Օդի աղտոտվածության վիճակը  անբարենպաստ է․ ինչու են տարբեր քաղաքապետարանի և նախարարության չափման ցուցանիշները Zarkerak - Օդի աղտոտվածության վիճակը անբարենպաստ է․ ինչու են տարբեր քաղաքապետարանի և նախարարության չափման ցուցանիշները
Zarkerak Zarkerak - Օդի աղտոտվածության վիճակը անբարենպաստ է․ ինչու են տարբեր քաղաքապետարանի և նախարարության չափման ցուցանիշները
Օդի աղտոտվածության վիճակը  անբարենպաստ է․ ինչու են տարբեր քաղաքապետարանի և նախարարության չափման ցուցանիշները

Օդի աղտոտվածության վիճակը անբարենպաստ է․ ինչու են տարբեր քաղաքապետարանի և նախարարության չափման ցուցանիշները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Վիճակը համարվում է անբարենպաստ, անելիք ունենք աղտոտվածության ցուցանիշների նվազեցման ուղղությամբ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյան: 

Անդրադառնալով IQAir հարթակի կողմից տրամադրվող օդի աղտոտվածության տվյալներին, ըստ որոնց  երբեմն խորհուրդ է տրվում Երևանի կենտրոնում շրջել դիմակներով, նա նշեց. «Մեզ համար այդ տվյալները կողմնորոշիչ նշանակություն ունեն՝ հաշվի առնելով, որ սարքավորումները սիրողական են,  չափումների որոշակի սխալանքով՝ մինչև 40 տոկոս»: 

Ըստ նրա նաև կայքի՝ աղտոտվածության մակարդակի սիրողական ցուցանիշներն են պատճառը, որ երբեմն անտեղի շահարկումներ են լինում, բայց և չի ժխտում՝ ունեցած վիճակը լավատեսական լինելուց հեռու է: 

Ինչ վերաբերում է դիմակ կրելու անհրաժեշտությանը՝ ընդգծեց, որ կառավարության որոշմամբ՝ աղտոտվածության վտանգավոր ցուցանիշների դեպքում Առողջապահության նախարարությունը հանդես կգա համապատասխան կոչով.«Դա լինում է այն դեպքում, երբ օրական միջին ցուցանիշը 20 անգամից ավելի է, մեզ մոտ այս տարի շատ ավելի քիչ են եղել աղտոտվածության ցուցանիշները և դրա կարիքը չի եղել»

Նշենք, որ ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին հունվարի 22-28-ին Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, իսկ ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։

Խնդրի մասին խոսել է նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը.«Պետք է սկսենք կոնկրետ գործուն քայլեր ձեռնարկել, օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, որոնք մարդածին աղտոտվածության մակարդակը կարող են նվազեցնել»։

Շաբաթներ առաջ  ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ էր անդրադարձել  IQAir  հարթակին.«Երբ բացեցի այս կայքը, ինձ մոտ մի պարզ հարց ծագեց, իսկ որտեղի՞ց է այն վերցնում օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալները...Երևան քաղաքի համար տվյալների աղբյուրները որևէ կերպ չեն կարող համարվել հավաստի և պրոֆեսիոնալ»,- փոխարենը ըստ նրա՝ շատ ավելի հավաստի աղբյուրներից էին Լոնդոնի, Միլանի ցուցանիշները: 

Քաղաքապետարանը նախընտրում է հավատալ  օդի աղտոտվածությունը չափող այն գործիքներին, որոնք շինարարության ակտիվացմանը զուգահեռ տեղադրված են խոշոր շինհրապարակներում՝ չափում են բացառապես փոշով աղտոտվածությունը.«Համեմատած սիրողական սարքավորումների ավելի  մեծ ճշգրտություն ունեն և առաջնորդվում ենք դրանցով՝ այդ կերպ փորձելով վերահսկել  շինարարությունները, շինհրապարակներից փոշու արտանետումները»: 

Նորմերի խախտումների համար կառուցապատողները տուգանվում են 70-100 հազար դրամ. «161 սարք է տեղադրվել կառուցապատողի կողմից, սարքի զուտ գոյությունը շինհրապարակում պարտավորեցնում է իրականացնել արտանետումները նվազեցնելու միջոցառումներ՝  բարձր ցուցանիշներից խուսափելու համար: Իսկ բարձր թվերի դեպքում մեր աշխատակիցները գնում են դրա հետքերով, շատ հեշտ վերահսկողական գործիք է: Տվյալները  հաղորդվում են մեր հարթակին, մենք էլ դրանց բաց հասանելիություն ենք տվել»,- նշեց նա և նկատեց, որ գուցե հենց բաց հասանելիության հետևանքով է, որ մայրաքաղաքում օդի աղտոտվածության ցուցանիշները մտահոգում են հանրությանը, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ դա քաղաքի մթնոլորտի ամբողջ աղտոտվածությանն է վերաբերում:  Ընդգծում է՝ միայն շինհրապարակների տվյալներով դժվար է հասկանալ,  ի վերջո որտեղից  այդքան փոշի Երևանի օդում, դեռ 2022-ին սա պարզելու համար մրցույթ է հայտարարվել, որին մասնակից չի եղել: 

«Սա չի համարվում Երևան քաղաքի օդի ֆոնային աղտոտվածության ցուցիչ՝ ելնելով այդ ցուցանիշներից մեր սարքերը չեն կարող միանշանակ ասել Երևան քաղաքում օդի աղտոտվածությունը բարձր է թե ցածր,  ֆոնային աղտոտվածությունը չափելը լիազորված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ին», - նշեց վերջինս ու հավելեց, որ  ՇՄՆ-ի ձեռքբերած կայանները կտեղադրվեն առաջիկա ամիսներին ու օդի ֆոնային աղտոտվածության վերաբերյալ առավել ամփոփ տվյալներ կներկայացնեն: 

«Եթե դիտարկենք վերջին 10-15 տարվա ցուցանիշները  այս տարվա ցուցանիշները գերազանցումներով չեն տարբերվում նախորդ տարվանից, ամառվա ամիսների համեմատ ավելի պակաս են փոշու արտանետումները, քան 2022-23-ին: Հիմա ձմեռային ամիսներին ունենք  2,5-3 անգամ գերազանցումներ, 2016-2017-ին՝ մինչև 12 անգամ», - նշեց Ավետիսյանն ու ընդգծեց, որ ձմռանը հատկապես օդի աղտոտվածության ցուցանիշները բարձրանում են՝ նախ քամիներն են պակասում, հետո նկատվում է աղտոտվածության կուտակում, անձրև, ձյուն է պետք, որ այն ցրվի: 

Սակայն հույսը հնարավոր չէ դնել միայն բնական գործոնների վրա.«Մշակվում է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր: Պլանում արտացոլված են աղտոտման հիմնական պատճառները և դրանց դեմ պայքարելու մեխանիզմները: Պատճառներն են՝ բաց հանքերը, շինարարությունը, տրանսպորտը, Նուբարաշենի աղբավայրը, կոշտ վառելիքի այրումը»,- նշում է Ավետիսյանը: Վստահեցնում է, որ խնդրի դեմ պայքարելու ամենագործուն եղանակը ջրային և կանաչ տարածքների ավելացումն է: 

Հավաստիցնում է, որ նոր բերված ավտոբուսները շատ ավելի քիչ են աղտոտում միջավայրը.«Տրանսպորտը օդն աղտոտում է NO2 գազով: Այս տարի եթե համեմատում ենք 5 դիտակետերի տվյալները, դրա  ցուցանիշները ավելի ցածր են, քան նախորդ տարիներին»: 

Ինչպես է չափումներ իրականացնում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը

ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նախ անդրադարձավ այն տարածված խոսակցություններին, որ Երևանի քաղաքապետարանը և ՊՈԱԿ-ը տարբեր տվյալներ են ներկայացնում՝ համարելով դա օրինաչափ.«Քաղաքապետարանը չափում է փոշու մանր մասնիկները՝   PM2.5` 2,5 միկրոնից ցածր, և  PM10՝ 10 միկրոնից ցածր: Մեր կողմից իրականացվող փոշին իր մեջ որոշակիրոեն ներառում է  PM10-ը, բայց ավելի մեծ չափերի փոշին է՝ չտարանջատված»: 

«Անընդհատ համեմատական վերլուծություններ անում ենք, փոփոխության նույն տենդենցներն ունեն, բայց նույն արժեքները չեն կարող ունենալ՝ նախ չափման միավորով են տարբեր և երկրորդը`  չափման պարամետրերով: Այստեղ սխալանքի ու իրար նման չլինելու հարց չկա»

Ըստ նրա, երբ օդի որակի կոնցենտացիայի փոփոխություն է լինում ՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված,  երկու գերատեսչությունն էլ արձանագրում է.«Օրինակ՝ հունվարի 19-20-ին, երբ երկինքը  պարզվեց թե մեր, թե քաղաքապետարանի  չափումներով ցուցանիշները նվազեցին, բայց հունվարի 21-ին նորից թե մենք, թե քաղաքապետարանը ունեցանք կոնցենտրացիայի բարձրացում, երբ ազդեցությունը նույնն է լինում, տենդենցները նույնն են լինում»

Ի տարբերություն քաղաքապետարանի, Երևանի օդի որակը այս ՊՈԱԿ-ը չափում է հաշվի առնելով քաղաքում առկա փոշու ամպերը, մետաղական հանքերի առկայությունը, էրոզացված  հողը և այլ հանգամանքներ: Սակայն Գայանե Շահնազարյանի խոսքով, ունեցած հնարավորությունները բավարար չեն օդի աղտոտվածության ամբողջական պատկերը վեր հանելու համար.«Առկա համակարգը բավարար չէ աղտոտվածության աղբյուրները գնահատելու համար, օդի աղտոտվածությունը բազմաշերտ է, սրա համար դիտարկումները պետք է առարկայական իրականացվեն, նաև պետք է ստեղծվի արտանետումների հաշվառման համակարգ»,- նշում է նա ու հավաստիացնում՝ պետությունը այս ուղղությամբ քայլեր ձեռնարկում է:  

«Ունեցած տվյալներով չենք կարող հստակ հասկանալ աղտոտվածության որ աստիճանը որ աղբյուրից է լինում, դրա համար աղտոտիչների դեպքում բոլոր պատճառները թվարկում ենք»,- նշում է վերջինս ու ընդգծում՝ անկախ նրանից, թե աղտոտիչները որտեղից են լցվում օդ, կան առողջությանը հասցվող մտահոգիչ վտանգներ.«ԱՀԿ-ն աղտոտիչների որոշակի ցանկ է սահմանել, ամենավտանգավորը համարվում է PM2.5-ը՝ մասնիկներն այնքան փոքր են, որ արյան մեջ մտնելու հատկություն ունեն:  Փոշու մեծ մասնիկներն էլ կարող են գալ-մնալ կոկորդի խոռոչում, բերանում, ավելի մակերեսային հատվածներին: Ծանր մետաղների առկայությունը ևս շատ վտանգավոր է, բայց հիմնականում ծանր մետաղների մասով գերազանցումներ չունենք՝ լինելով հանքարդյունաբերական երկիր:  Այս մասով ամսական դիտարկումներ ենք անում՝ հենց ամենափոշոտ օրերին»: 

Հիմա ՊՈԱԿ-ը Երևանում ունի 5 կայան, հանրապետությունում՝ 11, խնդիր է դրված  չափանիշները համատասխանեցնել միջազգային ստանդարտներին՝ կան մասնավորապես ԱՀԿ խիստ ստանդարտներ, որոնց հասնելու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնել՝ թե՛ սարքերի, թե՛ չափման եղանակների, թե՛ իրավական նորմատիվների մշակման մասով: 

 

Մարիամ Մկրտչյան

 

 

 

 

 

 

04 Փետրվար, 2025 12:38
Վեր