Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մարտի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի շտապօգնության բրիգադը մահացած վիճակում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Լոռու մարզի քրեական ոստիկանության պետ Խորեն Բարխոյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արտյոմ Ն.-ն է, ով կրծքավանդակի հատվածում ունի կտրած-ծակած վերք և ըստ նախնական տեղեկությունների նա շտապօգնության ավտոմեքենայով մահացած տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն ժամը 03:30-ի սահմաններում, իսկ դեպքն էլ տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Արցախի պուրակի հարևանությամբ գտնվող «Երևան Սիթի»-ի մոտ։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործունեություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, սպանություն կատարողի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։