Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ադրբեջանի համար դա որևէ նշանակություն չի ունենա: Ձևավորվող նոր աշխարհակարգում, երբ ինստիտուտներն իրենց գլոբալ նշանակությունները կորցնում են, Ադրբեջանը դիրքավորվում է ավտորիտար պետությունների ակումբում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Եվրախորհրդարանի ընդունած այն բանաձևին, որով Բաքվից պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ գերիներին՝ ասաց իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը:
Խալաթյանի խոսքով՝ Ադրբեջանը հերթով փակում է օտարերկրյա ազդեցիկ պետությունների՝ հատկապես ժողովրդավարական պետությունների փափուկ ուժի պրոյեկցիան իրականացնող կառույցները, անգամ բանը հասել է Կարմիր խաչի գրասենյակի փակմանը. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը գիտակցաբար խզում է իր կապերը ժողովրդավարական աշխարհը ներկայացնող կառույցների հետ, հետևաբար Եվրախորհրդարանի բանաձևն Ադրբեջանի վրա որևէ գործնական ազդեցություն չի ունենալու: Ադրբեջանի վրա կարող են ազդել մի շարք պետություններ, սակայն այս պարագայում նրանց մի մասը շահագրգռված չեն դա անել, մյուս մասի մոտ էլ օրակարգային առաջնահերթությունները տարբեր են։
Ադրբեջանի դիրքորոշման վրա կարող են նախ և առաջ ազդել Ռուսաստանն ու Թուրքիան, ինչը հասկանալի պատճառներով նրանցից ակնկալել պետք չէ, որովհետև այս երկու պետություններն այս կամ այն չափով մեղսակից են Արցախում տեղի ունեցածին՝ այդ թվում նաև գերեվարությունների համար: Չմոռանանք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության, Ռուբեն Վարդանյանի պատանդառումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ և կարելի է ասել՝ թողտվությամբ, հետևաբար բարոյական մակարդակում Ռուսաստանը մեծ պարտավորվածություն ունի հասնել նրանց ազատ արձակմանը: Բնական է, որ ՌԴ-ն դա չի անի, որովհետև իր ռազմավարական շահերը պահանջում են Ադրբեջանի հետ լինել հնարավորինս լոյալ: Նույնը կարող ենք Թուրքիայի մասով ասել, իսկ ԱՄՆ-ն, որը երրորդ ամենաազդեցիկ պետությունն է Ադրբեջանի վրա ազդեցութուն բանեցնելու առումով, կարծում եմ՝ այս պահին ևս ունի ավելի լուրջ առաջնահերթություններ՝ Ուկրաինա, Մերձավոր Արևելք և այդտեղ էլ թերևս բանը Ադրբեջանում պահվող հայ գերիներին չի հասնի»:
Արտաշես Խալաթյանն ընդգծեց, որ իրավական միջոցները շատ կարևոր են անգամ այսօրվա աշխարհաքաղաքական անորոշության պայմաններում, այլ հարց է, որ այսօր գետնի վրա դրանք ազդեցություն չեն ունենում, բայց հանրագումարում դրանք վաղ թե ուշ իրենց ազդեցությունն ունենալու են. «Ադրբեջանի վարքագիծը կարող է դառնալ բավականին դեստրուկտիվ և աշխարհի հզորների շահերին հակոտնյա: Ադրբեջանն աշխարհաքաղաքական հարցերում սխալ հաշվարկնր կատարելու և սայթաքելու պարագայում առերեսվելու է նաև այն բոլոր հանցագործությունների համար միջազգային պատասխանատվությանը, որոնք նա գործել է և գործում է Արցախի և Հայաստանի նկատմամբ: Իրավական միջոցները՝ այդ թվում Եվրախորհրդարանի բանաձևը, հույժ կարևոր են իքս պահին բանեցնելու տրամաբանության մեջ»:
Անդրադառնալով հայ հանրության մի մասի և ընդդիմության այն պնդումներին, որ ՀՀ իշխանությունը մեծ ջանքեր չի գործադրում գերիների հետվերադարձի հետ կապված՝ իրավագետն ասաց. «Դա քաղաքական մանիպուլյացիա է, ՀՀ Կառավարությունն այսօր սահամանափակ գործիքակազմ ունի ներազդելու պրոցեսների վրա և դա հիմնականում տեղավորվում է միջազգային դիվանագիտության շրջանակներում, ինչը ՀՀ Կառավարությունը հաջողությամբ անում է: Ակնհայտ է, որ Եվրախորհրդարանի բանաձևը նաև Հայաստանի իշխանությունների դիվանագիտության արդյունքն է: Կառավարությունն անում է այն ամենը, ինչ հնարավոր է: Ցանկացած երկրի պրակտիկայում երկրի պետական շահը երբեք չի կարող ստորադասվել անգամ իր որոշ հայրենակիցների կյանքին և առողջությանը»:
Խոսելով նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հազադուլի դադարեցման մասին՝ Խալաթյանը նշեց. «Հացադուլի նպատակը միջազգային հանրության ուշադրությունն այդ դատավարության վրա սևեռելն էր: Կառավարության կողմից ձեռնարկված քայլերի հետ ընդհանուր խճանկարում սա որոշակի ազդեցություն ունեցել է, դա կարող էր նպաստել Ադրբեջանի վրա ընդհանուր ճնշումների ավելացմանը»։
Իսկ այն հարցին, թե ինչու է Վարդանյանին հաճախ հնարավորություն ընձեռնվում ուղերձներ հղել՝ Արտաշես Խալաթյանն ընդգծեց. «Գուցե միջազգային հանրության ուշադրության ավելացումը խնդրի վրա Ադրբեջանին ստիպում է որոշ ցուցադրական քայլերի գնալ՝ հնարավոր մեղադրանքներից խուսափելու համար, որովհետև խոսքն իրոք պահվող անձանց պահման վատ պայմանների մասին է, սա Ադրբեջանի կողմից ցուցադրական ժեստ է իբրև թե ինքը որևէ հակաօրինական բան չի անում, թեպետ ակնհայտ է, որ բոլոր հնարավոր կոնվենցիաները խախտում է»: