Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ռազմարդյունաբերության ոլորտում վերջին տարիներին առկա է զգալի առաջընթաց, կատարվել են զգալի ծավալի ներդրումներ, իրականացվել են ինստիտուցիոնալ բարեփոխումներ»,-Zarkerak.am-ի հետ զրույցում հայտնեցին ԲՏԱ նախարարությունից:
Նշենք, որ 2022-24 թթ.-ին ռազմարդյունաբերության համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 6,436,044.9 հազար դրամ:
ԲՏԱ-ից նշեցին նաև, որ ռազմարդյունաբերության մեջ զգալի առաջընթաց կա մասնավորապես՝ ԱԹՍ-ների մշակման ոլորտում: Անդրադառնալով ՊՆ-ի հետ համագործակցությանը՝ նախարարությունից հայտնեցին. «ՊՆ-ի հետ աշխատանքային հարաբերությունները, համագործակցության մակարդակը շատ բարձր են գնահատվում, իսկ պահանջարկը բավարարում է ըստ ՌԱՀ ընկերությունների արտադրական հնարավորությունների, որոնք տարեց տարի բարելավվում են»:
Ըստ ԲՏԱ-ի՝ ռազմարդյունաբերության մեջ բարելավվում են նաև ոլորտը կարգավորող օրենսդրական, ենթաօրենսդրական նորմերը. «Այս ամենի վերջնարդյունքում սեփական արտադրության ռազմական նշանակության ապրանքի մասով վերացվել է պետական պատվերի համար շահույթի սահմանափակման շեմը, կարգավորվել է պետական պատվերի ձևավորման ամբողջ գործընթացը, սահմանվել են պետական մարմինների կողմից գործողություններ կատարելու հստակ ժամկետներ, պատվերի ձևավորման և պայմանագրի կնքման գործընթացը դարձել է հնարավորին թափանցիկ և գուշակելի, ինչի հետևանքով ռազմարդյունաբերության ոլորտը երկարաժամկետ ասպեկտում կդառնա բիզնես տեսանկյունից առավել գրավիչ, ինչն էլ կխթանի ոլորտում ներդրումների աճին»:
Խոսելով միջազգային գործընկերների հետ համագործակցության մասին՝ նախարարությունից ընդգծեցին. «Միջազգային համագործակցության շրջանակում ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները համագործակցում են արտերկրի գործընկերների հետ: Գին-որակ հարաբերակցությամբ՝ հայկական ռազմարդյունաբերության արտադրանքը չի զիջում, իսկ որոշ դեպքերում նաև գերազանցում է նմանօրինակ սեգմենտում միջազգային շուկայում առաջարկվող ապրանքներին»:
Թե որքանով է հայկական ռազմատեխնիկայի արտադրությունը նպաստում բանակի զարգացմանը՝ ԲՏԱ-ից նշեցին. «Հայկական ռազմատեխնիկայի արտադրությունն ամրապնդում է բանակը՝ այն դարձնելով ավելի ինքնուրույն, կատարելագործելով պաշտպանության միջոցները և աջակցելով տեղական տեխնոլոգիաներին և տնտեսությանը»:
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը հայկական ռազմարդյունաբերության ոլորտում էական առաջընթաց չի նկատում. «Որքան էլ փորձ է կատարվում այդ ուղղությունը զարգացնել, ներդրումներ ապահովել, միևնույնն է, չեմ տեսնում այն արդյունքը, որը սպասելի է: Մենք չպետք է բավարարվենք միայն որոշակի դետալների արտադրությամբ, չպետք է դրանք տանել ու համեմատել օրինակ՝ զենք-զինամթերքի հետ: Երբ ասում են ռազմական արդյունաբերություն, ես հասկանում եմ զենք-զինամթերք, ռազմական ռոբոտներ, իսկ մենք այսօր, ցավոք, դա չունենք՝ չնայած նրան, որ պետությունը բազմաթիվ քայլեր է ձեռնարկում, դրամաշնորհների միջոցով փորձում է քաղաքացիական հասարակությանը ներգրավել տարբեր ծրագրերի մեջ, որպեսզի կարողանան ռոբոտաշինությունը զարգացնել, բայց միևնույնն է, կարծես թե սայլը տեղից չի շարժվում»:
Ըստ Հովհաննիսյանի՝ խնդիրը նրանում է, որ մենք չենք կարողանում միջազգային ստանդարտներով որևէ առաջարկ անել. «Մենք պետք է կարողանանք մրցունակ լինել դրսում ոչ միայն որակական, այլև՝ գնային առումով: Այդ բոլոր նախադրյալները կան, որ ՀՀ-ն կարող է զարգացնել, բայց թե ինչու չի արվում՝ բարդ է ասել»:
Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական ռազմարդյունաբերության զարգացումը կնպաստի նաև բանակի զարգացմանը. «Դա շատ կարևոր է, առաջին հերթին, նրանով, որ ռազմական գործողությունների ընթացքում մենք կարող ենք մեր հույսը դնել մեր տեղական արտադրության վրա, երբ օրինակ՝ լոգիստիկ խնդիրներ ստեղծվեն: Օրինակ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք ականատես եղանք, որ ճանապարհներ փակվեցին, լոգիստիկ խնդիրներ կային փոխադրումների հետ կապված, իսկ տեղական ռազմարդյունաբերության դեպքում մենք այդ խնդիրները գոնե մեծ տոկոսային հարաբերությամբ կկարողանանք չեզոքացնել և հենց դրանով պայմանավորված մեր բանակը կարող է լինել մարտունակ»:
Թե ինչ զինատեսկաներ պետք է արտադրել՝ ռազմական փորձագետը նշեց. «Մեզ համար կարևոր է հեռահար կա միջին հեռահարության զինտեխնիկա ստեղծելը, բայց դրանք արդեն մեծ գումարների հետ կապ ունեն, դրա համար մենք պետք է սկսենք հրաձգային զինատեսկաներից, ես խոսում եմ ժամանակակից ստանդարտներին համապատասխան հրաձգային զինատեսկաների մասին, որից հետո մենք կկարողանանք արդեն անցում կատարել այլ զինտեխնիկաների: Այն երկրները, որոնք այսօր ռազմարդյունաբերության բում են ապրում, նրանք ժամանակին կարողացել են իրենց զինանոցում եղածը մոդերնացնել, այսինքն՝ գործարան չեն ստեղծել, պարզապես իրենց զինանոցում եղածը փորձել են ձևափոխել, այդ նույնն էլ մենք կարող ենք անել: Այստեղ շատ կարևոր է ոչ ստանդարտ մտածելակերպով մոտեցումը, ամենակարևորն այն է, որ մենք կարողանանք միջազգային գործընկերների հետ աշխատել ու օրինակ, եթե որևէ երկրից զենք-զինամթերք ենք ձեռք բերում, այդ երկրին ասենք՝ եկեք իքս քանակի զինամթերքը նաև մեր երկրում արտադրենք»:
Այս ամենի հետ մեկտեղ՝ Հովհաննիսյանը շեշտեց, որ մենք ունենք պոտենցիալ՝ ռազմարդյունաբերությունը զարգացնելու. «Այստեղ կարևորը մեկնարկը տալն է, դրա համար պետք է կարողանանք ունենալ լավ մասնագետներ, իսկ շատ լավ մասնագետներին պետք է լավ վարձատրենք: Պետք է շատ լուրջ ֆինանսական ներդրում կատարել և ակնակալել արդեն, որ շատ կարճ ժամանակում կարող ենք ներկայացնել սերիական արտադրության համար որևէ բան»: