«Влюбляйтесь, женитесь, топитесь – море рядом», բայց մեզնից հեռու Zarkerak - «Влюбляйтесь, женитесь, топитесь – море рядом», բայց մեզնից հեռու
Zarkerak Zarkerak - «Влюбляйтесь, женитесь, топитесь – море рядом», բայց մեզնից հեռու
«Влюбляйтесь, женитесь, топитесь – море рядом», բայց մեզնից հեռու

«Влюбляйтесь, женитесь, топитесь – море рядом», բայց մեզնից հեռու

Ռուսաստանի տարածքում ադրբեջանական քաղաքացիական օդանավի խոցումից հետո ռուս-ադրբեջանական «մեղրամիսը» գնալով վերածվում է վեճի ու կռվի։ Ադրբեջանը ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ Պաշտոնական Բաքուն նաև պահանջել է դադարեցնել ադրբեջանական մայրաքաղաքում գտնվող «Ռուսաստանի տան» գործունեությունը։ Բաքվի բռնապետը որը վերջին մեկ տարվա ընթացքում դիվանագիտական և քարոզչական սուր առճակատման մեջ է Ֆրանսիայի, Իրանի և այլ երկրների հետ իր թիրախում ավելացնում է ևս մեկ երկիր՝ Ռուսաստանը։ Սա ի դեպ այն երկիրն է, որի ղեկավարը, Ուկրաինա ներխուժումից օրեր առաջ՝ 2022 թվականի փետրվարին, Մոսկվայում Ադրբեջանի նախագահին ստիպեց «ամուսնական պայմանագիր» ստորագրել իր հետ։  

Այդ պայմանագիրը որոշ փորձագետների կարծիքով ինչ-որ առումով Ադրբեջանի փոխհատուցումն էր Ռուսաստանին՝ Արցախյան 44 օրյա պատերազմում ստացած մեծ աջակցության համար։

Վերջին ամիսներին Ադրբեջանը ոչ միայն դիվանագիտական սուր հակազդեցության մեջ է Ռուսաստանի հետ, այլև կատարում է քայլեր, որոնք ուղղակի հարվածում են Ռուսաստանի առանց այն էլ ընկած հեղինակությանը։ Օրեր առաջ հայտնի դարձավ նաև, որ Իլհամ Ալիևի որոշմամբ, նախագահի պահուստային ֆոնդի գումարով էլեկտրատեխնիկական սարքավորումներ են գնվելու և ուղարկվելու Ուկրաինա՝ որպես մարդասիրական աջակցություն։ Իհարկե այստեղ կարող ենք ասել «մենք ինչ գործ ունենք նրանց մատի ու մատանու արանքը», կամ ինչպես հայտնի ֆիլմի հայտնի հերոսն է ասում․ «Влюбляйтесь, женитесь, топитесь – море рядом»։ Բայց պատմությունը ցույց է տվել, որ ռուս-թուրքական կամ ռուս ադրբեջանական բարեկամությունից կամ թշնամանքից միշտ տուժել է և տուժում է Հայաստանը։ Մի դեպքում Ռուսաստանը Հայաստանի հաշվին շնորհակալություն է հայտնում թուրքերին՝ բարեկամության համար, իսկ թշնամանքի դեպքում Հայաստանին օգտագործում է որպես գործիք, կամ զենք՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ։

Եվ հիմա, քանի որ ռուս-ադրբեջանական «մեղրամիսը» ավարտվում է, ապա պետք է ենթադրել, որ ռուսները սկսելու են հիշել «դարավոր բարեկամ» Հայաստանի մասին։ Այս առումով առաջին ծիծեռնակներն արդեն սկսել են նկատվել։ Այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը հայտարարել է․«ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հարմարվում են տարածաշրջանում և աշխարհում նոր իրողություններին, սակայն առանցքային տարրը մնում է երկու կողմերի համոզմունքն առ այն, որ սերտ ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների եւ եղբայրական ժողովուրդների շահերին»:

Ադրբեջանը Արցախի հարցում Ռուսաստանից ստացավ ամեն ինչ, ստացավ ու այսօր արդեն կամաց-կամաց փորձում է իր «ծոցից» դուրս շպրտել Ռուսաստանին։ Հակառակ Ադրբեջանի, Ռուսաստանն առայժմ չի շտապում և չի փորձում խզել կապերը Բաքվի հետ, Մոսկվան հավանաբար դեռ չի ստացել այն՝ ինչի համար դավաճանեց դաշնակից Հայաստանին։

Աշխարհից մեկուսացած Ռուսաստանը դեռ ունի Ադրբեջանի կարիքը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով և այդ պատճառով է նաև, որ ռուսական վերնախավի կարկառուն ներկայացուցիչները առայժմ չեն հակադարձում Բաքվի նվաստացումներին, ինչպես դա ցինիկաբար անում են Հայաստանի դեպքում, երբ այստեղ փորձում են որևէ «հակառուսական քայլ» անել։ Ադրբեջանի դեպքում դեռ լուռ է ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, որը միանգամից քնից արթնանում է, երբ պետք է լինում Հայաստանի իշխանություններին կշտամբել, լուռ են նաև Կրեմլի հայկական ազգանուններով հայտնի քարոզիչները։

Ռուսաստանում դեռ չեն ուզում կամ չեն կարողանում Ադրբեջանի խանին իր տեղը ցույց տալ, բայց մյուս կողմից էլ դեռ հույս ունեն, որ ինչ էլ լինի այս տարածաշրջանում՝ Հայաստանը կա ու կա, ու միշտ պատրաստ կլինի վերադառնալ իր գիրկը։ Բնականաբար Ռուսաստանի այս հույսը անհիմն չէ, քանի որ Հայաստանում դեռ կան ուժեր և անհատներ, որոնք շարունակում են կուրորեն հավատալ «դարավոր բարեկամության» մասին առասպելներին։ Սակայն Ռուսաստանում մեկ բան թերևս պետք է հաշվի առնեն, Հայաստանում «դարավոր բարեկամության» մասին առասպելին արդեն չի հավատում ժողովուրդը, կամ ժողովրդի զգալի մասը։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

10 Փետրվար, 2025 13:35
Վեր