Ես Վանո Սիրադեղյանին գնահատելու էքսպերտ չեմ, նա իմ ընկերն էր․ Վահագն Խաչատրյան

Պաշտոնական հաղորդագրություն է եղել՝ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների առնչությամբ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը:

Հարցին, թե արդյո՞ք Սիրադեղյանի աճյունը արդեն Հայաստանում է, եթե ոչ, ապա ե՞րբ են նախատեսում բերել՝  Խաչատրյանն ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել:

«Փաստացի այդ աշխատանքներն հիմա կատարվում են»:

Անդրադառնալով Պանթեոնում հուղարկավորելու առաջարկին՝ նա նշեց, որ այդ առնչությամբ քննարկումներ եղել են:

«Կնոջ և որդու համաձայնությունը եղել է Կոթիում հուղարկավորելու վերաբերյալ, որդին մասնակցում է ձևավորված հանձնաժողովի աշխատանքներին, այդ առնչությամբ առարկություն կամ որևէ դժգոհություն չկա: Հիմա հավուր պատշաճի պետք է կարողանանք այդ արարողությունները կազմակերպել: Իմ անձնական խնդրանքն է՝ եկեք այդ արարողություններն անենք այն ձևով, ինչին արժանի էր Վանո Սիրադեղյանը»:

Հարցին, թե նա արժանի չէր Պանթեոնում հուղարկավորվելու՝ նա պատասխանեց, որ արժեքը նրանում չէ, թե որտեղ է թաղվում:

Նա նշեց որ վերջին անգամ իր հետ խոսելու հնարավորություն ունեցել է 20 տարի առաջ, երբ Հայաստանից հեռացել է:

«Դրանից հետո առիթ չեմ ունեցել, ցավոք սրտի: Դժվար է ասել, թե ինչու նրա վերադարձը հնարավոր չեղավ, հավատացեք՝ ամեն մեկն ինքն է իր համար որոշում կայացնում: Պարզ է, որ նա իրականում չի գնահատվել: Իսկ վերջին 3 տարիներին գնահատման փորձ եղել է։ Ես գնահատելու էքսպերտ չեմ՝ առավել ևս Վանո Սիրադեղյանի դեպքում: Ինձ նրա մասին հարցեր մի տվեք, որովհետև ես գտնում եմ, որ հիմա կառավարությունը, ես և իմ ընկերները ամեն ինչ անում ենք բարձր մակարդակով, ինչպես որ արժանի էր Սիրադեղյանը, թեև կարծում եմ՝ նա ավելիին էր արժանին, քան հնարավոր է անել: Վանո Սիրադեղյանը եղել է մեր շրջապատի մարդ, իմ, Նիկոլ Փաշինյանի ընկերը, թե ինչու վերջին 3 տարվա ընթացքում չի վերադարձել՝ այդ հարցին չեմ կարող պատասխանել, կրկնեմ, դա ամեն մեկի անձնական որոշումն է: Ես Վանո Սիրադեղյանը չեմ, էլի, մանրամասներին չեմ տիրապետում»:  

 

25 Նոյեմբեր, 2021 13:09
Վեր