Թրամփը Սպիտակ տանը նստեցրել էր իրենից թույլ երկրի ղեկավարի և փորձում էր շնորհակալություններ կորզել, սա շոու էր, և Թրամփն այն ցույց տվեց ԱՄՆ-ին. Դավիթ Ստեփանյան Zarkerak - Թրամփը Սպիտակ տանը նստեցրել էր իրենից թույլ երկրի ղեկավարի և փորձում էր շնորհակալություններ կորզել, սա շոու էր, և Թրամփն այն ցույց տվեց ԱՄՆ-ին. Դավիթ Ստեփանյան
Zarkerak Zarkerak - Թրամփը Սպիտակ տանը նստեցրել էր իրենից թույլ երկրի ղեկավարի և փորձում էր շնորհակալություններ կորզել, սա շոու էր, և Թրամփն այն ցույց տվեց ԱՄՆ-ին. Դավիթ Ստեփանյան
Թրամփը Սպիտակ տանը նստեցրել էր իրենից թույլ երկրի ղեկավարի և փորձում էր շնորհակալություններ կորզել, սա շոու էր, և Թրամփն այն ցույց տվեց ԱՄՆ-ին. Դավիթ Ստեփանյան

Թրամփը Սպիտակ տանը նստեցրել էր իրենից թույլ երկրի ղեկավարի և փորձում էր շնորհակալություններ կորզել, սա շոու էր, և Թրամփն այն ցույց տվեց ԱՄՆ-ին. Դավիթ Ստեփանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ընդհանուր առմամբ, շատ բացասական եմ գնահատում, որովհետև Թրամփը հերթական անգամ ցույց տվեց, որ նա փոխում է  խաղի կանոնները, որ այլևս չկան դաշնակիցներ և չկան հակառակորդներ ու թշնամիներ, այլ կան կողմեր, որոնց հետ ցանկանում է կնքել կամ չկնքել գործեր, այսինքն՝ սա քաղաքականության ռադիկալ փոփոխություն է: Եթե մենք համեմատենք այն քաղաքականությունը, որը մինչև այդ վարել է ԱՄՆ-ի դեմոկրատական վարչակազմը՝ հիմա իրավիճակը փոփոխվել է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թրամփ-Զելենսկի հանդիպմանն ու թեժ բանավեճին՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Ստեփանյանի խոսքով՝ բանակցությունները շարունակվելու են, տեղի ունեցածը չի նշանակում, որ դրանք վերջացել են. «Թրամփը փորձելու է նորից այդ գործարքը կնքել, այլ խնդիր է, թե ինչ պայմաններով: Ուկրաինան երբեք չէր պատերազմի Ռուսաստանի հետ, եթե նրան ժամանակին «դուխ» չտային ԱՄՆ-ն ու ԵՄ-ն և հիմա բարոյական տեսանկյունից ԱՄՆ-ն ինչ-որ առումով պատասխանատվություն է կրում Ուկրաինայի համար: Ուկրաինան պայքարում է Ռուսաստանի դեմ ոչ միայն իր սեփական շահերի համար, այլև՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի համար, որովհետև նրանց շահերն այս հարցում նույնական են, հիմա Թրամփը փորձում է այս ամենը «վաճառել» Ուկրաինային: Կարծում եմ, որ այս քաղաքականությունը չի կարող երկար տևել և Թրամփը չի կարող այստեղ մեծ հաջողություններ գրանցել»:

Բանավեճը՝ ըստ քաղաքագետի, հրահրել են Թրամփն ու փոխնախագահը. «Այդ մարդիկ պոպուլիստներ են, նրանք եկել են իշխանության պոպուլիստական լոզունգների տակ և հիմա շոու են ցույց տալիս: Թրամփը Զելենսկուն ասաց՝ ես վաղուց կարող էի ձեզ ընդհատել, բայց չեմ անում, որ բոլոր մարդիկ տեսնեն, թե ինչ է կատարվում: Թրամփը բերել Սպիտակ տանը նստեցրել էր իրենից ավելի թույլ երկրի ղեկավարի և փորձում էր նրանից կորզել շնորհակալություններ: Հարց հնչեց, թե ինչու է Զելենսկին առանց կոստյումի, ինչու նա շնորհակալություն չի հայտնում, քաղաքական բանակցություններ այդպես չեն վարում, սա շոու է, և Թրմափը, լինելով պոպուլիստ, այդ շոուն ցույց է տալիս ԱՄՆ-ին: Այն մարդիկ, ովքեր իրեն ձայն են տվել, լիովին բավարարված են, այս շոուն իրենց համար էր»:

Ստեփնյանի կարծիքով՝ Զելենսկու վերադարձ լինելու է, սակայն հետքայլ չի լինելու. «Սա մի գործարք է, որում չկան հստակ երաշխիքներ և  որն Ուկրաինային ապագա չի խոստանում: Թրամփը Զելենսկուն առաջարկում է ընդամենը հրադադար, այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանին Պուտինն առաջարկեց հրադադար 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Ես հասկանում եմ, որ մասշտաբները, կոնտեքստը տարբեր են, բայց եթե մենք տանենք համեմատական, ապա կան շատ ընդհանուր եզրեր: Սա նախակապիտուլյացիա է և Զելենսկին դրան չի ցանկանում գնալ՝ չունենալով հստակ երաշխիքներ, որ վաղը Թրամփն ու Պուտինը չեն սկսի առևտուր անել ուկրաինական տարածքների շուրջ»:

Անդրադառնալով կատարվածին միջազգային հանրության արձագանքին՝ Դավիթ Ստեփանյանը նշեց. «Այս պահին Զելենսկին ստանում է այդ աջակցությունը, Եվրոպան ի տարբերություն ԱՄՆ-ի՝ այստեղ նահանջի հնարավորություն չունի: Եթե ԱՄՆ-ն, «գցելով» Ուկրաինային, կրում է ընդամենը ռեպուտացիոն ռիսկեր, Եվրոպայի դեպքում կան շատ հստակ վտանգներ՝ եվրոպական անվտանգության հետ կապված: Եթե Ուկրաինան ընկնում է, Եվրոպայի դիրքերը շատ ավելի են վտանգվում, հետևապես Եվրոպան այլընտրանք չունի, պետք է մինչև վերջ Ուկրաինային պաշտպանի»:

Խոսելով հնչող այն հայտարարությունների մասին, որ ԱՄՆ-ն կարող է ամբողջությամբ դադադրեցնել ռազմական աջակցությունն Ուկրաինային՝ Ստեփանյանն ասաց. «Ամեն ինչ կախված է Զլելենսկուց, կարող է դադարեցնել, բայց եթե այդպիսի բան տեղի ունենա, ապա այդ օգնությունը պետք է տա Եվրոպան, իսկ նա այդ կարողություններն ունի»:

Մեր այն հարցին, թե արդյոք չի կարող ԱՄՆ-ն Հայաստանի հետ էլ վարվել այնպես, ինչպես Ուկրաինայի՝ Դավիթ Ստեփանյանն ընդգծեց. «Քաղաքականության մեջ երբևիցե որևէ բան բացառել չի կարելի: Երբ Թրամփը հասնի Հարավային Կովկասին, եթե մեր շահերն ինչ-որ պահի ԱՄՆ-ի հետ ընդհանրություններ չունենան, այո, դա հնարավոր տարբերակ է: Եթե մինչև այդ մենք ստեղծենք միջավայր և իրավիճակ՝ մոտավորապես այն փաստաթղթին համահունչ, որը ստորագրվել է հունվարին ԱՄՆ-ի և Հայաստանի միջև՝ դա տեղի չի ունենա: Պետք է աշխատել, ես տեսնում եմ, որ որոշակի աշխատանք տարվում է, եթե մենք կարողանանք այդ օրակարգը ձևավորել՝ մեզ Ուկրաինայի ճակատագիրը, որն այս պահին դեռ վերջնական չէ՝ չի սպառնա»:

 

Աննա Բզնունի

03 Մարտ, 2025 15:44
Վեր