2006-ին մեկնարկած Հայաստան-Իրան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքները կավարտվեն 2022-ի վերջին

2019 թվականին նոր Հայաստանի մասին 100 փաստեր ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեծ թափ է հաղորդվել դեռեւս 2006թ. մեկնարկած Հայաստան-Իրան 3-րդ էլեկրահաղորդման գծի շինարարական աշխատանքներին, ինչի շնորհիվ 2018թ. վեց ամսվա արդյունքներով, Փաշինյանի խոսքով, կատարվել են մոտավորապես նույն քանակի աշխատանքներ, ինչ նախորդ 12 տարվա ընթացքում:

2019-ի հուլիսին էլ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ Իրան կատարած այցի եւ միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի ընթացքում իրանական կողմի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը 18 ամսվա ընթացքում ավարտելու մասին։

Շինաշխատանքները, սակայն, կավարտվեն 2022-ի վերջին։ Բանն այն է, որ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պնդմամբ, 2020-2021թթ․ ընթացքում ծրագրի առաջընթացին Covid-19 համաճարակով, ապա եւ տարածաշրջանային իրավիճակով եւ բեռնափոխադրումների իրականացման բարդություններով պայմնավորված խոչընդոտներ են եղել։

Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման այս գծի շինարարական աշխատանքներն իրականացվում են «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի եւ համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագրով: Դրա ընդհանուր արժեքը կազմում է 107.9 մլն. եվրո, որի 85%-ի ֆինանսավորումն իրականացվում է Իրանի արտահանման եւ զարգացման բանկի վարկային միջոցներով, իսկ 15%-ը' «SUNIR International FZE» ընկերության փոխառության միջոցներով։ Ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության կողմից իրականացված ծախսերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 272 մլն դրամ, որը ներառում է հողերի ձեռքբերումը, վնասների փոխհատուցումը, չափագրման եւ բրոքերական ծառայությունների ձեռքբերումը եւ այլն:

Infocom-ը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հետաքրքրվել է՝ ինչ փուլում են Հայաստան-Իրան 3-րդ էլեկրահաղորդման գծի շինարարական աշխատանքներն այս պահին:

Ըստ մեր ստացած պատասխանի՝ այս ծրագրի շրջանակներում 710 հենարաններից մոնտաժվել է 488-ը, բետոնացվել է 640 հիմք: 710 հենարաններից ՀՀ է ներմուծվել 625-ը, ամբողջությամբ ներմուծվել են ամպրոպապաշտպան ճոպանը եւ օպտիկամանրաթելային մալուխը: Ընդհանուր 268 կմ-ից կատարվել են շուրջ 70 կմ հաղորդալարերի մոնտաժման եւ լարաձգման աշխատանքներ։

Ծրագրի մաս կազմող «Նորավան» ենթակայանում, ըստ ՏԿԵՆ-ի տրամադրած տեղեկությունների, գրեթե ավարտվել են բարձր լարման սարքավորումների հիմքերի եւ 220 կՎ ԲԲՍ հատվածի մալուխային խրամուղիների բետոնացման, ինչպես նաեւ շենք-շինությունների եւ սարքավորումների կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները․ «Ընթացքում են շենք-շինությունների, պարսպապատման, հողի հարթեցման եւ 400 կՎ ԲԲՍ հատվածի մալուխային խրամուղիների բետոնացման աշխատանքները: «Նորավան» ենթակայանի բարձր լարման սարքավորումներն ամբողջությամբ ներմուծվել են»,- ասված է մեր հարցման պատասխանում:

Ըստ էության, ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման առաջընթացը կազմում է շուրջ 71 %:

2019 թվականին Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել եւ լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը, Փաշինյանի խոսքով, նույնպես կարեւոր նշանակություն ունի թե երկկողմ, թե տարածաշրջանային առումով, թե ավելի ընդարձակ առումով: Նա հայտնել էր, որ այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը կա, եւ հույս էր հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը հաջողությամբ կիրականացվի: 

 

Նյութի աղբյուրը՝ infocom.am

25 Նոյեմբեր, 2021 14:08
Վեր