ԲՏԱ նախարարը հավաստիացրել է՝ աղմուկ հանած գաղտնալսումներն իշխանության հետ կապ չունեն

Աղմուկ հանած գաղտնալսումներն իշխանության հետ կապ չունեն։ Այս մասին  կառավարության նիստից հետո, ճեպազրույցում ասաց  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը ,անդրադառնալով  ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությանը, ըստ որի Apple ընկերության կողմից ինքը նախազգուշական նամակ է ստացել՝ Pegasus ծրագրով իրեն ու իր շրջապատին գաղտնալսելու փորձերի մասին։ Պարզապես Apple ընկերությունը ուշադիր է իր սպառողների նկատմամբ,հայտարարեց նախարարը։

 «Իմ հեռախոսին էլ է այդպիսի հաղորդագրություն եկել երկու օր առաջ։ Ես կարծում եմ՝ ձեր ծանոթներին որ հարցնեք, կպարզվի, որ էլի եկել է, և դա նշանակում է, որ դա Հայաստանի իշխանությունների հետ առնչություն չունի», - հայտնեց Վահագն Խաչատրյանը։

Այդպիսի խնդիր միայն Հայաստանում չէ, որ առաջացել է, «շատ երկրների և շատ երկրների ղեկավարների համար է այդպիսի խնդիր առաջացել»։

«Apple-ի նման ընկերությունը, որն ավելի ուշադիր է իր սպառողների, հեռախոսներից օգտվողների նկատմամբ, այդպիսի զգուշացումներ է գրում, մենք էլ արել ենք իրենց ցուցումները․ գաղտնաբառերը փոխել ենք, նոր սիստեմի ենք անցել։ Մնացած բոլոր մեկնաբանությունները, ով որ անում է և ենթադրություններ է անում, թե դա ում կողմից է արվել, խնդրում եմ, իրեն դիմեք, որովհետև այն, ինչը որ կատարվել է կոնկրետ ինձ հետ՝ որպես քաղաքացի և իմ շրջապատի հետ, մենք դա գնահատել ենք որպես հարձակում կամ Հայաստանի Հանրապետության տվյալ դեպքում՝ առանձին քաղաքացիների, միգուցե նաև պետական կառույցների անվտանգությանն ուղղված քայլեր», - հայտարարեց Խաչատրյանը։

Նա նշեց նաև, որ տեղեկություններ չունի՝ պետությունը ձեռք բերե՞լ է արդյոք Pegasus լրտեսող ծրագիրը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էլ նշված ծրագրի հետ կապված՝ ԱԱԾ-ի հետ չի գործակցում, նախարարությունում ծրագիրը չեն ուսումնասիրում, «անհրաժեշտություն չկա»։

25 Նոյեմբեր, 2021 12:55
Վեր