Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, այն ՀՀ-ում ընկալվում է որպես տարածքային նկրտում․ Նիկոլ Փաշինյան Zarkerak - Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, այն ՀՀ-ում ընկալվում է որպես տարածքային նկրտում․ Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, այն ՀՀ-ում ընկալվում է որպես տարածքային նկրտում․ Նիկոլ Փաշինյան
Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, այն ՀՀ-ում ընկալվում է որպես տարածքային նկրտում․ Նիկոլ Փաշինյան

Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, այն ՀՀ-ում ընկալվում է որպես տարածքային նկրտում․ Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ղարաբաղի պատերազմից հետո համաձայնագրերում Ադրբեջանի և Նախիջևանի միջև ինչ-որ միջանցքից է խոսվում, Թուրքիան այս միջանցքի շուրջ իր դիրքորոշումը, ձևակերպումը դեռ շարունակում է, Թուրքիան էլ դա անվանում է որպես «Զանգեզուրի միջանցք»։ Ձեր դիրքորոշումն այս միջանցքի հետ կապված: Այստեղ էլ բոլորս տեսանք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, արդյոք դա այլընտրանք է այդ «Զանգեզուրի միջանցքին», թե՞ ընդհանուր տարածաշրջանային Ձեր մոտեցումն է արտացոլում»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարց է ուղղել թուրք լրագրողներից մեկը:

Վարչապետը պատասխանել է․

«Գիտեք, նախ մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որովհետև նախ Հայաստանի Հանրապետությունն այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի, և այն փաստով, որ նման արտահայտություն է օգտագործվում, Հայաստանի Հանրապետությունում դա ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Ես առիթ ունեցել եմ և բոլորովին վերջերս հոդված հրապարակեցի այդ թեմայով, որի հիմնական իմաստն այն էր, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից ենք, և թույլ տվեք ասել, որ առաջին հերթին մենք ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից, որովհետև իրականում մենք ենք, որ շրջափակման մեջ ենք։ Ոչ մի ուրիշ երկիր տարածաշրջանում շրջափակման մեջ չէ։ Մենք 4 սահման ունենք, որից երկուսն ամբողջությամբ փակ է։ Եվ այս փաստն ինքնին ցույց է տալիս, թե ինչքանով մենք պետք է և ենք շահագրգռված տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ։

Շատ հղում է արվում, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, բայց ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում միջանցք արտահայտություն ընդհանրապես չկա։ Ես հասկանում եմ, որ միջանցք բառն այլ տարածաշրջաններում և միջազգային խոսույթում այլ կերպ է օգտագործվում, բայց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համատեքստում այնտեղ կա մի նրբություն, այնտեղ կա Լաչինի միջանցք արտահայտություն, որն այս համատեքստում որոշակիորեն, այսինքն՝ դա գրված և ստորագրված է, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում միջանցք արտահայտություն ընդհանրապես գոյություն չունի:

Եվ ավելին, շատ է խոսվում այն մասին, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա դրույթ, որ Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տեղափոխման անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ երկրների ներկայացուցիչներ և ուժեր. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան ընդհանրապես չկա: Ավելին՝ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է բեռների, տրանսպորտային միջոցների, ուղևորների երթևեկությունը, անցուդարձը: Ինչպե՞ս կարող է Հայաստանի Հանրապետությունն երաշխավորել անվտանգությունը, եթե ինքը չի ապահովելու անվտանգությունը։

Բայց նաև ուզում եմ եռակողմ հայտարարության հետ կապված հետևյալ դիտարկումն անել, որ եռակողմ հայտարարությանը չի կարելի վերաբերվել հատվածական։ Օրինակ, եռակողմ հայտարարության մեջ նշվում է ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց փոխանակման և վերադարձի մասին, բայց մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ: Ավելին՝ ավելի սրվում է Բաքվում տեղի ունեցող դատավարությունների բերումով, մեր գնահատմամբ՝ դրանք բեմականացված դատավարություններ են, որտեղ կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ, մեր ունեցած տվյալներով՝ այլ արգելված միջոցներ և այլն։ Եռակողմ հայտարարության մեջ գրված է Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանը շարունակաբար պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Եռակողմ հայտարարության մեջ խոսվում է փախստականների վերադարձի մասին Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, բայց եռակողմ հայտարարությունից հետո, ընդհակառակը՝ փախստականների թիվը մեծացել է, և տեղի է ունեցել բռնի տեղահանում և այլն: Ես նկատի ունեմ, դա լավ մոտեցում չէ՝ եռակողմ հայտարարության դրույթներին վերաբերվել հատվածական. տեղ-տեղ ասել՝ այն այլևս ուժ չունի, ուրիշ տեղերում ասել՝ այն ուժ ունի, ընդ որում՝ վերագրելով նրան դրույթներ, որոնք իրականում գոյություն չունեն: Ի վերջո, դա հրապարակային փաստաթուղթ է։

14 Մարտ, 2025 00:32
Վեր