Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քրիստոսի Հարությունն իրապես փոխել է աշխարհը, մարդ-Աստված հարաբերությունը, ինչպես գրված է Աստվածաշնչում՝ Տերն իր Հարությամբ մարդկային կյանքն է նորոգել և կյանք պարգևել։ Քրիստոսի Հարությունը մեզ հույս է տվել, որ կյանքը միայն այս աշխարհում չէ», - Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տեր Մխիթար քահանա Հարոյանը՝ անդրադառնալով Սուրբ Հարության տոնին և դրա խորհդին։
«Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։
Ապրիլի 20-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։
Տեր Մխիթարի խոսքով՝ այս շարժական տաղավար տոնը, թերևս, ամենասիրվածներից է քրիստոնյաների շրջանում․«Պիտի ասեմ, որ հաղորդակցությունը տոնի խորհրդին բավականին գոհացնող է՝ հատկապես վերջին տարիներին մարդիկ ավելի տեղեկացված են»։
Սուրբ Զատկին նախորդում է Պահքի շրջանը, Տեր Մխիթարը նկատեց, որ քրիստոնյաները սկսել են շատ ավելի խորապես ընկալել Պահքի խորհուրդը՝ ինչ-որ բան ուտել-չուտելու հարցից վեր․«Եկեղեցին ունի օրապահքեր, շաբաթապահքեր և Մեծ պահք, որը պահում ենք 40 օր գումարած 7 օր՝ վերջին Ավագը շաբաթը։ Պահքից դուրս ենք գալիս ըստ եկեղեցական կարգի՝ ապրիլի 19-ի ճրագալույցի պատարագով, երբ բացվում է խորանի վարագույրը, ընթերցվում է Դանիել մարգարեի թուղթը, պահքի մեջ գտնվողները մոտենում են, ստանում են հաղորդություն։ Կան մարդիկ, ովքեր սպասում են հաջորդ օրվան՝ բուն սուրբզատկական Հարության պատարագին՝ դրանից հետո դուրս գալու համար մեծ Պահքի շրջանից»։
Հայ եկեղեցու քահանան հորդորեց Պահք պահել խորապես գիտակցելով հոգևոր խորհուրդը, ոչ թե տոնն օգտագործել օրինակ նիհարելու կամ օրգանիզմը «բեռնաթափելու» համար․«Պահքը մեզ սովորեցնում է ապաշխարել, ներել, սիրել, հրաժարվել վատ սովորություններից․ կարևորը հոգու պահքն է, քան կերակրային՝ կերակուրը միանշանակ հոգևորից կարևոր չէ»։
![]()
Սուրբ Զատիկը հնարավոր չէ պատկերացնել առանց դրան բնորոշ ուտեստների, Տեր Մխիթարն ասաց, որ կերակուրների մեջ պետք չէ փնտրել աստվածաբանություն․«Ուղղակի մեր հայրերը Սուրբ Զատկին տոնին տվել են ինչ-որ խորհրդական նշանակություն, առանձնացրել են կերակուրներ։ Չամիչով բրնձով փլավը խորհրդանշում է աշխարհը, չամիչը՝ աշխարհը քաղցրացնող քրիստոնյաներն են, ձկան հետ կապված հիշատակություններ կան Աստվածաշնչում՝ ձկան մեջ կա խաչի՝ քրիստոնյաի նշանը, նաև գիտենք երկու ձկով 5 հազար հոգու կերակրելու պատմությունը։ Ձուն աշխարհի խորհուրդն ունի, իսկ կարմիր գույնը՝ մեր մեղքերի համար Քրիստոսի թափած արյան խորհուրդն ունի։ Նաև օգտագործում ենք գինի՝ որպես տոնական սեղանի շուրջ Քրիստոսի հարությամբ ուրախանալու սիմվոլ»։
«Երբեմն հարցնում են՝ կարո՞ղ ենք ձուն ուրիշ գույն ներկել, կարելի է, բայց կարմիրը խորհուրդ ունի»։
Սակայն քրիստոնեսկան այս տոնն ուղեկցվում է որոշ սնահավատություններով, որոնք ըստ մեր զրուցակցի մերժելի են․«Իհարկե ձուն ներկում ենք նաև այն դեպքում, երբ ընտանիքում կա ննջեցյալ, մենք ննջեցյալի հետ Զատիկը կապում ենք տխուր իմաստով, մոռանալով, որ Հարությամբ ննջեցյալները հավիտենական կյանքի շնորհ են ստացել։ Նույնը վերաբերում է դեպքերին, երբ ննջեցյալ ունենալով փլավի մեջ չամիչ չեն գցում, ինչը ևս սխալ է»։
«Նաև երբ ասում են՝ Զատիկը «կտրում է» ննջեցյալի քառասունքը, Զատիկը ոչինչ չի «կտրում», Զատիկը խորհրդավոր տոնակատարություն է, ուրախության տոն է»։
Տեր Մխիթարը հորդորեց տոնին չայցելել ննջեցյալներին, նաև այն պարագայում, եթե մահացել են ոչ վաղ, հավատարիմ մնալ Հարության խորհրդին, թեև նշեց, որ այդ առումով առավել գրագետ ենք դարձել․«Մեռելոցը տոնի հաջորդ օրն է, եկեղեցին մեզ հրահանգում է այցելել ննջեցյալներին, և Զատկի ուրախությունը հայտնել նրանց»։
«Մարդկանց մեջ մի կարծատիպ էլ կա, որ Սուրբ Ծնունդը Փոքր Զատիկն է, Հարության տոնը՝ Մեծ Զատիկը։ Կա միայն մեկ Զատիկ՝ Սուրբ Հարության տոնը, որը խորհուրդն էլ զատումն է մեղքից․ Քրիստոսը Հարություն առավ՝ աշխարհը մեղք է և նա աշխարհից կտրվեց»։
«Մաղթանքս այն է, որ այս դժվարին իրավիճակներում Սուրբ Հարության տոնի խորհրդով մենք միասնական լինենք՝ մեկ եկեղեցի, մեկ ազգ, մեկ հայրենիք։ Ամեն մարդու մեջ թող զարթնի հավատքը, ինչպես գարնանը զարթնում է բնությունը»,- ասաց Տեր Մխիթար քահանա Հարոյանը։




