Դպրոցներում առկա է պետական գույքի պահպանման և սպասարկման խնդիր․ Գնել Սանոսյան

Կառավարության այսօրվա նիստում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի  քննարկման ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ դպրոցներում առկա է պետական գույքի պահպանման և սպասարկման խնդիր։

«Այն մեթոդը, որն այժմ ունենք, կարծես, արդյունավետ չէ, և հաճախ պետական գույքը չի խնամվում այնպես, ինչպես պետք է։ Արդյունքում առաջանում է հիմնանորոգումների կամ շենքի հետ կապված այլ խնդիրներ։ Մենք ցանկանում ենք այս փոփոխություններով հասնել նրան, որ ճիշտ կերպով այդ շենք-շինությունները պահպանվեն, խնամվեն և ավելի վատ իրավիճակում չհայտնվեն», ։

Ըստ Սանոսյանի՝ դպրոցները չունեն կարողություն նորմալ նախագծեր պատվիրելու, գնումների գործընթաց կազմակերպելու։

«Կարծում եմ՝ կարիք չկա, որ ամեն դպրոց 200 կգ կավիճ գնի․ կարող են, օրինակ, տասը դպրոցի համար 2 տոննա կավիճի մրցույթ հայտարարել, բերել և բոլորին բաժանել», հայտնեց ՏԿԵ նախարարը։ Այս փոփոխություններով, ըստ Սանոսյանի,  կնպաստեն այս հարցի կարգավորմանը նույնպես։

Նշենք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը միաձայն ընդունվեց գործադիրի նիստում։

25 Նոյեմբեր, 2021 12:08
Վեր