Խաղաղության պայմանագրի կնքումը ռիսկերի նվազեցման գործոն է և պետք չէ ակնկալել, որ դառնալու է երաշխիք. Ռոբերտ Ղևոնդյանը՝ Բաքվի հայտարարությունների և ՀՀ-ի դիրքորոշման մասին Zarkerak - Խաղաղության պայմանագրի կնքումը ռիսկերի նվազեցման գործոն է և պետք չէ ակնկալել, որ դառնալու է երաշխիք. Ռոբերտ Ղևոնդյանը՝ Բաքվի հայտարարությունների և ՀՀ-ի դիրքորոշման մասին
Zarkerak Zarkerak - Խաղաղության պայմանագրի կնքումը ռիսկերի նվազեցման գործոն է և պետք չէ ակնկալել, որ դառնալու է երաշխիք. Ռոբերտ Ղևոնդյանը՝ Բաքվի հայտարարությունների և ՀՀ-ի դիրքորոշման մասին
Խաղաղության պայմանագրի կնքումը ռիսկերի նվազեցման գործոն է և պետք չէ ակնկալել, որ դառնալու է երաշխիք. Ռոբերտ Ղևոնդյանը՝ Բաքվի հայտարարությունների և ՀՀ-ի դիրքորոշման մասին

Խաղաղության պայմանագրի կնքումը ռիսկերի նվազեցման գործոն է և պետք չէ ակնկալել, որ դառնալու է երաշխիք. Ռոբերտ Ղևոնդյանը՝ Բաքվի հայտարարությունների և ՀՀ-ի դիրքորոշման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Սա իհարկե, կարելի է առաջընթաց համարել, սակայն Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում, հին նախապայմաններից չի հրաժարվում՝ խոսքը Սահմանադրության փոփոխության և ԵԱՀԿ Մինսկի խումբը մինչև պայմանագրի ստորագրումը լուծարելու հարցերի մասին է, թեև Հայաստանն այս հարցերում իր դիրքորոշումն արտահայտել է: Հնարավոր է նաև, որ համաձայնագիրը ստորագրվի, քանի որ միևնույնն է դա չի նշանակելու, որ մյուս հարցերը փակվում են, այնպես որ Ադրբեջանը կարող է ստորագրել այդ համաձայնագիրը և հետագայում շարունակել այլ հարցերի շուրջ Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Անդրադառնալով այն պնդումներին, որ վերջին երկու կետերին համաձայնելով ՀՀ-ն գնացել է միակողմանի զիջումների՝ քաղաքագետն ասաց. «Ես չէի ասի, թե սրանք միակողմանի զիջումներ են՝ կապված առաջին հերթին երրորդ երկրների ուժերի տեղակայման հարցի հետ: Սկզբում զինված ուժեր տարբերակի շուրջ է քննարկում եղել, հիմա այդ տարբերակն այլևս չկա, բայց ուժեր ասվածը ևս բազմաթիվ մեկնաբանություններ կարող է ունենալ, այնպես որ այս հարցում ենթադրում եմ, որ ՀՀ իշխանություններն ունեն իրենց պատկերացումները և այս տեսքով համաձայնագիրը ստորագրելուց հետո մենք այդ պատկերացումները կիմանանք և կհասկանանք, թե որ մասում է Հայաստանը զիջում արել, որ մասում զիջում չի արել: Ինչ վերաբերում է հայցերը հետ քաշելուն, ապա այստեղ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը մենք վաղուց գիտեինք, ՀՀ վարչապետն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ՀՀ-ն համաձայն է հայցերի հետքաշմանը, ուղղակի այդտեղ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Ենթադրում եմ, որ այդ խնդիրները հիմնականում կապված են Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ, որոնց հարցում գուցե կարիք լիներ օրինակ՝ հայցով դիմել միջազգային դատարան: Կարող է պատահել, որ գերիների հարցում էլ կա ինչ-որ համաձայնություն, եթե այդպես չէ, ապա ՀՀ իշխանությունները գուցե շտապել են այս հարցում համաձայնություն հայտնել»:

Խոսելով նաև «միջանցքի» հետ կապված շահարկումների մասին՝ Ռոբերտ Ղևոնդյանն ընդգծեց. «Փաշինյանն ասում է՝ ճանապարհ տալու ենք և տալու ենք այն տրամաբանությամբ, որը մենք առաջարկում ենք, իսկ տրամաբանությունն այն է, որ Հայաստանի իրավազորությունը երբևէ քննարկման առարկա լինել չի կարող, սա նորմալ է: Այլ հարց է, որ Ադրբեջանը որոշակի մեղմացումներ է պահանջում, սակայն այս դեպքում էլ պետք է գործի փոխադարձության սկզբունքը: Կարծես թե Ադրբեջանը չի շտապում այս հարցում համաձայնություններ ձեռք բերել, հավանաբար Բաքվում ենթադրում են, որ գուցե ժամանակն իրենց օգտին աշխատի և որոշ ժամանակ անց ավելի լավ պայմաններով կկարողանան ստանալ այդ ճանապարհը: Հուսանք, որ ՀՀ իշխանությունները հաշվի են առել այս մարտահրավերը և լծակներ ունեն, որպեսզի թույլ չտան նման զարգացումներ»:

Ըստ Ղևոնդյանի՝ «միջանցքի» թեմայով ՀՀ իշխանություններին քննադատողների երկու շերտ կա և նրանց շարժառիթները տարբեր են. «Առաջին շերտն այն մարդիկ են, ովքեր անհանգստացած են, որ Ադրբեջանը հնարավոր է նման «միջանցք» ստանա կա՛մ ռուսական վերահսկողությամբ, կա՛մ ադրբեջանա-թուրքական վերահսկողությամբ, այսինքն՝ ՀՀ իրավազորությունից դուրս և այդ պատճառով մեղադրում են իշխանություններին և փորձում են ազդել նրանց վրա, որպեսզի նման զարգացում տեղի չունենա: Երկրորդ շերտի մարդիկ շահագրգռված են, որպեսզի նման «միջանցք» գոյություն ունենա, որպեսզի այնտեղ ռուսական վերահսկողություն լինի, հավանաբար, որովհետև այդպիսով նրանք պատկերացնում են, որ ռուսական ազդեցությունը Հայաստանում ավելի մեծ կլինի, և նրանք կկարողանան իշխանության ավելի մեծ հատվածին հասանելիություն ունենալ: ՀՀ ինքնիշխանության հաշվին սեփական նեղ ծրագրերն ու շահերն իրացնելու մտադրություններ ունեցողներն ընդհանրապես քաղաքական դաշտում անելիք պետք է չունենան»:

Մեր այն հարցին, թե արդյոք այն կարող է Ադրբեջանի կողմից առաջ քաշվել որպես խաղաղության պայմանագրի կնքման նախապայման՝ մեր զրուցակիցը նշեց. «Ենթակառուցվածքների հետ կապված այս թեման չեն կարող որպես նախապայման առաջ քաշել, որովհետև այս կետը եղել է խաղաղության պամանագրի նախնական տեքստում և դուրս է բերվել այն պատճառով, որ այդ հարցում համաձայնության հասնելը բավականին բարդ է: Դա բերել ու նախապայման դարձնել՝ նշանակում է նորից բերել խաղաղության պայմանագիր, ինչը տրամաբանությունից դուրս է»:

Խոսելով նաև Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ վերջին հայտարարության մասին՝ Ղևոնդյանը նշեց. «Թուրքիայի տրանսպորտի նախարարն արդեն բավական ժամանակ է, որ չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, նա ճանապարհ բառն է օգտագործում, դա կապված է նրա հետ, որ ՀՀ գործընկերների հետ հանդիպումների ժամանակ նա հասկացել է, որ «միջանցք» բառը որոշակիորեն խնդիրներ է ստեղծում հաղորդակցության առումով:  Զանգեզուրի ճանապարհն օգտագործելը բխում է  ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև Հայաստանի շահերից»:

Հարցին, թե արդյոք պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանից կարելի է սպասել խաղաղության՝ Ռոբերտ Ղևոնդանը նշեց. «Միջազգային հարաբերություններում որևէ մեկը որևէ մեկի վարքագծի  վերաբերյալ համոզված լինել չի կարող: Միջազգային հարաբերությունները հենց դրանով են յուրօրինակ, որ նույնիսկ վստահության բացակայության պայմաններում երկրները կարող են միմյանց միջև որոշակի հարաբերություններ ձևավորել, փորձել այդ վստահությունը քայլ առ քայլ ամրապնդել: Խաղաղության պայմանագրի կնքումն ընդամենը ռիսկերի նվազեցման գործոն է և երբևէ պետք չէ ակնկալել, որ դա դառնալու է երաշխիք»:  

Այս ամենի համատեքստում խոսելով նաև երեկ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունների և ՀՀ ՊՆ-ի դրանք հերքելու մասին՝ Ղևոնդյանն ընդգծեց. «Այո, Ադրբեջանն էսկալացիաներից առաջ համարյա միշտ նման հայտարարություններով է հանդես եկել և փորձել է միջազգային հանրությանը հետագայում ադարացնել իր կողմից էսկալացիա նախաձեռնելու փաստը: Այստեղ կա երկրորդ շերտը, որ Ադրբեջանում շատ լավ են հասկանում Հայաստանի հասարակության անհանգստությունները և վախերն ու շատ լավ կարողանում են ազդեցություն գործել հայ հասարակության՝ թե՛ քաղաքական դիսկուրսի, թե՛ հասարակական փոխհարաբերությունների վրա և գուցե այս անգամ Ադրբեջանի միտումը եղել է Հայաստանի հասարակությունում նման անհանգստություններ ծնելը: Այս առումով ևս  հասարակության գիտակցության մակարդակը պետք է բարձրացնել»:

 

Աննա Բզնունի

17 Մարտ, 2025 16:10
Վեր