Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մեզ թվում էր, թե ինստիտուցիոնալ կարևոր հարց ենք լուծել, իրականում, ըստ էության, այդպես էլ կար, բայց շատ արագ ի հայտ եկավ պրոբլեմ: Մեխանիզմը հետևյալն էր, որ տեղական ընկերությունները ապահովագրում են, ապահովագրական վճարներ են հավաքում տեղի տնտեսվարողներից և իրենք էլ իրենց ռիսկերի առումով օտարերկրյա որևէ կազմակերպությունից են ապահովագրություն գնում»,- կառավարության նիստի ընթացքում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գյուղատնտեսության ապահովագրությանը, որը մեկնարկել է 2020-ից:
«Ստացվեց այնպես, որ վերաապահովագրող ընկերությունը որոշակի ռիսկեր էր տեսնում կամ իր ծախսերի պլանավորած հատվածից չափից ավելի մեծ ծախսեր էր իրականացրել, այդ թվում ենթադրում ենք որոշ անկանոնությունների պատճառով: Գյուղացիների հետ շփումներից ինձ համար շատ տարօրինակ փաստեր ի հայտ եկան, որ իմ մտքով չէր էլ անցնի. չարաշահումներ չասեմ, բայց ինչ-որ բանաձևեր են գտնվում, որի արդյունքում մեխանիզմ է ձևավորվել, որ ոչ թե հողը մշակել բերք ստանալն է նպատակը, այլ հողը ապահովագրել, ապահովագրական վճար ստանալն է նպատակը»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա այս հարցում էլ խնդիրները գաղափարախոսական են, և երբ գործիքը ստեղծվում է, պետք է ջանք գործադրել, որ քաղաքացիները հասկանան, որ այն իրենց համար է.«Բարի նպատակներով բարեփոխումներ ենք անում ու ստիպված ենք լինում հետ պտտել այդ բարեփոխումը՝ առնվազն այն պատճառով, որ ստացվում է միտումներ կան, որ այդ բարեփոխումը ոչ թե օգտագործվում է զարգանալու համար, այլ այս պահին ինչ-որ փոքր և կարճաժամկետ օգուտ ստանալու համար»: