Մենք ուզում ենք որպեսզի դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության բովանդակության վրա և հնարավորինս քիչ զբաղվի այլ հարցերով. Փաշինյան

Հանրակրթության ոլորտում կարևոր և սկզբունքային բարեփոխումները շարունակվում են։ Այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Այս օրենքի ընդունումով, կարծում եմ, որ շատ մեծ և տեսանելի փոփոխություններ կունենանք հանրապետության կրթական  ոլորտում։   Առաջինը՝ մենք ուզում ենք որպեսզի դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության բովանդակության վրա և հնարավորինս քիչ զբաղվի այլ հարցերով։ Դրա համար դպրոցի վարչատնտեսական մասի կառավարումը առանձնացնում ենք կրթական մասի կառավարումից»,-ընդգծեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խմբավորված դպրոցների շենքերի կառավարմամբ զբաղվելու է այլ պաշտոնյա, որը կկոչվի վարչատնտեսական մասի ղեկավար կամ համակարգող․ «Նա կիմանա, որ իր պարտականության մեջ մտնում է բացառապես շենքի պահպանման՝ շենքի գույքային ու տեխնիկական հարցերի լուծումը։ Այսինքն՝ տնօրենը կզբաղվի բացառապես կրթությամբ։ Այստեղ մի շատ կարևոր խնդիր կա․ մենք ուզում ենք նաև դպրոցի տնօրենի աշխատանքն այս առումով դարձնել չափելի»,- նշեց վարչապետը։

Վարչապետն ընդգծեց, որ վարչատնտեսական մասով մեկ դպրոցը չի ունենալու մեկ տնօրեն․ լինելու է մեկը՝ մի քանի դպրոցի համար։  

 

25 Նոյեմբեր, 2021 11:51
Վեր