Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Թուլության, հոգնածության զգացում, գլխացավեր, արյան ճնշման տատանումներ, սրտխառնոց, սրտխփոց, ճանաչողության խանգարումներ, շնչառական խնդիրներ»,- Zarkerak.am- ի հետ զրույցում ալերգոլոգ Մարգարիտա Հովնանյանը թվարկում է, թե օդի աղտոտվածության արդյունքում ինչ ախտանշաններ կարող են ի հայտ գալ: Այս ամենի մեղավորը մթնոլորտում առկա փոշու մանր մասնիկներն են, ազոտի երկօքսիդը, ծծմբի երկօքսիդը, ածխածնի երկօքսիդը, ծանր մետաղների առկայությունը և այլ վնասաբեր տարրեր:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում պարբերաբար բարձրաձայնվում է մասնավորապես Երևանում օդի որակի անկման և աղտոտվածության բարձր ցուցանիշների մասին:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ Երևանում հունվարի 29- փետրվարի 4-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, ազոտի երկօքսիդի պարունակությունը ևս գերազանցել է:
«Պատահական չէ, որ 21-րդ դարը համարում ենք ալերգիայի աճի և դրան առնչվող հիվանդությունների դար: Հիմնական գործոններից է էկոլոգիան՝ օդի աղտոտվածությունը: Ցուցանիշներն էլ վկայում են՝ օդի մեջ պարունակվում են էլեմենտներ, որոնք չափաբաժիններով հատկապես մայրաքաղաք Երևանում նորմայից ավելի են»,- ընդգծում է բժիշկը:
Մարգարիտա Հովնանյան
Ըստ նրա՝ օդի աղտոտվածության հետևանքով տուժում է մարդու ամբողջ իմունային համակարգը.«Ալերգիաներն անմիջական կապ ունեն իմունիտետի հետ, ու դրա արդյունքում գլուխ են բարձրացնում՝ ընդ որում թիրախային գոտում են հայտնվում հատկապես երեխաները՝ որպես առավել զգայուն օրգանիզմ ունեցողներ»,- ասում է մասնագետը: Նրա խոսքով՝ երեխաները հատկապես խոցելի են, քանի որ վերջիններիս իմունային համակարգը դեռ զարգացման փուլում է գտնվում, և օդի աղտոտվածությունը մեծացնում է հետագա հիվանդությունների ռիսկը՝ այդ թվում մաշկային տարբեր հիվանդությունների:
«Ալերգիկ ռինիտ, ասթմա, բրոնխիտ, բրոնխիալ ասթմա»,- ալերոգոլոգը թվարկում է այն խնդիրները, որոնցով դիմելիությունը հատկապես վերջին տարիներին ավելացել է և ընդգծում է` օդի աղտոտվածությունը կարող ենք համարել հիմնական պատճառներից մեկը, քանի որ այս բոլոր հիվանդությունները կապված են ախտահարված վերին շնչուղիների հետ:
Ալերգիկ տարատեսակ ռեակցիաներից բացի, մեր զրուցակցի խոսքով, օդի աղտոտվածությունը կարող է հանգեցնել ինսուլտի, թոքերի քրոնիկ հիվանդությունների, շնչահեղձության, տևական հազ: Օդում առկա փոշու մանր մասնիկների թվի գերազանցումն անգամ կարող է պատճառ դառնալ քաղցկեղի տարբեր տեսակների զարգացման՝ այդ թվում՝ շնչափողի, բրոնխի, թոքերի և առհասարակ սրել արդեն առկա առողջական խնդիրները՝ հանգեցնելով ընդհուպ վաղաժամ մահվան:
Այս իսկ պատճառով, նրա խոսքով, շատ կարևոր է երբեմն փախչել քաղաքային միջավայրից՝ նախընտրելով կանաչապատ տարածքները, այս խորհրդին հատկապես պետք է հետևեն ալերգիկները և քրոնիկ տարբեր խնդիրներ ունեցողները:
Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունները վկայում են՝ պատճառահետևանքային կապեր կան օդի աղտոտվածության և 2-րդ տիպի շաքարային դիաբետի, գիրության, Ալցհեյմերի հիվանդության և դեմենցիայի զարգացման միջև:
Օդի աղտոտվածություն մտահոգող ցուցանիշներին զուգահեռ ավելանում է օդը խոնավացնող սարքերի պահանջարկը:
Որոշ հետազոտություններով օդի խոնավացուցիչների համաշխարհային շուկայի չափերը գնալով աճում են, գնահատվում է, որ այս տարի արդեն կհասնի ավելի քան 3,86 միլիարդ դոլարի և ամեն տարի աճելով 6,3 տոկոսով: Այս սարքերը առավելապես տարածված են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում, Ավստրալիայում:
Ավելացող պահանջարկին զուգահեռ փորձագետներն առաջարկում են չանտեսել այս սարքերի հարակից բացասական էֆեկտները: Նախ հիշեցնում են՝ իդեալական է, որ տան խոնավությունը պահպանվի 30%-ից 50%-ի սահմաններում: Շատ ցածր կամ չափազանց բարձր խոնավությունը կարող է խնդիրներ առաջացնել:
Օդը խոնավացնող սարքերում խոնավության չափից բարձր մակարդակի, այն պարբերաբար չմաքրելու դեպքում կարող են օդ արտանետվել կեղտոտ գոլորշի, մանրէներ, բորբոսներ, սնկեր, փոշի և բակտերիաներ: Այս ալերգենները, արտանետվելով միջավայր, կարող են էապես բացասական ազդել ալերգիա կամ ասթմա ունեցողների վրա, կամ հանգեցնել դրանց ի հայտ գալուն: Ուստի խորհուրդ է տրվում առողջական նման խնդիրներ ունեցողներին սարքերը կիրառելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ:
Բացի դա չափից դուրս բարձր խոնավությունը կարող է խեղդող ազդեցություն ունենալ, նաև առաջացնել գրիպանման ախտանիշներ, անգամ՝ թոքերի հիվանդություններ: Թիրախային խմբում կարող են հայտնվել հատկապես երեխաները:
Որոշ վերլուծություններով, եթե օդը խոնավացնող սարքերի համար օգտագործվում է ծորակի ջուր, ապա դրանում առկա հանքանյութերը կարող են առաջացնել, այսպես ասած, սպիտակ փոշի, որը ևս կարող է շնչառական խնդիրներ առաջացնել: