Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 6-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Այս քրեական գործով մեղադրյալները 15-ն են` Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և ևս 8 գերիներ՝ Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան։
Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ դատական նիստին մասնակցել են ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները, տուժողներից մի քանիսը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները։
Նիստը նախագահող դատավորը հայտարարել է Բակո Սահակյանին լրացուցիչ պետական պաշտպան նշանակելու մասին։ Բակո Սահակյանը առարկություն չի ունեցել այդ առնչությամբ։ Ցուցմունքներ են տվել Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և գերիներից Գուրգեն Ստեփանյանը, Դավիթ Ալավերդյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Լևոն Բալայանը և Մադաթ Բաբայանը։
Դատարանում հարցաքննվել է Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, նա խոսել է նախագահի պաշտոնում իր ունեցած գործառույթների մասին։ Այնուհետև դատարանում ուսումնասիրել են փաստաթղթեր, որոնց թվում են եղել արխիվային որոշումներ, օրենքներ, ԽՍՀՄ Սահմանադրության հոդվածներ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ։ Այնուհետև Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին հարցեր են տրվել ուսումնասիրված փաստաթղթերի վերաբերյալ։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 10-ին։ Հաջորդ նիստին շարունակելու է մեղադրյալների հարցաքննությունը։