Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2024 թվականի ընթացքում մեր կենտրոնում դետոքսիֆիկացիոն բուժում է ստացել 206 թմրամիջոց գոծածող պացիենտ։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ օփիոիդային կախվածությամբ պայմանավորված փոխարինող բուժում ստացող պացիենտների թիվը կազմել է 611: Վերջին տարիներին ինչպես ամբողջ աշխարհում, նաև մեր տարծաշրջանում դիտվում է սինթետիկ եղանակով ստեղծվող թմրամիջոցների տարածվածության աճ, Հայաստանն էլ չի կարող ամբողջ աշխարհից ու տարածաշրջանից անմասն մնալ»,-Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կախվածությունների ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը:
Նազինյանի խոսքով՝ չնայած ՀՀ-ում թմրամիջոցների տարածվածության որոշակի աճին, մեր երկրում թմրամիջոցների հետ կապված իրավիճակն ավելի վերահսկելի է, քան մեր հարևան երկրներում: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենը նշեց, որ իրենց կենտրոնում տարեցտարի ավելանում են թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց թիվը. «Դա պայմանավորված է երկու շատ կարևոր հանգամանքով. առաջինը՝ թմրամիջոցների գործածման տարածվածության աճն է, երկրորդը՝ կենտրոնում վերջին հինգ տարիների ընթացքում իրականացված աննախադեպ բարեփոխումներն են: Նախորդող տարիների համեմատ, հիմա աճ կա: 2023 թվականի դրությամբ դետոքսիֆիկացիոն բուժում ստացողների թիվը 11-ով ավել է եղել, իսկ փոխարինող բուժում ստացողների թիվը 2024 թվականին ավելացել է 51-ով»:
Նազինյանը շեշտեց, որ իրենց կենտրոնում իրականացվում է դետոքսիֆիկացիոն և փոխարինող բուժում. «Փոխարինող բուժումն իրենից ներկայացնում է պահպանողական բուժում՝ առանց ժամանակային սահմանափակումների, փոխարինող բուժման ժամանակ նշանակվում է դեղամիջոց, որն իրենից թմրամիջոց է ներկայացնում, բայց նշանակվում է բժշկի հսկողությամբ, որի տրամադրման ընթացքում պացիենտի մոտ բացակայում է օփիոիդային թմրամիջոցների նկատմամբ հիվանդագին հակումը, պացիենտը զերծ է մնում այլ թմրամիջոցներից, ինչ արդյունքում կարգավորվում է պացիենտի կենսակերպը, նվազում կամ վերանում է հանցավոր ակտիվությունը, էականորեն նվազում է արյան միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների (ՄԻԱՎ, հեպատիտներ) տարածման հավանականությունը: Բուժական դեղաչափով կիառման ժամանակ պացիենտի մոտ ինչ-որ էյֆորիկ վիճակ չի առաջանում, նա հարաբերականորեն սթափ վիճակում է: Ինչ վերաբերում է դետոքսիֆիկացիոն բուժմանը, ապա այն իրականացվում է բոլոր խմբերի հոգեներգործուն նյութերից կախվածությունների դեպքում: Այս բուժման էությունը նրանում է, որ մարդն անմիջապես դադարեցնում է թմրամիջոցի գործածումը, ընդունվում է կենտրոն բուժման, բազմաթիվ հետազոտություններ է անցնում, այդ ամբողջ ժամանակահատվածում մենք նաև բուժում ենք պացիենտի մոտ առկա բարդությունները և ուղեկցող հիվանդությունները: Բուժման գործընթացն իրականացվում է դեղամիջոցների միջոցով, բայց մեր կենտրոնում գործում է նաև սոցիալ-հոգեբանական ծառայություն և բոլոր պացինետներին տրամադրվում է նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն»:
Սուրեն Նազինյանն ընդգծեց, որ դիմողների գերակշիռ մեծամասնությունն արական սեռի ներկայացուցիչներ են, փոխարինող բուժում ստացող 611 պացիենտից 10-ն են կանայք։
Անդրադառնալով անչափահասների շրջանում թմրամիջոցների տարածվածության խնդրին՝ մեր զրուցակիցը նշեց. «Անչափահասների շրջանում թմրամիջոցների տարածվածության վերաբերյալ երբեմն հատկապես ոչ մասնագետների կողմից ինչ-որ ուռճացված թվեր են ներկայացվում կամ ուռճացված իրավիճակ: Իհարկե, մտահոգիչ է, որ թմրամիջոցներն անչափահասներին հասանելի են դարձել, մեր կենտրոնում թմրամիջոց գործածող հաշվառված անչափահասների թիվն այս պահին 7-ն է, բոլորը տղաներ են, 18 տարեկան հաշվառված է 13 անձ: Այս պահին բուժվող անչափահաս չունենք: Մտահոգիչ է, որ նույնիսկ մեկ անչափահասի է թմրամիջոցը հասանելի դառնում: 10-15 տարի առաջ թմրամիջոց գործածող անչափահաս չէիր տեսնի»:
Սուրեն Նազինյանը շեշտեց, որ այստեղ ամենակարևորը ծնողի դերն է. «Ընդհանուր առմամբ, չենք կարող ասել, որ ծնողների մոտ այդ գիտակցումը կա, որ դիմեն մեզ, բայց իհարկե, դեռահասներին օգնություն ցուցաբերելու ժամանակ անպայման ծնողի ներկայությունը պարտադիր է: 2023 թվականից սկսած ՆԳՆ մեր գործընկերների կողմից մշակվել է 2025-27 թվականների թմրամիջոցների դեմ պայքարի ազգային նոր ռազմավարությունը, որտեղ կան դրույթներ նախատեսված թե՛ ծնողների շրջանում, թե՛ դպրոցներում ուսուցիչների միջոցով թմրամիջոցների վերաբերյալ դեռհասների իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ: Անչափահասներին ուղղակի համոզում են օգտագործել՝ տարբեր նպատակներով: Շատ տարածված են այն դեպքերը, երբ հակում են թմրամիջոց գործածելու՝ նպատակ ունենալով տվյալ մարդկանց մոտ կախվածություն առաջացնել՝ հետագայում տվյալ անձի ֆինանսական հնարավորություններից օգտվելու համար»:
Խոսելով թմրամիջոցների տարածման ուղիներից՝ Նազինյանը նշեց. «Վերջին տարիների ընթացքում թմրամիջոցներն առավելապես տարածվում են ինտերներտային հավելվածների միջոցով: Սա էլ իր դերը կատարում է, որ թմարմիջոցներն անչափահասներին հասանելի են դառնում: Բուն տարածողին նույնականացնելը մեր իրավապահ մարմինների համար իրենից որոշակի դժվարություն ներկայացնում է: Սակայն վերջին շրջանում մեր իրավապահների ջանքերով սոցիալական ցանցերի և ինտերնետային հավելվածների միջոցով թմրամիջոցների բազմաթիվ տարածողներ են բացահայտվել»:
Սուրեն Նազինյանի խոսքով՝ լինում են նաև դեպքեր, երբ հիվանդությունը կրկնվում է և բուժված պացիենտները վերսկսում են թմրամիջոցների գործածումը. «Մենք պետք է հիշենք, որ կախվածություններն իրենց բնույթով քրոնիկ հիվանդություններ են, իհարկե, սրացման հավանականություն կա: Բուժման տևողությունն էլ շատ անհատական է, դա պայմանավորված է պացիենտի օրգանիզմի վիճակով, պացիենտի թմրամիջոց գործածելու տևողությամբ: Եթե մարդը 10 կամ 20 տարի թմրամիջոց է գործածել, իր դեպքում բուժման տևողությունն ավելի երկար է լինելու, քան այն պացիենտի դեպքում, որն ընդամենը մի քանի ամիս է գործածում»:
Մեր զրուցակիցը նաև շեշտեց, որ թմրամիջոց տարածողը մի օր սկսում է նաև գործածել. «Թմրամիջոցների գործածումից հնարավոր են գերդոզավորումներ, երբ մարդը սկսում է թմրամիջոց գործածել, անգամ մեկանգամյա գործածման դեպքում մահվան ելքով գերդոզավորման հավանականությունը խիստ մեծ է: Մենք պետք է բոլորին հորդորենք, առհասարակ նույնիսկ մեկ անգամ չփորձել: Թմրամիջոցների դեպքում մեկ փորձը կարող է փորձանքի բերել»: