Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մենք իրենց ներքին կոնֆլիկտները լավ չգիտենք, սրանք բոլորը Հայաստանի մինչհեղափոխական անցյալն են, բոլորը միասին են՝ Հայաստանի անկախության դեմ, բայց իրենք առանձին բոլորն իրար հետ հարց ունեն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցների միջև առաջացած հեռակա բանավեճին՝ ասաց ՔԺԿ փոխնախագահ Հայկ Սուքիասյանը:
Սուքիասյանի խոսքով՝ նրանք իրար մեջ թշնամի են՝ ավարի բաժանման հարցում, որ եթե Հայաստանի անկախության փլուզման դեպքում հաջողեն՝ ով ինչի է տիրանալու. «Այն, որ իրենց միջի կոնֆլիկտը շատ է պրոպագանդվում, ես մի քիչ դրան չեմ հավատում, իհարկե, իրենց մեջ կոնֆլիկտներ կան, բայց հիմա արդյոք իրենց կոնֆլիկտները բացահայտելու շրջանն է, ես կարծում եմ՝ սա արհեստական է: Քանի որ Հայաստանում ընտրությունների փուլ է տարբեր տեղերում, առաջիկայում էլ խորհրդարանական ընտրություններ են՝ ամեն մեկն իր ընտրազանգվածին փորձում է պահել իր հետ: Նրանք բոլորը Մոսկվայից կառավարվող ուժեր են, կամ էլ Մոսկվայից տեսել են, որ սրանք տապալվում են, բոլորին խառնել են իրար, որպեսզի նրանց միջից նոր ուժ ծնեն՝ Հայաստանի դեմ»:
Անդրադառնալով Քոչարյանի գրասենյակի ղեկավարի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն է իշխանությունը հանձնել Նիկոլ Փաշինյանին և ՀՀԿ-ի պատգամավորների արձագանքին՝ Սուքիասյանն ասաց. «Քոչարյանն այսօր Դաշնակցության հետ խորհրդարան է մտել, այդ ժամանակ քվեարկողներից մեկն էլ Դաշնակցությունն է եղել, Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկածներն իրենց թիմից են, դե թող իրենց թիմին էլ մեղադրեն, ինչու չեն մեղադրում: Իրենց թուլությունը հիմնավորելու համար իրենց միջից պետք է մեկին մեղավոր նշանակեն, Ռուսաստանն էլ է իրենցից պահանջում, թե ինչու չեն կարողանում իրենց գործն անել, նրանք էլ պետք է իրենց արդարացնեն»:
Հայկ Սուքիասյանի խոսքով՝ այդ ուժերն անընդհատ իրենց վերաբերյալ թեկուզ բացասական ինֆորմացիա են տարածում, որ մնան քաղաքական դաշտում: Ըստ նրա՝ պատահական չէ, որ երկու ուժերն էլ հեղափոխության մասին են խոսում, իսկ թե որն է նպատակը՝ մեր զրուցակիցը նշեց. «Խոսում են հեղափոխության մասին, որպեսզի հեղափոխությունը «մխտռեն»: Եթե հեղափոխությունը կապվում է Հայաստանի մինչհեղափոխական անցյալից որևէ մեկի հետ, այդ հեղափոխությունը մխտռվում-գնում է, իրենց ուզածը դա է՝ հեղինակազրկել: Իրենք այդպես հեղափոխությունը լեգիտիմությունից են զրկում, որովհետև մեր ժողովուրդն իշխանության հետ է գլխավորապես հենց իր արած հեղափոխության համար, և որպեսզի իշխանությունից ընտրազանգված պոկեն, պետք է դա հեղինակազրկեն: Վերջերս նաև Ռուսաստանի կենդանության նշաններն են նկատել, սկսել են խոսել»:
Մեր այն հարցին, թե արդյոք ժողովուրդը հավատալու է իրենց՝ ՔԺԿ փոխնախագահն ասաց. «Եթե ժողովուրդն իրենց հավատալու լիներ, վաղուց հավատացած կլիներ: Իշխանությունը ներքին հարցերում որոշակի խոչընդոտներ ունի, մեր դատարանները մինչհեղափոխական անցյալի ոճիր գործածներից ամեն մեկի համար մի փտած օրենք են գտնում՝ արդարացնում են և մարդկանց մոտ հարցեր կան: Իրենք ինչքան հնարավոր է այդ փոքր հարցերը սրում են: Կհաջողեն, թե՝ ոչ, ընտրությունները ցույց կտան, մեր ժողովրդի հավաքական կամքը ցույց կտա: Իրենք հո չեն մնում իրենց քաղաքական հեղինակության շնորհիվ, մնում են իրենց ռեսուրսի շնորհիվ: Եթե այդ ռեսուրսն իրենց մոտ չլինի, իրենց ով է ձայն տալու, այստեղ իշխանության խնդիրն էլ կա»,- նշեց Սուքիասյանը՝ հավելելով. «Իրենց մաղթում եմ՝ շարունակեք իրար ներվեր ուտել, դրանից Հայաստանին միայն օգուտ կլինի»: