՝ իրենց «դիակները» վերակենդանացնելու և Հայաստանի ներքին կյանքը ցնցելու, ուրիշ բան չկա: Նրանք Հայաստանի վատթարագույն, կողոպտված անցյալն են, նրանք չեն ուզում Հայաստանի ազատությունն ու անկախությունը: Հիմա եթե տրանսպորտն իջեցնեն 100 դրամ, պետք է ասեն՝ 50 դրամ կարելի է իջեցնել, սկսելու են 50 դրամի համար պայքարել: Հասարակությունը նրանց անհաղորդ է, մեծ մոբիլիզացիա չկա, մարդիկ բավարարվեցին ու անցան իրենց գործին»:
Սուքիասյանի խոսքով՝ ընդդիմադիրներն արշավ են սկսել պետության դեմ. «Պետության մեջ որոշակի ներքին կայունություն էր հաստատվել, ինչը պարզ է, որ իրենց համար քաղաքական իմաստով մահ է: Քանի որ այս մարդիկ մեր պետության հետ կապված մարդիկ չեն, այս մարդկանց հայրենիքն ու պետությունը լրիվ ուրիշ տեղ է, հիմա կատարում են իրենց ֆունկցիան: Ժողովրդին առաջարկում եմ՝ գնահատել քաղաքային իշխանության գործողությունները, չտրվել այդ անիմաստ սադրանքներին: Իրենք կհասկանան, որ մեր ժողովուրդն իրենց անցյալը լավ գիտի, իրենց հետ այլևս ապագա չի կապում, մի երկու օր էլ ակցիաներ կանեն ու կգնան տուն, նաև զեկուցումներ կուղարկեն համապատասխան տեղեր, որ տեսեք՝ մենք մեր գործն ինչքան կարողացել՝ արել ենք»:
Իրականացվող ակցիաները՝ ըստ Հայկ Սուքիասյանի, անհարմարություններ են պատճառում մարդկանց. «Դա ազդում է նաև մարդկանց առօրյայի վրա, այս ամբողջ պրոցեսի մեջ իրենք ինչ-որ մինիմում բաներ անում են, իրենք գիտեն, որ չեն հաջողելու, բայց քանի որ մխտռում են մարդկանց կյանքը, մարդիկ դա ընկալում են հետևյալ կերպ, որ այս իշխանությունը թույլ է, իրենց նպատակը նաև իշխանության լեգիտիմության հետ խաղալն է, ինչքան հնարավոր է՝ իջեցնելը: Վերջը մարդիկ ամեն օր աշխատանքի են գնում ու ինչ-որ մարդիկ իրենց ներվերն ուտում են, իրենք ավտոմատ իշխանությանն ասելու են՝ կարգի բերեք այդ մարդկանց, մենք ուզում ենք հանգիստ գնալ աշխատանքի»:
Այնուամենայնիվ, կատարված փոփոխությունը և՛ հասարակությանը, և քաղաքային իշխանությանը բավարարում է՝ նշեց Սուքիասյանը. «Նկատի ունենանք, որ զանգվածային ընդվզումներ չկան, նրանք ինչ անում են, իրենք իրենց տանեցիների հետ են անում, զանգվածային հասարակության մոտ դժգոհություն չկա: Սա նշանակում է, որ բավարարված են և ընբռնումով են մոտեցել քաղաքային իշխանության կայացրած որոշմանը, քաղաքային իշխանությունն էլ ըմբռնումով է մոտեցել հասարակության բողոքին»: