Քովիդից մահացության թվի նվազումը տեսանելի չէ, քանի որ դեպքերի թիվը 2-3 շաբաթ անց է նկատելի լինում. Անահիտ Ավանեսյան

761 հազար մարդ արդեն ստացել է քովիդի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Երկրորդ չափաբաժին ստացած քաղաքացիների թիվը 406 հազարից ավելի է՝ բնակչության 20 տոկոսը: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ 1 միլիոն 168 հազար 501 առաջին և երկրորդ դեղաչափի  պատվաստում է իրականացվել և պատվաստումից առաջացած բարդության որևէ հիշատակման արժանի դեպք չի գրանցվել:

Խոսելով քովիդի դեմ վերապատվաստումների մասին նախարարն ասաց.

«Մենք արդեն իրականացնում ենք այն քաղաքացիների վերապատվաստումը, ում դեպքում երկու դեղաչափ ստանալուց հետո արդեն 6 ամիսն անցել է: Մշակվել է և մեկ-երկու օրվա ընացքում կհաստատվի հստակ կարգերը, թե ինչպես քաղաքացիները կարող են ստանալ այդ վերապատվաստումը»,- հայտնեց Ավանեսյանը: Ինչ վերաբերում է պատվաստանյութերի հասանելիությանը, նա հայտնեց, որ մեր երկրում չունենք մինչ օրս առկա պատվաստանյութերի թվի հետ կապված խնդիր և քաղաքացիները կարող են իրենց ցանկությամբ կատարել ընտրությունը՝ վերապատվաստման համար:

Անդրադառնալով  համավարակից մահացության թվին՝ նախարարը տեղեկացրեց, որ դեռևս մահացության թվի նվազումը տեսանելի չէ, քանի որ դեպքերի թիվը  2-3 շաբաթ անց է նկատելի լինում:

 

25 Նոյեմբեր, 2021 13:06
Վեր