Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Գույքահարկի գումարը, որը պետք է հավաքվի գնա համայնք, մենք ուղղորդում ենք, որ համայնքն իր բարեկեցության վրա ծախսի»,- կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու առաջարկին:
Վարչապետը կարևորեց մասնակցային բյուջեի գաղափարը, երբ համայնքի բնակիչները կարող են որոշել, թե հավաքագրված գույքահարկի գումարը՝ որ ուղղությամբ պետք է ծախսվի.«Խոսել այս համակարգի դեմ նշանակում է ասել, որ մեր գյուղերը պետք է շարունակեն մնալ ցեխի մեջ, եթե չունես կեսմետրանոց ռեզինի «սապոգներ» նշանակում է դու պետք է գյուղում չկարողանաս տնից դուրս գալ, մեր օրենքի նախագիծն այն մասին է, որ մենք այս գյուղերը ցեխի միջից պետք է հանենք և հանում ենք: ՀՀ տասնյակ գյուղեր սալիկապատվում են, այնտեղ իրենց մի քանի հարյուրամյա, նույնիսկ՝ հազարամյա գոյության ընթացքում ոչ մի բարեկարգված ճանապարհ չի եղել: Սա քաղաքական ընտրության հարց է, հիմա մոդա է՝ ասում են պարգևավճարներ, ծառայողական, ճոխ ավտոմեքենաներ, այս գումարից ոչ մի բան այդ նպատակների համար չի ծախսվում»:
«30 տարի խոսում ենք, որ ՏԻՄ ինստիտուտը պետք է ուժեղացնել, ո՞նց են ուժեղացանում՝ կենացո՞վ, սենց են ուժեղացնում: Նախագծի հեղինակներին ձեռք է տալիս , որ համայնքը չունենա այդ հնարավորությունը , որ երկար «ջպերով» մարդիկ գան, ասեն՝ ի՞նչ ա պետք ստեղ, մի հատ գրավիլ բերեք լցրեք, ու գյուղացիները զարմանան ասեն՝ վայ հրաշք է , երկրային մանանա է, քերած ասֆալտ եկավ, պետք է երկրպագել էդ հաստ վզերով և մեծ գլուխներով մարդկանց, որ կարողացան երկնքից Մովսեսի նման մանանայի փոխարեն գրավիլ իջեցնել և մեր փոսերը լցնել, որի գոյությունը մինչև հաջորդ անձրևն է »,- ասաց վարչապետն ու ընդգծեց, որ երկնքից այլևս ոչ մի բան չի թափվելու, «թափվելու է» պետական և տեղական բյուջեներից: