Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Իմ կարծիքով սա ժամանակավոր չէ, շարունակական է, քանի որ ըստ հայտարարությունների սա նաև ուղղված է քրիստոնյաներին, քանի որ ասում են՝ քանի Սիրիայում եկեղեցի կա, քանի խաչ կա իրենց էլ են հասնելու»,- Zarkerak.am-ի հետ զրույցում սիրիահայ Վ.Մ-ն(անունն ամբողջությամբ չի նշվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով) նման մտահոգություն հայտնեց՝ անդրադառնալով Սիրիայում վերջին օրերին կատարվող արյունալի իրադարձություններին:
Հիշեցնենք, որ Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարությունը, ընդհանուր անվտանգության ուժերի հետ համատեղ, մարտի 6-ից լայնածավալ ռազմական արշավ է սկսել զինված խմբավորումների դեմ, որոնք, ըստ նրանց, կապված են սիրիական նախկին իշխանությունների հետ: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ մարտի 6-ից ի վեր զոհվել է 1311 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի և պաշտպանության նախարարության 231 անդամ, նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի 250 կողմնակից և 830 ալավի (շիայականության ուղղություն) խաղաղ բնակիչ է սպանվել, հիմնական գործողություններն ընթանում են Լաթաքիայում։
Ալավիների հանդեպ աննախադեպ բռնությունները իշխանությունները արդարացրել են այսպես. «Ալավիական աղանդավորների մեծամասնությունը սկսել է հակամարտություն և լարվածություն»:
Համացանցում տարածվել են խաղաղ բնակիչների սպանությունների, գլխատումների բազմաթիվ տեսանյութեր, հատկանշական է, որ սպանությունների կազմակերպիչները սկսել են թիրախավորել նաև քրիստոնյաներին:
Արդեն իսկ հայտնի է երկու հայի սպանության մասին՝ նրանք հայր ու որդի են՝ Անթուան և Ֆատի Պութրոսները, զոհվել են կրակոցներից: Թե ինչ հանգանքներում են զոհվել մեր հայրենակիցները Վ.Մ-ն դժվարացավ նշել:
«Աշխարհը չի՞ տեսնում ինչ է կատարվում, զարմանալի է, որ մեր աչքի առաջ մարդիկ են մորթվում, գլխատվում, նկարում են, տարածում: Կանխել է պետք, եթե հիմա չկանխեցին վտանգը գալու է քրիստոնյաներին, հայերին: Այսօր եթե միայն ալավիների գլխին է եկել, հեռու չի օրը, որ բոլորին էլ կհասնեն, դա իրենց արած հայտարարությունների հիման վրա եմ ասում: Մեծ պետությունները հիմա պաշտպանում են իշխանություններին, դրանց մեջքին Թուրքիան է, Թուրքիան է օգնում, իրենց բանակն այնտեղ է, չե՞ն տեսնում՝ ինչ է կատարվում»,- ասում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ ստացվում է, որ գործողությունները վերաճում են կրոնական պայքարի՝ փորձելով երկիրը մաքրել քրիստոնյաներից:
«Մի նախագահ բերեցին, որ ինքն արդեն ահաբեկիչ է, դեռ մի քանի ամիս առաջ նրա գլխի համար 10 միլիոն դոլար էին սահմանել, հիմա ի՞նչ փոխվեց»,- մտահոգվում է Վ.Մ-ն ու նկատում, որ Սիրիան դարձել է ռուսական, թուրքական, ամերիկյան, իսրայելական շահերի թատերաբեմ.«Այդտեղ էլ ո՞նց է խաղաղություն հնարավոր, եթե այդքան մարդ է լցված այնտեղ և նրանց աչքի առաջ նման բաներ է կատարվում և ոչ մեկը չի կանխում»:
Վ.Մ-ն հայտնեց, որ Սիրիայում հայկական համայնքն ամբողջությամբ վտանգի տակ է.«Վտանգը ոչ միայն Լաթաքիային է վերաբերում, ալ նաև Հալեպին, Դամասկոսին, նրանք որ մի անգամ շարժվեցին(նկատի ունի տեղի իշխանությանը) շարունակելու են, չեն կանգնելու, եթե որևէ լուծում աշխարհում չգտնվի: Հայերն էլ չգիտեն ինչ անեն, ինչ է կատարվում, բոլորն էլ վախենում են, եթե ծովային շրջաններում են հիմա բռնություններ, հետո կարող են հասնել Հալեպ, իսկ հայերի մեծամասնությունն այնտեղ է ապրում»:
«Բոլորն էլ վտանգի տակ են, սպասողական վիճակում են, չգիտեն ինչ անեն, ոնց անեն»:
Մեր զրուցակիցը նշեց, որ հայկական դպրոցները և եկեղեցիները թեև գործում են, բայց վախի մթնոլորտում, որովհետև ցանկացած պահի իրավիճակը կարող է սրանալ:
Նա չի բացառում, որ եթե իրավիճակը շարունակվի այսչափ լարված մնալ կլինեն սիրիահայեր, ովքեր կցանկանան վերադառնալ Հայաստան.«Բայց մարդիկ էլ կան, որ ի վիճակի չեն դուրս գալ: Ընդհանուր առմամբ, ապահովություն չկա, կայուն չի , անորոշ վիճակ է, գողությունն ահավոր տարածված է, կորսված վիճակ է»: