ԱՄՆ-ն այս պահին հակված է նոր պատերազմ թույլ չտալու,  Ալիևի համար դժվար կլինի Թրամփի ցանկություններին դեմ գնալ. Էդգար Առաքելյան Zarkerak - ԱՄՆ-ն այս պահին հակված է նոր պատերազմ թույլ չտալու, Ալիևի համար դժվար կլինի Թրամփի ցանկություններին դեմ գնալ. Էդգար Առաքելյան
Zarkerak Zarkerak - ԱՄՆ-ն այս պահին հակված է նոր պատերազմ թույլ չտալու, Ալիևի համար դժվար կլինի Թրամփի ցանկություններին դեմ գնալ. Էդգար Առաքելյան
ԱՄՆ-ն այս պահին հակված է նոր պատերազմ թույլ չտալու,  Ալիևի համար դժվար կլինի Թրամփի ցանկություններին դեմ գնալ. Էդգար Առաքելյան

ԱՄՆ-ն այս պահին հակված է նոր պատերազմ թույլ չտալու, Ալիևի համար դժվար կլինի Թրամփի ցանկություններին դեմ գնալ. Էդգար Առաքելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ստեղծված իրավիճակը կարելի է համարել սպասողական, քանի որ ինչ բանավոր համաձայնություններ կան, դրանք պետք է նաև տեխնիկապես համաձայնեցվեն, որի հետ կապված առաջիկայում պետք է հանդիպում տեղի ունենա»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված ընթացող բանակցություններին՝ ասաց քաղաքագետ Էդգար Առաքելյանը:

Խոսելով Թրամփ-Պուտին հեռախոսզրույցի ժամանակ ձեռք բերված այն պայմանավորվածության մասին, ըստ որի ՌԴ-ն 30 օրով դադարեցնում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ Առաքելյանը նշեց. «Պետք է փաստել, որ սա ավելի շատ Ռուսաստանին ձեռնտու գործարք է, քանի որ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում տեսնում ենք, որ ուկրաինական կողմն է ավելի շատ թիրախավորել ռուսական էներգետիկ հաստատությունները: Թրամփը նախընտրական ժամանակահատվածում հայտարարել էր, որ ձգտելու է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները, վերջ տալու ուկրաինական պատերազմին և մենք տեսնում ենք, որ, ըստ էության, նա ընթանում է այդ ճանապարհով:

Պուտինն  էլ ունի առնվազն երկու նպատակ. առաջին խնդիրը, որն ունի Ռուսաստանը՝ տնտեսական խնդիրներն են, որքան էլ ՌԴ իշխանությունները հայտարարում են, որ խնդիրները չնչին են, ակնհայտ է, որ ՌԴ-ն երկար չի կարող պատերազմը շարունակել և բնականաբար, Ռուսաստանի կողմից այդ շահագրգռվածությունը կա՝ ինչ-որ պահի պատերազմը դադարեցնել: Հաշվի առնելով նաև Թրամփի տրամադրվածությունը՝ Ռուսաստանը կարծում է, որ սա լավագույն շանսն է՝ պատերազմն ավարտելու: Բնական է, որ ՌԴ-ն ձգտելու է մաքսիմալ հասնել իր նպատակներին և բանակցությունների միջոցով փորձ է անելու նաև ոչ միայն ռազմի դաշտում, այլև Թրամփի հետ բանակցություններում որոշակի լրացուցիչ զիջումներ կորզել Ուկրաինայից»:

Առաքելյանի խոսքով՝ եթե հաստատվի 30-օրյա զինադադարը, այդ ընթացքում ավելի ինտենսիվ կլինեն բանակցությունները. «Ներկայումս դեռևս բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել: Կարծում եմ, որ այս ընթացքում դեռևս կշարունակեն փոխադարձ հարվածները, սակայն երբ պաշտոնապես և տեխնիկապես կհամաձայնեցվի զինադադարը, այդ պահից դժվար թե որևէ մեկը փորձի խախտել այն»:

Խոսելով նաև Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի մասին՝ քաղաքագետն ընդգծեց. «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի կողմից ավելի շատ ճնշումների է ենթարկվում Ուկրաինան: Սկանդալային հանդիպումից հետո մենք տեսանք, որ դադարեցվեց Ուկրաինային ռազմական, հետախուզական օգնությունը, որը հետագայում էլի վերականգնվեց՝ որոշակի համաձայնությունների գալու ժամանակահատվածում: Տակտիկական առումով ուկրաինական կողմը և նախագահը ձգտելու են ուղիղ ոչ չասել Թրամփին: Նման տակտիկա է որդեգրել նաև ռուսական կողմը, նրանք ասում են այո, բայց շարունակում են նաև իրենց պայմաններն ասել»:

Էդգար Առաքելյանը նաև նշեց, որ այն մեծ ցանկությունը, որն ունի Թրամփն այդ պատերազմն ավարտելու, հույս է տալիս ենթադրելու, որ այնուամենյանիվ որոշակի միջնաժամկետ հեռանկարում այդ կոնֆլիկտն իր տաք փուլից կանցնի սառը փուլ. «ԱՄՆ-ի մարտավարության նպատակը հենց դա է՝ փուլային ճանպարհով հասնել կոնֆլիկտի ամբողջական ավարտին: Բանակցությունները կարծում եմ, որոշակի ժամանակահատված կպահանջեն, դրանից հետո հնարավոր կլինի հասնել որոշակի խաղաղության, սակայն ԱՄՆ-ի ջանքերը պետք է բավականին լուրջ և մեծ լինեն»:

Այս ամենի համատեքստում անդրադառնալով նաև այն փաստին, թե ինչպես կարող է ստեղծված իրավիճակն ազդել նաև Հարավային Կովկասի՝ մասնավորապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա՝ Առաքելյանն ասաց. «Թրամփն ակնհայտ հայտարարել է, որ պետք է դադարեցնի աշխարհում բոլոր կոնֆլիկտները, հանդես է գալիս խաղաղարարի կերպարով և հայտարարել է, որ հույս ունի, որ պատմությունն իրեն կհիշի որպես խաղաղարարի: Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստի համատեքստում ԱՄՆ-ն երկու կարևոր հայտարարություն արեց:

ԱՄՆ պետքարտուղարը շեշտեց, որ պետք է վերցնել պատասխանատվություն, գնալ ու ստորագրել այդ փաստաթուղթը, նաև հետո տեսանք ԱՄՆ նախագահի խորհրդականի հայտարարությունն Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հեռախոսազրույցից հետո, որտեղ էլի շեշտեց հիմա խաղաղության փաստաթուղթը ստորագրելու մասին, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն այս պահին հակված է տարածաշրջանում նոր պատերազմ թույլ չտալու և օգտագործում է իր լծակները: Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ Ալիևի համար դժվար կլինի Թրամփի ցանկություններին դեմ գնալ, իսկ դրա հիմնական մեխը խաղաղությունն է: Այս պահի դրությամբ Ադրբեջանը չունի միջազգային լուրջ կոնսենսուս՝ տարածաշրջանում պատերազմ սանձազերծելու համար»:

 

Աննա Բզնունի

20 Մարտ, 2025 15:30
Վեր